Ամերիկյան Noble Capital RSD ներդրումային հիմնադրամը հայց է ներկայացրել ԱՄՆ դաշնային դատարան ընդդեմ Ռուսաստանի՝ պահանջելով ճանաչել 1916 թվականին թողարկված ռուսական կայսերական պարտատոմսերի պարտավորությունները։
Ռուսաստանի Դաշնությունը հերքում է և միշտ էլ հերքել է պատասխանատվությունը 1916 թվականի հին ցարական պարտատոմսերի համար, ՌԲԿ-ին ասել է «Marks&Sokolov»-ի գործընկեր Սերգեյ Սոկոլովը, որը ներկայացնում է պատասխանողներին «Noble Capital» ամերիկյան ներդրումային հիմնադրամի կողմից ներկայացված հայցում։
«Այս պարտքը չեղարկվել է Խորհրդային կառավարության կողմից 1918 թվականին։ Ո՛չ ԽՍՀՄ-ն, ո՛չ էլ Ռուսաստանի Դաշնությունը երբևէ չեն ճանաչել իրենց պատասխանատվությունը դրանց համար՝ համաձայն հաստատված միջազգային իրավունքի։ Դրանք վաղուց ուղարկվել են «պատմության աղբարկղը»», - նշել է նա։
Սոկոլովի խոսքով՝ Ռուսաստանի Դաշնությունը պահանջել է, որ հայցվորը հետ վերցնի իր հայցը մինչև հունվարի 30-ը։ «Եթե դա տեղի չունենա, մենք կներկայացնենք միջնորդություն՝ «Օտարերկրյա ինքնիշխան անձեռնմխելիության մասին» օրենքի համաձայն հայցը մերժելու մասին», - եզրափակել է փաստաբանը։
«Noble Capital» ներդրումային հիմնադրամը հայց է ներկայացրել ԱՄՆ դաշնային դատարան: Պատասխանողներն են Ռուսաստանի Դաշնությունը, ՌԴ Ֆինանսների նախարարությունը, Ռուսաստանի բանկը և ՌԴ Ազգային բարեկեցության հիմնադրամը։
Հայցվորը պնդում է, որ ինքը Նյու Յորքի «National City Bank»-ի միջոցով թողարկված 25 միլիոն դոլարի 5.5% կտրոնով պարտատոմսերի օրինական սեփականատերն է: Հիմնադրամի տվյալներով՝ չնայած Խորհրդային կառավարության կողմից 1918 թվականին իր արտաքին պարտքից հրաժարվելուն, ամերիկացի ներդրողների նկատմամբ պարտավորությունները չեն դադարեցվել, ուստի Ռուսաստանը պետք է ժառանգի պարտքերը։
Հայցվորը հայցի չափը գնահատում է 225 միլիարդ դոլար, ներառյալ տոկոսները և ոսկե կետը՝ վճարման արժույթի կապը ոսկե ստանդարտի հետ, որը գործել է մինչև 1970-ականների սկիզբը: «Noble Capital»-ը պնդում է, որ կայսերական պարտատոմսերի պարտքը կարող է մարվել պատժամիջոցների պատճառով սառեցված ռուսական ակտիվների միջոցով: Հայցվորն ընդգծում է, որ սա բռնագրավման դեպք չէ, այլ պարտքի փոխհատուցում՝ որպես պարտավորության կատարման ձև: Այս մեխանիզմը, ըստ հիմնադրամի, համապատասխանում է միջազգային իրավունքին ու տարբերվում է ակտիվների առգրավումից։

Русский