Իրան-Իսրայել լարվածությունը կտրուկ աճել է․ Իսրայելի կողմից իրականացված հարվածների մասին տեղեկություններ են տարածվում Իրանի մի շարք քաղաքներից։
Իրանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ պայթյունների ձայներ են լսվել Սպահանում, Ղոմում, Լորեստանում, Քերմանշահում, Քարաջում և Թավրիզում։
Մասնավորապես, Թեհրանում մի քանի հրթիռներ հարվածել են համալսարանական փողոցին և Ջոմհուրի թաղամասին։ Որոշ առցանց աղբյուրների համաձայն՝ հնարավոր թիրախներից մեկը եղել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։
Միևնույն ժամանակ ամերիկյան հեղինակավոր լրատվամիջոցները՝ The New York Times-ը և CNN-ը, հղում անելով ԱՄՆ պաշտոնյային, պնդում են, թե Միացյալ Նահանգները նույնպես մասնակցություն է ունեցել Իրանի դեմ իրականացված գործողությանը։
Իսրայելի կողմից Իրանի դեմ իրականացվող հատուկ ռազմական գործողությունը, ըստ տարածվող տեղեկությունների, կոչվում է «Հուդայի վահան»։ Իսրայելի պաշտպանության ուժերը հայտարարել է, որ ռազմաօդային ուժերը սկսել են Իրանի դեմ օդային հարվածների երկրորդ ալիքը։
Իրանը փակել է իր օդային տարածքը, իսկ մի շարք երկրներ իրենց քաղաքացիներին կոչ են արել լքել երկիրը։
Իրանագետ Վարդան Ոսկանյանը MediaHub-ի հետ զրույցում նշում է, որ առկա տեղեկությունները դեռ սահմանափակ են, սակայն առաջին գնահատականներով՝ հարվածները չեն եղել այն աստիճանի հուժկու, ինչպես կարելի էր սպասել նման լարվածության պայմաններում։
«Եթե փորձենք մեկնաբանել Իսրայելի ագրեսիան Իրանի դեմ, այն որոշ չափով տարօրինակ է թվում՝ հաշվի առնելով հարվածների բնույթը։ Առկա տեղեկատվությունը խիստ սահմանափակ է, բայց կարելի է արձանագրել, որ հարվածները հիմնականում ուղղված են եղել քաղաքացիական բնույթի օբյեկտների դեմ»,- նշեց իրանագետը։
Վարդան Ոսկանյանի գնահատմամբ՝ չի բացառվում, որ այս գործողությունների նպատակը նաև Միացյալ Նահանգներին հակամարտության մեջ ավելի խորը ներգրավվելու փորձն է, հատկապես այն ֆոնին, երբ Իրանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների հերթական փուլը նախատեսված էր հաջորդ շաբաթ։
Անդրադառնալով Իրանի նախագահի դեմ հնարավոր մահափորձի տեղեկություններին՝ իրանագետը նշեց, որ այս պահին որևէ հստակ եզրակացություն անել հնարավոր չէ։ «Տեղեկատվական դաշտում այժմ նկատվում է նաև ապատեղեկատվության մեծ հոսք, իսկ իրանական պաշտոնական աղբյուրները նախագահի դեմ մահափորձի վերաբերյալ որևէ հաստատում չեն տարածել»,- ընդգծց նա։
Նշենք, որ իրավիճակը տարածաշրջանում շարունակում է մնալ լարված, իսկ զարգացումները՝ արագ փոփոխվող։
Ալիտա Եղիազարյան

Русский