Մինեապոլիսում 37-ամյա բուժեղբայր Ալեք Պրետիի սպանությունը կրկին բողոքի ալիք է բարձրացրել ԱՄՆ մի շարք քաղաքներում, որը վերածվել է ներգաղթի սահմանափակող միջոցների խստացման դեմ լայնածավալ դժգոհության։ Ցույցեր են կազմակերպվել Նյու Յորքում, որտեղ ցուցարարները պաստառներով պահանջել են դադարեցնել ներգաղթի և մաքսային ծառայության գործողությունները։ Լարված իրավիճակի ֆոնին Մինեապոլիսում չեղարկվել են մարզական և մշակութային միջոցառումները, փակվել են թանգարանները և մի շարք այլ հաստատություններ։
Ըստ պաշտոնական տվյալների` բուժեղբայր Ալեք Պրետին մահացել է դաշնային գործակալների գործողությունների հետևանքով։ ԱՄՆ վարչակազմը պաշտպանել է գործողությունները՝ հայտարարելով, որ կրակոցը եղել է ինքնապաշտպանության նպատակով, և որ Պրետին զինված է եղել։ Ըստ իշխանությունների՝ միջադեպը տեղի է ունեցել այն պահին, երբ նա փորձել է ավտոմեքենայով մխրճվել ծառայության պարեկային մեքենայի մեջ։ Ներքին անվտանգության նախարարությունը այդ գործողությունը որակել է որպես ներքին ահաբեկչություն՝ ընդգծելով, որ իրավապահները գործել են կյանքին սպառանացող իրավիճակում։
Սակայն ականատեսների ներկայացրած վարկածը տարբերվում է պաշտոնականից։ Նրանց պնդմամբ՝ կրակոցի պահին Պրետին զինված չի եղել և մինչ այդ ենթարկվել է բռնության։ Ըստ վկաների՝ բախումը սկսվել է այն ժամանակ, երբ նա փորձել է միջամտել և օգնել դաշնային գործակալների կողմից ձերբակալվող անձանց։
Ցույցեր եւ ցուցարարների ձերբակալություններ են տեղի ունենում քաղաքի տարբեր հատվածներում։
Քաղաքում արձանագրվել է նաև ցուցարարների ձերբակալություններ։ ԱՄՆ Սահմանապահ ծառայության աշխատակիցները մուտք են գործել պետական դպրոցներից մեկի տարածք՝ այն պահին, երբ աշակերտները դասերից հետո դուրս գալիս են եղել դպրոցից, մարդկանց գցել են գետնին և ձերբակալել՝ պղպեղային գազ կիրառելով։
Բողոքի ակցիաներն են նախատեսվում նաև Նոր Օռլեանում, Մայամիյում և Նյու Յորքում։
Ալիտա Եղիազարյան

Русский