Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Երբ «հոգատարությունը» դառնում է բռնություն․ ի՞նչ է կատարվում հայկական ընտանիքներում

Blog Image

Մի ապտակ, մի հարված, կապտուկներ․ սովորաբար հենց այս պատկերն է առաջինը գալիս մտքում, երբ խոսում ենք ընտանեկան բռնության մասին։

Բայց բռնությունը միշտ չէ, որ տեսանելի է։ Երբեմն այն թաքնվում է ամենօրյա «հոգատարության», արգելքների, ֆինանսական վերահսկողության, նվաստացման ու վախի հետևում։
 
Հոգեբան Հովհաննես Հովսեփյանի խոսքով՝ Հայաստանում ընտանեկան բռնությունն ունի տարբեր դրսևորումներ՝ պայմանավորված նաև մեր ազգային մտածելակերպով, մշակութային ու սոցիալական առանձնահատկություններով։
 
«Եթե նախկինում ավելի շատ խոսվում էր ֆիզիկական բռնության մասին, այսօր ավելի հաճախ ենք հանդիպում նաև հոգեբանական բռնությանը։ Օրինակ՝ երբ ամուսինը շատ գումար է վաստակում և այդ հանգամանքն օգտագործում է կնոջ նկատմամբ հոգեբանական վերահսկողություն իրականացնելու համար։ Շատ տարածված են նաև սահմանափակումները՝ ում հետ շփվել, ուր գնալ, ինչ հագնել, աշխատել, թե ոչ։ Շատ հաճախ դա ներկայացվում է որպես հոգատարություն, բայց եթե մարդու կյանքի ու ընտրության հնարավորությունները սահմանափակվում են, դա արդեն բռնության դրսևորում կարող է լինել»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց հոգեբան Հովհաննես Հովսեփյանը։
 
Բռնության հետևանքներն, իհարկե, չեն սահմանափակվում միայն անձով, ով անմիջականորեն ենթարկվում է դրան։ Ընտանիքում տեղի ունեցողը տեսնում ու զգում են նաև երեխաները։ Երեխան կարող է նույնիսկ բռնության անմիջական թիրախ չլինել, բայց ամենօրյա վեճերի, նվաստացումների կամ բռնության ականատես լինելը կարող է լուրջ հետք թողնել նրա հոգեբանական զարգացման վրա։
 
«Եթե երեխան ընտանիքում ականատես է լինում բռնության, դա նույնպես շատ ծանր ազդեցություն կարող է ունենալ նրա հետագա կյանքի վրա։ Երեխան ունի տարբեր պաշտպանական մեխանիզմներ և հետագայում բռնությունը կարող է ընկալել որպես հարաբերությունների բնական մաս։ Եթե երեխան տեսնում է, որ սերն ուղեկցվում է վերահսկողությամբ, նվաստացմամբ կամ բռնությամբ, հետագայում դա կարող է վտանգավոր լինել իր հարաբերությունների համար»,- նշեց հոգեբանը։
 
Մասնագետի խոսքով՝ նման դեպքերում կարող են առաջանալ նաև տրավմատիկ խանգարումներ, որոնց հետևանքները մարդը կարող է կրել տարիներ շարունակ։ Բայց ինչո՞ւ, եթե մարդը հասկանում է, որ բռնության է ենթարկվում, շարունակում է մնալ նույն հարաբերություններում ու լռել։ Վերջին տարիներին, ըստ մասնագետի, բռնության դեպքերի մասին բարձրաձայնողներն ու հոգեբաններին դիմողները շատացել են։ Դրան նպաստել է նաև իրազեկվածության աճը։ Այնուամենայնիվ, կարծրատիպերը դեռ պահպանվում են։
 
«Շատ մարդիկ չեն կարողանում դիմել օգնության՝ տարբեր պատճառներով։ Դա միայն հասարակության կարծրատիպերի հարցը չէ։ Բռնության հետևանքով մարդու մոտ կարող է ձևավորվել վախի ու կախվածության այնպիսի հոգեբանական մեխանիզմ, որը խանգարում է դուրս գալ այդ իրավիճակից։ Մարդը կարող է հասկանալ, որ դա ճիշտ չէ, բայց միևնույն ժամանակ չպատկերացնել իր կյանքը բռնարարից առանձին»,- նշեց Հովսեփյանը։
 
Բռնության մեկ այլ ծանր հետևանք էլ ինքնամեղադրանքն է։ «Եթե ես այդպես չվարվեի, նման բան չէր լինի», «գուցե ես եմ մեղավոր»․ նման մտքերը հաճախ ուղեկցում են բռնության ենթարկված մարդկանց։
 
«Դա շատ հաճախ բռնարարի մանիպուլյացիաների հետևանք է։ Բռնարարը հասկանում է՝ ինչ մեխանիզմներ են աշխատում տվյալ մարդու վրա, և կարող է աստիճանաբար այնպիսի իրավիճակ ստեղծել, որ մարդը սկսի կասկածել ինքն իրեն, իր որոշումներին ու սեփական ընկալումներին»,- նշեց հոգեբանը։
 
Ընտանեկան բռնության խնդիրը վերջին տարիներին նաև պետական օրակարգում է։ Փաշինյանի կողակից Աննա Հակոբյանը կանանց նկատմամբ բռնության կանխարգելմանն ուղղված արշավ էր նախաձեռնել, որի շրջանակում բարձրաձայնվել է նաև օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտությունը։ Խոսքն ընտանեկան բռնության կանխարգելմանն ու բռնության ենթարկված անձանց պաշտպանությանն ուղղված օրենսդրական փաթեթի մասին է։ Սակայն հոկտեմբերի 1-ին ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նիստում դրա քննարկումը երկու ամսով հետաձգվեց։ Հեղինակների ներկայացմամբ՝ անհրաժեշտ է լրացուցիչ քննարկումներ անցկացնել և փաստաթուղթը լրամշակել։
 
Իսկ մինչ օրենքների շուրջ քննարկումները շարունակվում են, խնդիրը շարունակում է մնալ հազարավոր ընտանիքների իրականության մեջ։
 
Ալիտա Եղիազարյան

Send