Իսլանդիան կարող է օգոստոսին քվեարկություն անցկացնել Եվրոպական Միությանն անդամակցելու բանակցությունները վերսկսելու վերաբերյալ, հաղորդել է Politico-ն՝ հղում անելով աղբյուրների:
Իսլանդիայի իշխող կոալիցիան սկզբում պլանավորել է ԵՄ անդամակցության գործընթացը սկսել մինչև 2027 թվականը, սակայն որոշել է արագացնել այն աշխարհաքաղաքական լարվածության աճի պատճառով։
Թերթի աղբյուրների համաձայն՝ Իսլանդիայի խորհրդարանը մտադիր է քվեարկության ամսաթիվը հայտարարել առաջիկա մի քանի շաբաթների ընթացքում: Իսլանդիայի իշխանությունները այս քայլը ձեռնարկել են ԵՄ և իսլանդացի քաղաքական գործիչների` փոխադարձ մի շարք այցելություններից հետո: Եթե իսլանդացիները քվեարկեն «այո», նրանք կարող են միանալ ԵՄ-ին ցանկացած այլ թեկնածու երկրից առաջ, պարզաբանել է աղբյուրներից մեկը։
«Կարծում եմ՝ Թրամփի կողմից Իսլանդիայի մասին չորս անգամ հիշատակումները իր ելույթում [Դավոսի տնտեսական ֆորումում] անկասկած շատերին մտորելու տեղիք տվեցին», - ասել է հրատարակության աղբյուրներից մեկը։
Իսլանդիան ԵՄ անդամակցության հայտ էր ներկայացրել դեռևս 2009 թվականին՝ ֆինանսական ճգնաժամի պատճառով։ 2013 թվականին երկիրը դադարեցրել էր բանակցությունները տնտեսական իրավիճակի կարգավորումից հետո: 2015 թվականին Իսլանդիայի իշխանությունները խնդրել էին, որ երկիրը չքննարկվի ԵՄ-ին անդամակցելու համար: Իսլանդիան Շենգենյան գոտու և Եվրոպական տնտեսական գոտու անդամ է։ Այնտեղ արդեն գործում են ԵՄ բազմաթիվ օրենքներ:

Русский