12-րդ դարի հայկական եկեղեցու դռան փեղկը կտեղափոխվի Հայաստանի պատմության թանգարան։ Այս մասին իր սոցկայքում գրեթե 1 ամիս առաջ հայտնել էր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։
«Միջնադարյան հայկական փայտագործության այս եզակի նմուշը՝ 12-րդ դարի հայկական եկեղեցու դռան փեղկը, կառավարության այսօրվա որոշմամբ կգնվի Լոնդոնի միջազգային աճուրդից և կտեղափոխվի Հայաստանի պատմության թանգարան»,- գրել էր Հարությունյանը։
MediaHub-ը դիմեց Կրթության գիտության մշակույթի և սպորտի նախարարության մամուլի քարտուղար Նելլի Վահանյանին հասկանալու համար՝ արդյո՞ք այսքան ժամանակ անց իրականացվել է տեղափոխումը թե, ոչ․ «Մշակութային արժեք հանդիսացող դռան փեղկի տեղափոխման գործընթացն իրականացվում է մի քանի իրար հաջորդող փուլերով՝ դռան փեղկի ձեռքբերում, բեռնափոխադրման համար անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքների իրականացում, արտահանման և տարանցման նպատակով մաքսային ձևակերպումների ապահովում, տեղափոխում»։
Նրա խոսքով՝ ներկայումս ընթանում են դռան փեղկի ձեռքբերման համար անհրաժեշտ պայմանագրային գործընթացները։
Պայմանագրային գործընթացների ավարտից հետո մոտ մեկ ամսվա ընթացքում վաճառող կողմը կստանա արտահանման թույլտվությունը։
Ինչպես նաև հավելեց, այս ամենից հետո դռան փեղկը հատուկ փոստային ծառայության միջոցով կուղարկվի Հայաստան։ Բեռնափոխադրումը Լոնդոնից Երևան կտևի մոտ 7 օր։
Հիշեցնենք, որ դեկտեմբերի 18-ին կառավարության որոշմամբ՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությանը նախատեսում է հատկացնել 175 միլիոն 360 հազար դրամ Լոնդոնի միջազգային աճուրդում վաճառվող հայկական բացառիկ մշակութային արժեքի՝ 1188 թ. պատրաստված և քանդակված փայտյա դռան փեղկի ձեռքբերման և Հայաստան տեղափոխման նպատակով։
Էմմա Մարտիրոսյան

Русский