Սիրիայի նախագահ Ահմեդ ալ-Շարաան ուրբաթ ուշ երեկոյան ստորագրել է հրամանագիր, որի նպատակն է պաշտպանել Սիրիայում քրդերի իրավունքները, այդ թվում՝ էթնիկական և լեզվական խտրականությունից, ԱՄՆ-ի կողմից աջակցվող քրդական ուժերի և Դամասկոսի միջև վերսկսված բախումների ֆոնին, հաղորդել է «Al Arabiya»-ն։
Իր X սոցիալական ցանցում հրապարակված տեսաուղերձով ալ-Շարաան դիմել է քրդական բնակչությանը՝ նշելով, որ հրամանագիրը, «որը պետք է ամրագրվի օրենքով», երաշխավորում է նրանց իրավունքները որպես հավասար քաղաքացիներ։ Նա նաև կոչ է արել տեղահանված սիրիացի քրդերին վերադառնալ իրենց քաղաքներն ու գյուղերը՝ նշելով, որ դրա համար որևէ նախապայման չի լինի, բացի զենքերը վայր դնելուց։
Արաբական լրատվամիջոցներից մեկի հաղորդմամբ, հրամանագրի ամբողջական տեքստը, որը հրապարակվել է ավելի ուշ, սահմանում է, որ քրդերենը կճանաչվի որպես «պետական լեզու» Սիրիայում, իսկ Նովրուզը կհայտարարվի ազգային տոն։
Հրամանը նաև նախատեսում է սիրիական քաղաքացիություն շնորհել քրդերին, որոնք զրկվել են դրանից 1962 թվականի վիճահարույց մարդահամարից հետո։
Այն նաև պարտավորեցնում է կառավարական հաստատություններին խթանել ներառական ազգային դիսկուրսը և պաշտպանել բոլոր համայնքների հավասար իրավունքները։ Այս հայտարարությունը հնչում է Սիրիայի հյուսիսում շարունակվող լարվածության ֆոնին, որտեղ բախումներ են տեղի ունեցել քրդական ուժերի և կառավարական զորքերի միջև՝ չնայած տարածաշրջանը կայունացնելու միջազգային ջանքերին։
Միացյալ Նահանգների զինված ուժերը ուրբաթ օրը Սիրիայի Դեյր Հաֆերում հանդիպել են քուրդ գործընկերների հետ՝ տարածաշրջանը կայունացնելու Վաշինգտոնի ջանքերի շրջանակներում, հայտնել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարությունը (CENTCOM): «Սիրիայում ներսում միմյանց հետ խաղաղություն պահպանելը կարևոր է տարածաշրջանում խաղաղության և կայունության պահպանման համար», - «Ալ Արաբիա»-ին ասել է ԱՄՆ կենտրոնական հրամանատարության խոսնակ կապիտան Թիմ Հոքինսը։
Սիրիայի դեմոկրատական ուժերի (SDF) առաջնորդ Մազլում Աբդին ուրբաթ օրը հայտարարել է, որ շարժումը շաբաթ օրը՝ տեղական ժամանակով ժամը 7-ին, իր ուժերը դուրս կբերի արևելյան Հալեպից և կվերատեղակայի դրանք Եփրատից արևելք գտնվող տարածքներ՝ հաշվի առնելով բարեկամ երկրների և միջնորդների կոչերին։

Русский