Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Նոր պատերա՞զմ է սկսվում․ Իրանը կրկին կրակի տակ է

Blog Image

Գիշերը խաղաղ չէր Իրանի երկնքում։

Հրթիռների պայթյուններն ու հակաօդային պաշտպանության համակարգերի ձայները հերթական անգամ հիշեցրին, որ Մերձավոր Արևելքում կայունությունը շարունակում է մնալ խիստ փխրուն։

Մինչ Վաշինգտոնը հայտարարում է, որ չի ձգտում լայնածավալ պատերազմի և շարունակում է խոսել բանակցությունների անհրաժեշտության մասին, ԱՄՆ-ի նոր հարվածներն Իրանի դեմ նոր հարցադրումներ են առաջացնում․ արդյո՞ք կողմերը շարժվում են դեպի դիվանագիտական հանգուցալուծում, թե՞ տարածաշրջանը կանգնած է հերթական վտանգավոր էսկալացիայի շեմին։

MediaHub-ի հետ զրույցում իրանագետ Գարիկ Միսակյանը նշեց, որ ԱՄՆ-ի ներկայությունը Իրան-Իսրայել հակամարտությունում նոր երևույթ չէ։ «Իրականում Իրան-Իսրայել հակամարտությունում ԱՄՆ-ն գրեթե միշտ ներկա է եղել՝ բոլոր սրացումների ժամանակ, թեկուզ ոչ անմիջական կերպով։ Այս անգամ առանձնահատկությունն այն է, որ ԱՄՆ-ն արդեն ուղղակիորեն է ներգրավված ռազմական գործողություններում»,- ասաց իրանագետը։

ԱՄՆ-Իրան հարաբերություններում վաղուց նկատվում է մի օրինաչափություն․ բանակցային գործընթացներն ընթանում են ռազմական գործողություններին զուգահեռ։ Նույնը տեսանք նաև այս պատերազմի սկզբում, երբ Վաշինգտոնն ու Թեհրանը բանակցում էին և նույնիսկ որոշ հարցերում մոտ էին համաձայնության հասնելուն։

Հնարավոր է՝ կողմերը չեն կարողացել համաձայնության գալ մի շարք սկզբունքային հարցերի շուրջ։ Կա նաև իսրայելական գործոնը և Իսրայելի ճնշումը։ Այդ պատճառով ակնկալել, որ ԱՄՆ-ն բանակցելու է և միաժամանակ չի դիմելու ռազմական քայլերի, այնքան էլ ճիշտ չէ։ Իրանական կողմն էլ դա լավ հասկանում է և մշտապես գտնվում է ռազմական պատրաստվածության վիճակում։

«Այս փուլում պետք է սպասել հետագա զարգացումներին՝ հասկանալու համար, թե արդյոք ռազմական գործողությունները նոր թափ կստանան։ Չեմ կարծում, որ հնարավոր պատերազմի վերսկսումը կունենա նույն ինտենսիվությունը, ինչ հիմնական փուլում էր, քանի որ ԱՄՆ-ն նույնպես հասկացավ, որ մեծ ռեսուրսների ծախսի պայմաններում Իրանին չհաջողվեց հասնել այն արդյունքին, որին ձգտում էր։ Այո՛, զգալի վնասներ հասցվեցին, սակայն Իրանում իշխանափոխություն կամ ռեժիմի փոփոխություն տեղի չունեցավ»,- նշեց Միսակյանը։

Անդրադառնալով բանակցությունների վերսկսման հնարավորությանը՝ Միսակյանը չի բացառում, որ կողմերը կարող են վերադառնալ քաղաքական գործընթացին, սակայն չի բացառում նաև ռազմական գործողությունների շարունակությունը։ «Կարող են վերադառնալ հրադադարի ռեժիմին, կարող են նաև վերսկսել ռազմական գործողությունները և դրան զուգահեռ շարունակել բանակցությունները։ Այստեղ կան մի շարք բարդ հարցեր՝ Իրանի ակտիվների ապասառեցումը, ուրանի հարստացման խնդիրը, որի շուրջ կողմերի դիրքորոշումները շարունակում են մնալ անհաշտ։ Կան նաև այնպիսի հիմնախնդիրներ, որոնք առայժմ թույլ չեն տալիս բանակցային գործընթացը հասցնել ավարտին։ Դրանց թվում են Թրամփի հաճախ անկանխատեսելի որոշումները և Իսրայելի գործոնը, որը շարունակում է ազդեցություն ունենալ գործընթացների վրա»,- եզրափակեց իրանագետը։

Ալիտա Եղիազարյան

Send