Ջո Քենթը հրաժարական է տվել ԱՄՆ-ի ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրենի պաշտոնից Իրանի դեմ պատերազմի պատճառով։
45-ամյա Քենթը, որը համակարգել է ահաբեկչության դեմ պայքարը Դոնալդ Թրամփի վարչակազմում, կոչ է արել Սպիտակ տանը «փոխել ուղղությունը»։
Քենթը Թրամփի թիմի անդամ է եղել ու վաղեմի աջակից։ Քենթի թեկնածությունն Ազգային հակաահաբեկչական կենտրոնի ղեկավարի պաշտոնում հաստատվել էր ԱՄՆ Սենատի կողմից անցյալ տարվա հուլիսին։ Նա դարձել է Թրամփի վարչակազմի ամենաբարձրաստիճան պաշտոնյան, որը հրապարակայնորեն քննադատել էր ԱՄՆ-Իսրայել գործողությունը Իրանում։
«Իրանը մեր երկրի համար անմիջական սպառնալիք չէր ներկայացնում, և պարզ է, որ մենք այս պատերազմը սկսեցինք Իսրայելի և Ամերիկայում դրա հզոր լոբբիի ճնշման տակ», - գրել է Քենթը Թրամփին ուղղված նամակում, որը հրապարակել է առցանց։
«Մինչև 2025 թվականի հունիսը դուք հասկանում էիք, որ Մերձավոր Արևելքում պատերազմները թակարդ էին, որի մեջ Ամերիկան կորցնում էր մեր հայրենասերների թանկարժեք կյանքերը և զոհաբերում մեր երկրի հարստությունն ու բարգավաճումը», - նշել է Քենթը։ «Որպես վետերան, որը 11 անգամ մասնակցել է մարտական գործողությունների, և «Ոսկե աստղ» մրցանակի դափնեկիր, ով կորցրել է իր սիրելի կնոջը՝ Շենոնին, Իսրայելի կողմից կազմակերպված պատերազմում ես չեմ կարող աջակցել ևս մեկ սերնդի ուղարկելուն՝ մահանալ մի պատերազմում, որը ոչ մի օգուտ չի բերում ամերիկյան ժողովրդին»։
Քենթը ԿՀՎ հատուկ նշանակության ուժերի վետերան է։ Նրա կինը՝ Շենոն Քենթը, ով ռազմածովային ուժերի կրիպտոլոգ է եղել, սպանվել է 2019 թվականին Սիրիայում ինքնասպան-ահաբեկիչի հարձակման ժամանակ։
Ավելի ուշ հայտնի է դարձել, որ ԱՄՆ Հետաքննությունների դաշնային բյուրոն հետաքննություն է Ջո Քենթի նկատմամբ՝ գաղտնի տեղեկատվության արտահոսքի համար, գրել է Semafor-ը։
Հրապարակման համաձայն՝ Քենթի դեմ հետաքննությունը կենտրոնանում է գաղտնի տեղեկատվության անօրինական բացահայտման վրա և սկսվել է նրա հրաժարականից առաջ։ Մի աղբյուր նշել է, որ հետաքննությունը շարունակվում է մի քանի ամիս։

Русский