Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային

Մարկ Ռուտտեի` Թրամփի հանդեպ շողոքորթությունը լարվածություն է առաջացնում ՆԱՏՕ-ում. Politico

Blog Image

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Մարկ Ռուտտեն ունի մեկ գերակա առաքելություն՝ կանխել Դոնալդ Թրամփի կողմից դաշինքը պայթեցնելը, գրել է Politico-ն։

Այդ կենտրոնացումը այժմ նախկին Նիդեռլանդների վարչապետին բախման ուղու վրա է դնում հենց այն եվրոպական մայրաքաղաքների հետ, որոնց հետ նա մի ժամանակ աշխատել է, և ՆԱՏՕ-ն «վնասվածքներ է ստացել» նույնիսկ այն բանից հետո, երբ նա հաջողությամբ համոզել  է Թրամփին դադարեցնել Գրենլանդիան անեքսիայի ենթարկելու սպառնալիքները։

Լարվածությունն ամբողջությամբ դրսևորվել է երկուշաբթի օրը Եվրախորհրդարանում, որտեղ Ռուտտեն բացահայտորեն պաշտպանել է գերտերության առաջնայնությունը դաշինքում։ «Եթե այստեղ որևէ մեկը կարծում է… որ Եվրամիությունը կամ Եվրոպան որպես ամբողջություն կարող է պաշտպանվել առանց ԱՄՆ-ի, շարունակեք երազել», - ասել է նա օրենսդիրներին։ «Դուք չեք կարող»։

Արձագանքը արագ է եղել ու զայրացած։ «Ո՛չ, սիրելի՛ Մարկ Ռուտտե», - X-ով հակադարձել է Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոն։ «Եվրոպացիները կարող են և պետք է իրենց վրա վերցնեն իրենց անվտանգությունը։ Սա ՆԱՏՕ-ի եվրոպական հենասյունն է»։

«Դա ամոթալի պահ էր», - ասաց Ֆրանսիայի նախկին Եվրոպայի հարցերով նախարար և այժմ Եվրախորհրդարանի անդամ Նատալի Լուազոն։ «Մեզ Թրամփի մոլեռանդ կողմնակից պետք չէ։ ՆԱՏՕ-ն պետք է վերահավասարակշռի ԱՄՆ-ի և Եվրոպայի ջանքերը»։

Իսպանիայից Նաչո Սանչես Ամորն ավելի կտրուկ է եղել։ «Դուք [ԱՄՆ] դեսպա՞նն եք [ՆԱՏՕ-ում]», - բուռն զրույցի ժամանակ հարցրել է սոցիալիստ Եվրախորհրդարանի անդամը Ռյուտտեին, - «թե՞ դաշինքը և դրա անդամները ներկայացնող գլխավոր քարտուղարը»։

Բախումը նաև բացահայտում է ՆԱՏՕ-ի ներսում աճող խզումը՝ Ռուտտեի համոզմունքը, որ Թրամփին կողքին պահելը դաշինքը պահպանելու միակ միջոցն է, և Եվրոպայի աճող մտահոգությունը, որ այս ռազմավարությունը այն քայքայում է։

Քանի որ գլխավոր քարտուղարը ձգտում է ամերիկացիներին հնարավորինս մոտ պահել, այդ ջանքերը պառակտում են առաջացնում իր ԵՄ գործընկերների հետ, որոնք ավելի ու ավելի են պահանջում ՆԱՏՕ-ից դուրս եվրոպական անվտանգության մարմիններ և աշխարհամասային բանակ ստեղծել։

POLITICO-ն զրուցել է ՆԱՏՕ-ի տասնյակից ավելի ներկայացուցիչների, դիվանագետների և Ռուտտեի ներկա ու նախկին գործընկերների հետ։ Նրանք առաջնորդին նկարագրել են որպես հմուտ ճգնաժամային կառավարիչ, որը վերջերս հաղթանակ է տարել Գրենլանդիայի հետ կապված, սակայն ՆԱՏՕ-ի երկարաժամկետ ապագայի վերաբերյալ եվրոպական անհանգստությունը խորացնելու գնով։

Send