Եվրոպական խորհրդարանի արտաքին կապերի հանձնաժողովը հաստատել է Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության հետ կապված հերթական զեկույցը, որում, ի տարբերություն նախկինի, Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման, հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտության հետ կապված որևէ ակնարկ կամ երկկողմանի հարաբերությունների բարելավմանն ուղղված մտահոգություն չկա, չկա նաև Թուրքիային ուղղված որևէ պահանջ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ։ Այս մասին բարձրաձայնել է ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանի նախորդ իշխանությունների ժամանակ Եվրոպական խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման անհրաժեշտությունը բարձրաձայնվում էր անգամ որպես նախապայման՝ ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության համար։
Այն, որ Փաշինյանի իշխանությունը Արցախյան պատերազմում տանուլ տալուց հետո հստակ որդեգրել է Հայոց Ցեղասպանության թեման Հայաստանի Հանրապետության միջազգային օրակարգից ընդհանրապես հանելու և սահմանադրական փոփոխությունների ճանապարհով պահանջատիրությունից հրաժարվելու քաղաքականություն, ՔՊ-ականներն էլ այլևս չեն թաքցնում՝ իշխանական ներկայացուցիչների տարբեր հայտարարությունների ու Եվրամիության կամ այլ միջազգային հարթակներում թեման շրջանցելու միջոցով։ Հիշեցնենք, որ արտգործնախարար Արարատ Միրզոյանը, Հայոց ցեղասպանության թեմային անդրադառնալով, ամեն անգամ հայտարարում է, որ Ցեղասպանությունն ուսումնասիրելը Արտգործնախարարության օրակարգը չէ, և որ Ցեղասպանության միջազգային ճանաչումը Հայաստանի թիվ մեկ առաջնահերթությունը չէ։ Ըստ նրա՝ այդ թեմայով պետք է ոչ թե քաղաքական կառույցները զբաղվեն, այլ պատմաբանները, մի բան, ինչի մասին նախկինում պնդում էր Թուրքիայի նախագահը՝ ձգտելով պատմական իրողությունը դուրս բերել միջազգային քաղաքական քննարկումների դաշտից և տեղափոխել ընդամենը գիտական ոլորտ։
Վերջերս էլ Փաշինյանը հանրային կոչ արեց թոթափել պանդուխտի հոգեբանությունը, հրաժարվել պատմական հայրենիքի՝ Արցախի ու Արևմտյան Հայաստանի մասին հիշողություններից և հանդարտվելով ապրել ՀՀ մնացած տարածքում՝ առանց երբևէ «Էրգիր» վերադառնալու հույսի։ ՀՀ իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության ժխտողականության մասին MediaHub-ը զրուցել է պատմաբան, հանրային գործիչ Արեգ Սավգուլյանի հետ։
- Պարոն Սավգուլյան, նախկինում Արևմուտքը Հայոց ցեղասպանության թեման անընդհատ տաք էր պահում՝ տարբեր առիթներով Թուրքիային ցեղասպանության ճանաչման պահանջ ներկայացնելով։ Իսկ այսօր Թուրքիա-Արևմուտք երկխոսության մեջ նման օրակարգ այլևս չկա։ Ինչո՞վ է դա պայմանավորված, արդյո՞ք Արևմուտքը հաշվի է նստում ՀՀ իշխանությունների հետ, որոնք էլ իրենց հերթին ղեկավարվում են Թուրքիայից։ Մի քիչ անհավանական է թվում, ստացվում է՝ Արևմուտքը տո՞ւրք տվեց Թուրքիային։
- Հայոց Ցեղասպանության հարցը Արևմուտքի և տարբեր գերտերությունների կողմից միշտ ավելի վարպետորեն է օգտագործվել միջազգային հարթակներում Թուրքիայի վրա ճնշում գործարդրելու համար, քան ՀՀ իշխանությունների կողմից։ Քանի որ Հայաստանի այսօրվա իշխանությունը վայելում է Արևմուտքի հովանավորությունը և Արևմուտքը շահագրգռված է համապետական ընտրություններում նրանց վերարտադրությամբ, փորձում է հաշվի նստել Թուրքիայի, Ադրբեջանի հետ Հայաստանի իշխանությունների ունեցած պայմանավորվածությունների հետ։ Լծակը, որը նախկինում Եվրամիության կողմից կիրառվում էր Թուրքիային ճնշելու համար, հանվել է։ Հավատացեք, Արևմուտքը Թուրքիայի վրա այլ լծակներ ունի գործադրելու։ Արևմուտքը փորձում է Հայաստանի հետ համահունչ լինել, որովհետև մեզ սիրաշահելու խնդիր է դրված։ Եվ եթե արտգործնախարարի մակարդակով հայտարարվում է, որ Հայոց Ցեղասպանության հարցն այլևս մեր միջազգային քաղաքական առաջնահերթությունների մեջ չի մտնում, և որ դրանով պետք է միայն պատմաբանները զբաղվեն, Եվրամիությունն էլ ուղղակի չի փորձում խաթարել ՀՀ իշխանությունների հանրային հեղինակությունը։
Ի դեպ, Արարատ Միրզոյանն ինքն էլ պատմաբան է, աշխատել է Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում, այդ թեմայով կունենա գիտական հոդվածներ, ուստի ինքն էլ կարող է այդ թեմայով զբաղվել։ Թեև վստահ եմ՝ իշխանամետ, իշխանությունների կարծիքն ու դիրքորոշումը կիսող պատմաբանը այս հարցը ևս կտապալեր՝ ենթարկվելով Նիկոլ Փաշինյանի կամքին։
- Ցեղասպանության հերքմամբ՝ Հայաստանի Հանրապետությունը, այստեղ ապրող և աշխարհասփյուռ հայությունը ինչպիսի՞ վնասներ կկրի։ Խնդիրը բարոյակա՞ն հարթակում է։
- Խնդիրը միայն բարոյական չէ։ Հայոց ցեղասպանության հիմնախնդիրը երբ ուսումնասիրում եք, հասկանում եք, որ նյութական լրջագույն փոխհատուցման հարց է դրված Թուրքիայի առաջ։ Որոշ հաշվարկներով այդ գումարը հասնում է հարյուրավոր միլիարդ դոլարների։ Այլ հաշվարկներով՝ գումարը կարող է հասնել կես տրիլիոն դոլարի։ Բայց սրանք ավելի շատ ոչ մասնագիտական հաշվարկներ են։ Ամեն դեպքում, փոխհատուցման գումարը հսկայական է, քանի որ, ի տարբերություն հրեաների հոլոքոստի՝ հայերը ոչ միայն ցեղասպանվել են, նրանք ցեղասպանվել են սեփական պատմական տարածքում՝ հայրենիքում ու բռնի տեղահանվել են, այսինքն՝ ունեզրկվել ու հայրենազրկվել են, եղել է մշակութային, ինքնության ցեղասպանություն։ Այնպես որ, Թուրքիայի համար նաև հողային, մշակութային ժառանգության փոխհատուցման պահանջ կարող է դրվել։ Եթե այսօր Ադրբեջանը պահանջում է իբրև 300 000 փախստականների վերադարձ, ապա պատկերացրեք՝ ինչ կլինի, եթե Ցեղասպանության հարցը չսառեցվի, և Հայաստանն ունենա մի իշխանություն, որը Թուրքիայից պահանջի Արևմտյան Հայաստանից մազապուրծ փախածների ժառանգների վերադարձ իրենց նախնիների հայրենիք։ Այդ վախն աչքի առաջ ունենալով՝ Թուրքիան ամեն ինչ անում է Հայաստանից ստերիլ՝ ազգային պահանջները թաղած, ինքնություն չունեցող, անդեմ և իր ազդեցության ծիրում գտնվող պետական միավոր ստանալու համար։ Այդ նպատակին է ուղղված Թուրքիայից եկած պահանջը՝ վերախմբագրել մեր Սահմանադրությունը։ Եվ եթե ապագայում մենք ունենանք համապատասխան ռազմաքաղաքական, տնտեսական հզորություն և աշխարհաքաղաքական նպաստավոր իրավիճակ լինի, որը թույլ կտա մեզ անդրադառնալ պահանջատիրությանը, մեզ ասելու են՝ 2026 կամ 2027 թվականի հանրաքվեով ձեր Սահմանադրությունից հանել եք Հայոց դատի հարցը։ Այս գործոնով է պայմանավորված նաև Հայ Առաքելական եկեղեցու դեմ իշխանությունների հիբրիդային պատերազմը։ Հայ եկեղեցին մեր ազգային հիշողության անկյունաքարն է, մեր ազգային ինքնության կրողը։ Ցանկացած օտարերկրյա ներթափանցում հանդիպելու է հստակ համազգային դիմադրության՝ եկեղեցու շնորհիվ։ Եկեղեցին մնացել է այն հիմնական ազգային պատնեշը, որի շուրջ կարող է ակնթարթային մոբիլիզացիա լինել։ Եվ Սահմանադրությամբ ցանկանում են նաև այդ պատնեշը արմատախիլ անել, եկեղեցուն զրկել առաջնորդական իրավունքից և այլ կրոնական կազմակերպությունների մակարդակին իջեցնել։
- Իրատեսակա՞ն եք համարում Ադրբեջանի հետ խաղաղության վերջնական հաստատումը և Թուրքիայի հետ այսպես ասած՝ ապաշրջափակված, բարեկամական հարաբերությունների հաստատումը՝ թեկուզ նման զոհողության գնով։
- Եթե խաղաղության պայմանագիրը երբևէ լինի, դրանում ամենայն հավանականությամբ կամրագրվեն նաև Թուրքիայի հետ հարաբերությունների սահմանները, պայմաններն ու պահանջները։ Բայց իրենք էլ են հասկանում, որ ՀՀ իշխանությունը չի կարող ստորագրել մի փաստաթղթի տակ, որում ՀՀ Սահմանադրությանը հակասող պահանջ կլինի։ Ուստի ՀՀ իշխանություններին ժամանակ են տվել օրենսդրությունը համապատասխանեցնելու այնպես, ինչպիսին լինելու է ապագայում կնքվելիք խաղաղության պայմանագիրը։ Ակնհայտ է՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի կապիտուլյացիայից հետո ստացել են հստակ ճանապարհային քարտեզ, թե իրենք ինչ հանձնարարություններ պետք է կատարեն։ Այդ հանձնարարություններն ավելի են խստացվել 2025 թվականի օգոստոսին՝ Թրամփի ուղու հռչակագրից հետո։ Միայն թե հարց է՝ բոլոր հանձնարարությունները կատարելուց հետո խաղաղության պայմանագիր կլինի՞, թե՞ կլինեն նոր ճնշումներ ու պահանջներ։ Կբացի՞ Թուրքիան իր սահմանը, թե՞ ի հայտ կգան նոր պահանջներ ու սահմանի բացման ժամկետներն անորոշ ժամանակով պարբերաբար կհետաձգվեն։
Զրուցեց Թագուհի Ասլանյանը

Русский