MediaHub-ը թոշակառուներից ահազանգեր է ստացել, որ իրենց կենսաթոշակները դեռ չեն փոխանցվել հաշվեհամարներին։
Պարզվում է՝ պատճառը մայիսի 1-4-ը ոչ աշխատանքային օրեր լինելն է։ Մայիսի 1-ը Աշխատավորի օրն է, իսկ 2-ը և 3-ը՝ շաբաթ և կիրակի։ Բացի այդ, հանրապետությունում անցկացվող ԵՄ–Հայաստան գագաթնաժողովի կապակցությամբ մայիսի 4-ը նույնպես հայտարարվել էր ոչ աշխատանքային օր։
Ստացվում է՝ կենսաթոշակների փոխանցումը պետք է իրականացվեր առաջին աշխատանքային օրը՝ մայիսի 5-ին։
Մեզ դիմած քաղաքացիները նշում են, որ նույնիսկ մեկ օրվա ուշացումն իրենց համար զգալի խնդիր է ստեղծում։
«Մեզ ինչ գագաթնաժողովը։ Մենք սովորական մարդիկ ենք, ամբողջ ամիս սպասում ենք այդ գումարին։ Հազիվ ենք ծերը ծերին հասցնում, և եթե անգամ մեկ օր ուշանում է, արդեն խնդիր է դառնում։ Երբեմն դա նշանակում է՝ հացի գումար չունենալ»,– մեզ հետ զրույցում ասաց թոշակառուներից մեկը։
Իսկապես, շատերի համար գլոբալ միջոցառումները երկրորդական են, երբ առօրյա կարիքները մնում են չբավարարված։
MediaHub-ը կապ հաստատեց Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մամուլի քարտուղար Նվեր Կոստանյանի հետ։ Վերջինս նշեց, որ կենսաթոշակների փոխանցումը, սահմանված կարգով, իրականացվում է յուրաքանչյուր ամսվա առաջին աշխատանքային օրը, այսինքն՝ մայիսի դեպքում՝ ամսի 5-ից։
Էմմա Մարտիրոսյան

Русский