Երևանում այսօր անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը դարձավ կարևոր դիվանագիտական հարթակ, որտեղ հավաքվել են եվրոպական առաջատար 39 առաջնորդներ։
Սակայն ուշագրավ է, որ միջոցառմանը ներկա չէ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը․ Թուրքիան ներկայացված է փոխնախագահ Ջևդեթ Յըլմազի մակարդակով, մինչդեռ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նախընտրել է մասնակցել հեռավար ձևաչափով։
Քաղաքագետ Ալեքսանդր Մանասյանը MediaHub-ի հետ զրույցում այս հանգամանքը պատահական չի որակում՝ ընդգծելով, որ նման քայլերը քաղաքական հաշվարկների արդյունք են։
«Չեն եկել, քանի որ նրանց մտքերը պղտոր են։ Ամեն կերպ փորձում են ստվեր նետել այն ամենի վրա, ինչ տեղի է ունենում Հայաստանում, և անել հնարավոր ամեն ինչ, որպեսզի ապագայում խաղաղության գաղափարը այլասերվի ու դադարի գործելուց։ Սա սպասելի էր, և զարմանալու ոչինչ չկա։ Նրանց համար խաղաղությունն ու ստորագրված փաստաթղթերը պարզապես դիվանագիտական խաղերի գործիք են, և մենք պետք է դա հաշվի առնենք։ Չկա մի փաստաթուղթ, որը Ալիևը ստորագրած լինի ու չխախտի»,- նշեց քաղաքագետը։
Անդրադառնալով Ալիևի հեռավար մասնակցությանը՝ Մանասյանը նկատեց, որ դա նաև քաղաքական դիրքավորման փորձ է։
«Սա մոտավորապես այս տրամաբանությունն ունի՝ «նստեմ այստեղից ու տեսնեմ՝ ինչ եք անում»։ Բացի այդ, Հայաստան գալը նրան կդարձներ այդ նույն շրջանակի մի մաս, մինչդեռ նա փորձում է առանձնանալ։ Ալիևը իրեն համարում է միջազգային մասշտաբի գործիչ, ունի հակասություններ Եվրոպայի հետ և նրանց ընկալում է որպես ոչ օբյեկտիվ»,- ասաց Մանասյանը։
Քաղաքագետի խոսքով՝ պատմական հիմքերն էլ իրենց հերթին դեր ունեն տարածաշրջանային ներկայիս լարվածության մեջ։
«Չկա մի փաստաթուղթ, որով Ադրբեջանը հստակ սահմաններ է հռչակել։ 1991 թվականին Ալիևը Ալմա-Աթա է գնացել առանց ինքնորոշման, առանց անկախության հստակ ձևակերպման, առանց սահմանների։ Եվ այսօր Եվրոպան քաղում է այդ սխալների պտուղները՝ ճանաչելով այնպիսի Ադրբեջան, ինչպիսին կար այն ժամանակ»,- նշեց նա։
Մանասյանը նաև ներկայացրեց հնարավոր զարգացումների երկու սցենար։ «Կանխատեսում եմ երկու տարբերակ․ Ադրբեջանը ավելի կկոշտանա, եթե իրեն աջակցող ուժեր գտնի, իսկ եթե նման ուժեր չլինեն՝ կանցնի դիվանագիտական լռության։ Այսօր նա մի կողմից քննադատում է Եվրոպային, մյուս կողմից շարունակում է նավթ վաճառել։ Եվրոպան էլ, իր հերթին, կախված է այդ ռեսուրսից և մտավախություն ունի, որ կարող է զրկվել դրանից, մինչդեռ պարզ է՝ Ադրբեջանը չի կարող չվաճառել իր հիմնական եկամտի աղբյուրը»,- ասաց քաղաքագետը։
Խոսելով Հայաստանի հնարավոր քայլերի մասին՝ նա շեշտեց հավասարակշռված մոտեցման անհրաժեշտությունը։ «Կան փաստեր, որոնց հետ պետք է հաշվի նստել։ Կարելի է դրանք դիվանագիտական ճանապարհով մեղմել, բայց չի կարելի թույլ տալ, որ չարտահայտված դիրքորոշումները մեզ անդառնալիորեն վնասեն։ Մենք 30 տարի խոսել ենք միայն ինքնորոշման անունից»,- նշեց Մանասյանը։
Անդրադառնալով նաև Վլադիմիր Զելենսկիի՝ Հայաստան այցից հետո Վլադիմիր Պուտինի արձագանքին՝ Մանասյանը ընդգծեց, որ առայժմ իրավիճակը չի անցնում հայտարարությունների մակարդակից։ «Այս քայլերը դեռ գործնական դաշտ տեղափոխվելու ուժ չունեն։ Ռուսաստանը բարդ իրավիճակում է, և երբ ամբողջ Եվրոպան կանգնած է նրա դեմ, դժվար թե նա ցանկանա բացել նոր ճակատ։ Կարծում եմ՝ ամեն ինչ դեռ կմնա հայտարարությունների մակարդակում»,- ասաց նա։
Մանասյանի գնահատմամբ՝ այս ամենի ֆոնին պարզ է մեկ բան․ որոշումները կախված են ոչ միայն մեզանից, այլ նաև արտաքին դերակատարների փոփոխական դիրքորոշումներից։ Խոստումները շատ են, բայց հստակ ու վերջնական պարտավորությունները՝ քիչ։ Ուստի անհրաժեշտ է առաջնորդվել ոչ թե սպասումներով, այլ հաշվենկատ և ինքնուրույն քայլերով։
Ալիտա Եղիազարյան

Русский