Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Գերիների ընտանիքի անդամները պետք է միջազգային գանգատներ ներկայացնեն. Սահակյան

Blog Image

Բաքվի ռազմական դատարանն այսօր՝ փետրվարի 5-ին, հրապարակել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարների դատավճիռը։ Արցախի չորրորդ նախագահ Արայիկ Հարությունյանը, Արցախի ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը, ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանը, Արցախի ԱԺ վերջին նախագահ Դավիթ Իշխանյանը, Արցախի Հանրապետության նախագահի նախկին խորհրդական, նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը դատապարտվել են ցմահ ազատազրկման, իսկ Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանը և Բակո Սահակյանը դատապարտվել են 20 տարվա ազատազրկման։

Իրավական առումով ի՞նչ կարող է անել Հայաստանը, արդյո՞ք պայքարի որևէ տարբերակ կա հայ ռազմագերիներին հայրենիք վերադարձնելու համար, ի՞նչ է ցույց տալիս միջազգային պրակտիկան։ Այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցել է Եվրոպական դատարանում գերիների շահերի պաշտպան Սիրանուշ Սահակյանի հետ։ 

«Ցմահ ազատազրկումները կանխատեսելի էին մեզ համար, մենք այդ քայլերի հաջորդականությունը կանխատեսել էինք։ Բայց այդ ամենը չի կարող խոչընդոտել գերիների հայրենադարձմանը։ Գործընթացն ինքնին քաղաքական է, և մենք դրա ապացույցը տեսանք այս տարվա հունվարին, երբ Ադրբեջանը վերադարձրեց չորս գերիների, որոնք պատժի էին ենթարկվել, սակայն առանց պատիժն ամբողջովին կրելու ազատ էին արձակվել։ Իրավական տեսանկյունից մարդը կարող է ազատ արձակվել, երբ պատիժն արդեն կրել է։ Իսկ վերջերս ազատ արձակված չորս գերիների հայրենադարձումը քաղաքական պայմանավորվածության արդյունք էր։ Այսինքն՝ Ադրբեջանը խախտել է սեփական դատարանի դատավճիռները։ Իհարկե, հայկական կողմն էլ այլ դրվագներով է ցմահ ազատազրկվածների հանձնել Ադրբեջանին։ Ուստի, կարծում եմ, որ պետք է ավելի շատ կենտրոնանալ ոչ թե միջազգային, այլ հենց մեր ունեցած պրակտիկայի վրա»,- նշում է Սիրանուշ Սահակյանը։

Որպեսզի նման պրակտիկա կրկին լինի, այսինքն՝ գերիները հնարավորություն ունենան հայրենիք վերադառնալու՝ անկախ ադրբեջանական դատարանի վճռից, Հայաստանի իշխանությունը պետք է միջազգային ատյաններում անընդհատ բարձրաձայնի ապօրինի դատավարությունների մասին։ 

«Իհարկե, ինչպես գիտեք, խաղաղության նախաստորագրված տեքստում կա գանգատներից հրաժարվելու կետը, ուստի իմ գնահատմամբ այս խնդիրը պետք է կարողանան լուծել ընտանիքի անդամները՝ անհատական գանգատների տեսքով։ Այսինքն՝ ընտանիքի անդամները պետք է ապալեգիտիմացնեն ադրբեջանական շինծու դատավարությունները»,- ամփոփեց խոսքը Սիրանուշ Սահակյանը։

Էմմա Մարտիրոսյան

Send