Երեկ համցանցում լայնորեն տարածվում էին հոգևորականների հայտարարությունները, որոնք ակնհայտորեն բաժանվում էին երկու ճամբարի․ մի քանի հոգևորականներ հանդես էին գալիս Նիկոլ Փաշինյանին աջակցող հայտարարություններով, մինչդեռ ճնշող մեծամասնությունը բացահայտորեն իրենց աջակցությունն էին հայտնում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին և Վեհափառ Հայրապետին։
Այս ֆոնին երեկ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց․ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգմանը միացած քահանաների թիվն արդեն 16 է»։ Թիվը, սակայն, հասարակության շրջանում առաջացրեց ոչ թե վստահություն, այլ՝ հակասական արձագանքներ։ Հանրության մի զգալի հատվածի մոտ բնական հարց առաջացավ՝ արդյո՞ք այս թիվը իրական ազդեցություն ունի, և ինչի՞ հետ է այն համեմատվում։
MediaHub-ը փորձեց պարզել ամբողջական պատկերը և ուսումնասիրեց Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականների ընդհանուր թիվը։ Պարզվեց, որ այսօր Հայաստանում և Սփյուռքում միասին կա շուրջ 489 քահանա, որոնցից 250-ը ծառայում են Հայաստանում, իսկ 239-ը՝ Սփյուռքում։ Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանի նշած 16 քահանաների թիվը դառնում է «ծովում մի կաթիլ»։
Ավելին, այդ 489 հոգևորականներից մեծամասնությունն արդեն հրապարակավ իրենց աջակցությունն են հայտնել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնին՝ հստակ ընդգծելով, որ չեն պատրաստվում կանգնել եկեղեցու ներսում պառակտում հրահրող կամ հոգևոր արժեքները քաղաքական շահերին ենթարկող գործընթացների կողքին։ Նրանց հայտարարություններում հստակ շեշտվում է, որ եկեղեցին չի կարող և չպետք է դառնա ներքաղաքական պայքարի գործիք։
Այս ամենը ցույց է տալիս, որ վարչապետի կողմից թվերի հրապարակումը ավելի շատ «քաղաքական հաշվարկ ունի», քան իրական բարեփոխումների օրակարգ։ Թվերի միջոցով հասարակական վերաբերմունք ձևավորելու փորձը, հատկապես երբ այդ թվերը ներկայացվում են ընդհանուր պատկերի համատեքստից կտրված, ընկալվում է որպես հերթական փորձ՝ հասարակությանը «մոլորեցնելու» և միաժամանակ եկեղեցու ներսում արհեստական բաժանարար գծեր անցկացնելու։
Էմմա Մարտիրոսյան

Русский