Հայաստանից ԱՄՆ ուղարկվող ծանրոցների համար «Հայփոստը» սկսել է լրացուցիչ 10 տոկոս գանձել, որը ներկայացվում է որպես ԱՄՆ մաքսատուրք, գրել է «Հետքը»։
Տիգրան Հակոբյանն օրեր առաջ «Հայփոստի» միջոցով ծանրոց ուղարկելիս տեղեկացել է, որ 10 % ավել գումար պետք է վճարի։ «Հարցրեցի աշխատակցին՝ ի՞նչ է դա, ասաց՝ 10 % ապրանքի արժեքից պետք է ավել վճարեք, մեկ ամիս է, ինչ էդպես է։ Հարցնում եմ՝ ինչի՞ համար, կամ ու՞մ եմ վճարում՝ ԱՄՆ-ին, ՀՀ-ին, թե «Հայփոստին», չկարողացավ պատասխանել»,- ասում է Տիգրանը։ Ըստ նրա՝ անդորրագրի վրա գրված է՝ ԱՄՆ մաքսատուրք, բայց ուղեկցող փաստաթղթում, որն առաքանու հետ ուղարկվում է ԱՄՆ, ոչ մի նշում չկա։
«Չեմ ուզում ենթադրություններ անել, բայց պատկերացրեք՝ որքան մարդ է ԱՄՆ առաքանի, մանր կապոց կամ ծանրոց ուղարկում, ու ինչ գումարներ են գանձում»,- նշում է Տիգրանը։ Այս հավելյալ մաքսատուրքը չի վերաբերում Եվրոպա ու Ռուսաստանի Դաշնություն ուղարկվող ծանրոցներին։
«Հետքը» գրավոր հարցմամբ դիմել է «Հայփոստ» ՓԲԸ-ին՝ ուղղելով քաղաքացուն հուզող հարցերը։
«Հայփոստ» ՓԲ ընկերությունը հայտնել է, որ 10 տոկոսանոց հավելավճարը պայմանավորված է ԱՄՆ կառավարության սահմանած նոր սակագնային կարգավորումներով։ «Միացյալ Նահանգների կողմից ընդունված որոշ փոփոխությունների արդյունքում Հայաստանից ԱՄՆ առաքանիների համար սահմանվել է մաքսազերծման նոր կարգ, ըստ որի՝ բոլոր առաքանիների մասով պետք է հաշվարկված լինի մաքսաճարի չափը և փոխանցվի ԱՄՆ-ի մաքսային մարմիններ ուղարկող ընկերություն, կամ ԱՄՆ հավաստագրված ընկերություններից որևէ մեկի միջոցով։ ՀՀ-ի համար մաքսային շեմը սահմանված է 10 %»,- ասվում է «Հայփոստի» պատասխանում:
«Հայփոստ» ՓԲԸ-ն քաղաքացիներից գանձված մաքսավճարը փոխանցում է ԱՄՆ մաքսային մարմիններում հավատարմագրված «Zonos» ընկերությանը, որն իր հերթին գումարը փոխանցում է ԱՄՆ բյուջե։ Վճարման կտրոնի վրա նշվում է ԱՄՆ մաքսային վճարի չափը։ Հաճախորդի հայտարարագրած առաքանու ներդրանքի արժեքի 10% գումարը համարվում է ԱՄՆ մաքսային վճար՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրամանի համաձայն։
Ըստ «Հայփոստի» պարզաբանման՝ սահմանված վճարը գանձվում է միայն ԱՄՆ ուղղությամբ, քանի որ նման պահանջ ներկայացրել է միայն ԱՄՆ-ն։ Այլ՝ երրորդ երկիր ծանրոց, առաքանի ուղարկելիս լրացուցիչ վճար նախատեսված չէ։
««Հայփոստ» ՓԲԸ-ի փոստային բաժանմունքի աշխատակիցները նախապես, մինչև գործարք կատարելը հաճախորդին տեղեկացնում են մաքսային վճարի վերաբերյալ, որն էլ արտացոլվում է կտրոնի վրա և հաստատվում հաճախորդի ստորագրությամբ։ ՀՀ-ից դեպի ԱՄՆ առաքանիներ ուղարկող բոլոր կազմակերպությունները վերոգրյալ հիմքով այժմ գանձում են մաքսավճար»,- նշված է ընկերության պատասխանում։
Հիշեցնենք, որ ԱՄՆ մաքսային նոր կանոնակարգով 2025 թվականի օգոստոսի 21-ից «Հայփոստ» ՓԲԸ-ն ժամանակավորապես դադարեցրել էր ԱՄՆ ուղարկվող ապրանքների փոստային փաթեթների և ծանրոցների ընդունումն ու առաքումը:
Ըստ «Հայփոստի» հայտարարության՝ ծառայությունը պետք է վերականգնվեր կարգավորումների հստակեցումից հետո։ Փաստացի, ԱՄՆ ուղարկվող ապրանքների ընդունումն ու առաքումը վերականգնված է՝ նոր սակագներով։

Русский