Թուրքմենստանում կայացած Կասպյան գագաթնաժողովից հետո Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը փակ ձևաչափով հանդիպում են անցկացրել։ Այս մասին հայտնել է «Կոմերսանտ»-ի հատուկ թղթակից Անդրեյ Կոլեսնիկովը։
Հանդիպումը նախապես հայտարարված չի եղել և տևել է մոտ 15 րոպե։ Հանդիպումը կազմակերպել է ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը. նա այդ հարցը առանձին-առանձին քննարկել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիեի հետ ԱՊՀ ղեկավարների ընդլայնված կազմով հանդիպման փակ նիստի ընթացքում։ Թեև Փաշինյանը չի մասնակցել բուն Կասպյան գագաթնաժողովին, նա սպասել է դրա ավարտին Վլադիմիր Պուտինի և Իլհամ Ալիեւի հետ հանդիպելու նպատակով։
Մինչև Վլադիմիր Պուտինի՝ Թուրքմենստան կատարելիք այցը, Յուրի Ուշակովը հայտարարել էր, որ Պուտինի և Փաշինյանի միջև հանդիպում նախատեսված չէ։ Այնուամենայնիվ, ՌԴ նախագահի օգնականը չէր բացառել միջոցառման ընթացքում նրանց միջև շփման հնարավորությունը։

Русский