ԱՄՆ ՀԴԲ-ի պնդումները, թե Կորեայի Ժողովրդա-Դեմոկրատական Հանրապետության կողմից հովանավորվող հաքերային խմբավորումը ներգրավված է եղել Binance կրիպտոարժութային բորսայի վրա կատարված հարձակման մեջ, «անհեթեթ հորինվածքներ» են․ այս մասին հայտարարել է Հյուսիսային Կորեայի աշխատավորական կուսակցության Կենտկոմի բաժնի վարիչ և Հյուսիսային Կորեայի առաջնորդի քույր Կիմ Յո Ջոնգը։
«Անցյալ տարի ԱՄՆ-ն արդեն փորձել էր մեզ պատասխանատվության ենթարկել Bybit կրիպտոարժութային բորսայի վրա կատարված հաքերային հարձակման համար։ Այն փաստը, որ ԱՄՆ-ն մոլորեցնում է միջազգային հանրությանը՝ ամբողջ աշխարհում տեղի ունեցող կիբերհանցագործությունները ներկայացնելով որպես մեր «ձեռքի գործ», մեզ դեմ ուղղված հստակ և լուրջ քաղաքական սադրանք է»,- նշել է Կիմը։
Նոյեմբերի 1-ին Հետաքննությունների դաշնային բյուրոն հայտարարել էր, որ կապ է հայտնաբերել Հյուսիսային Կորեայի և Binance կրիպտոարժութային բորսայից ավելի քան 6 միլիարդ դոլարի գողության միջև։ Ըստ ՀԴԲ-ի՝ հարձակումը կապված է «TraderTraitor» կոչվող հյուսիսկորեական էլիտար հաքերային խմբավորման հետ։
Նույն օրը՝ խոշոր հարձակումից հետո, Binance-ը մասնակիորեն վերսկսել էր միջոցների դուրսբերումը։ Բորսան վերականգնել էր Bitcoin-ի (Bitcoin ցանցի միջոցով), ինչպես նաև ETH, USDT և USDC (Ethereum ցանցի միջոցով) և BNB, USDT ու USDC (BNB Smart Chain-ի միջոցով) արժույթների դուրսբերման հնարավորությունը։ DefiLlama վերլուծական հարթակի տվյալներով՝ մինչև նոյեմբերի 2-ը Binance-ի հաճախորդները դուրս էին բերել մոտ 4,9 միլիարդ դոլար։
Հոկտեմբերի 29-ին Binance-ի նախկին գլխավոր գործադիր տնօրեն Չանպեն Չժաոն ենթադրել էր, որ բորսան կարող է ենթարկված լինել հաքերային հարձակման։ Binance-ը հայտնել էր, որ տեղյակ է խնդրի մասին և հետաքննություն է անցկացնում։ Binance-ի ներկայիս գլխավոր գործադիր տնօրեն Ռիչարդ Թենգը նշել էր, որ հարձակմանը մասնակցել են մի քանի անձինք՝ հավելելով, որ հաքերները կիրառել են «ինքնաոչնչացման մեխանիզմ», որը ջնջել է նրանց գործիքներն ու հետքերը գործողությունների ընթացքում։

Русский