Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Բացահայտում․ Հայաստանն առանց պատերազմի գրավելու թուրքական պլա՞նը

Blog Image

Թուրքիայի առևտրի նախարարությունը տեխնիկական փոփոխություն է իրականացրել մաքսային համակարգում՝ Հայաստանի հետ տնտեսական հարաբերությունների կարգավորման գործընթացի շրջանակում, որը պաշտոնական Անկարան ներկայացնում է որպես իր կողմից նախաձեռնված դրական քայլ։

Ըստ այդ փոփոխության՝ երրորդ երկրների միջոցով Հայաստանի հետ իրականացվող ներմուծման, արտահանման և տարանցիկ գործարքների մաքսային հայտարարագրերում այսուհետ կարող է կիրառվել Հայաստանի պաշտոնական կոդը՝ «077»-ը։ Համապատասխան փոփոխություններն արդեն կատարվել են Թուրքիայի մաքսային (BILGE) համակարգում։

Այս գործընթացի շրջանակում հնարավոր կլինի Թուրքիայից երրորդ երկիր, իսկ այնտեղից՝ Հայաստան ուղարկվող ապրանքների վերջնական նպատակակետը կամ ծագումը նշել որպես «Հայաստան/Թուրքիա»։ Աղբյուրի համաձայն՝ Թուրքիայի և Հայաստանի միջև առևտրաշրջանառության ծավալն այժմ կազմում է շուրջ 335-350 մլն դոլար։ Կարճաժամկետ հեռանկարում նպատակ է դրվել այդ ցուցանիշը հասցնել 1 մլրդ դոլարի։

Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանը այս քայլը ուշացած նախաձեռնություն է համարում։ Նրա խոսքով՝ այն, ինչ որոշ շրջանակներ ներկայացնում են որպես Թուրքիայի բարի կամքի դրսևորում, իրականում Թուրքիայի ստանձնած պարտավորությունն է, որը պետք է կատարվեր դեռևս 2003 թվականից։

«2003 թվականին Հայաստանի Հանրապետությունն անդամակցեց Առևտրի համաշխարհային կազմակերպությանը, որի հիմնարար սկզբունքներից մեկը ոչ խտրական վերաբերմունքն է։ Թուրքիան այդ սկզբունքը կոպտորեն խախտել է, այն դեպքում, երբ ինքն էլ նույն կազմակերպության անդամ է։ Թուրքիան պարտավոր էր Հայաստանին տրամադրել նման հնարավորություն։ Նույն կերպ պարտավոր էր և շարունակում է պարտավոր լինել Հայաստանին ապահովել դեպի ծով ելքով՝ որպես ծովային սահման չունեցող պետության։ Թուրքիան վավերացրել է այդ հարցին վերաբերող միջազգային երեք կոնվենցիա, սակայն դրանցով ստանձնած պարտավորություններից որևէ մեկը չի կատարել։ Ընդ որում, դա պարտավոր է անել անվճար»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց տնտեսագետը։

Նրա խոսքով՝ նույնպիսի պարտավորություն ունի նաև Վրաստանը՝ որպես Առևտրի համաշխարհային կազմակերպության անդամ, սակայն այդ երկիրը ևս, ըստ Մանասերյանի, խախտում է իր պարտավորությունները՝ Հայաստանից տարանցման համար վճար գանձելով։

Տնտեսագետը համոզված է, որ թուրքական կողմի այս «բարեհաճ» նախաձեռնությունն ունի Հայաստանի համար հեռուն գնացող և վտանգավոր հետևանքներ։ Նրա գնահատմամբ՝ Թուրքիան ձգտում է Հայաստանին տնտեսական կախվածության մեջ գցել։

«Այսօր և՛ Թուրքիան, և՛ Ադրբեջանը փորձում են հանդես գալ Հայաստանի անվտանգության, տնտեսական անվտանգության և նույնիսկ պարենային անվտանգության «երաշխավորների» դերում՝ փաստացի առաջարկելով փոխարինել Ռուսաստանին Հայաստանի տնտեսական հարաբերությունների համակարգում։ Պարզ է, թե դա ինչ հետևանքների կարող է հանգեցնել։ Անվճար պանիրը միայն թակարդում է լինում»,- ասում է Մանասերյանը։

Նրա կարծիքով՝ եթե ապագայում բացվեն Թուրքիայի և Ադրբեջանի հետ սահմանները, ինչը ներկայացվելու է որպես Հայաստանի նկատմամբ ցուցաբերված բարեհաճություն, ապա դա կարող է ծանր հարված հասցնել տեղական արտադրությանը։

«Հայաստանը վերջնականապես կկորցնի իր տեղական արտադրության զգալի մասը։ Հատկապես գյուղատնտեսության ոլորտը կարող է հայտնվել չափազանց ծանր վիճակում»,- նշում է նա։

Մանասերյանը հիշեցնում է, որ անգամ Եվրամիության խոշոր երկրները դժվարությամբ են մրցակցում թուրքական գյուղատնտեսական արտադրանքի հետ։ Նրա խոսքով՝ Գերմանիան, Ֆրանսիան, Իտալիան և Նիդեռլանդները, որոնք գյուղատնտեսությունը լայնորեն սուբսիդավորում են պետական բյուջեից և իրականացնում են ոլորտի զարգացման բազմաթիվ ծրագրեր, լիարժեք չեն կարողանում մրցակցել թուրքական արտադրանքի հետ։

«Սահմանափակ ֆինանսական հնարավորություններ ունեցող Հայաստանը պատրա՞ստ է նման մրցակցության»,- հարցադրում է անում տնտեսագետը՝ հավելելով, որ նման զարգացումները կարող են լրջորեն թուլացնել երկրի տնտեսական դիմադրողականությունը։

Նրա գնահատմամբ՝ դրանից հետո Հայաստանի նկատմամբ ազդեցություն գործադրելը շատ ավելի հեշտ կլինի, քանի որ տնտեսական առումով խոցելի պետությունն ավելի դժվար է պաշտպանել իր շահերը։

«Մի կասկածեք, որ այստեղ կգան թուրքական և ադրբեջանական խոշոր ներդրումներ՝ հատկապես ռազմավարական ոլորտներում՝ էներգետիկայից մինչև սննդի արտադրություն։ Այդ դեպքում երկիրը վերահսկելու համար այլևս ռազմական գործողությունների կարիք չի լինի»,- ասում է Մանասերյանը։

Տնտեսագետը նաև նշում է, որ վերջին տարիներին թուրքական լիրան զգալիորեն արժեզրկվել է։ Նրա կարծիքով՝ Թուրքիան, չնայած սեփական տնտեսական խնդիրներին, կարող է չխնայել ռեսուրսները՝ Հայաստանը տնտեսական ազդեցության գոտի ներքաշելու համար։

Թագուհի Ասլանյան

Send