Հայաստանն ու Վրաստանը բախվում են Արևմուտքի կողմից իրենց քաղաքական իրավիճակին ուղղված բացահայտ և լկտի միջամտության։ Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն՝ Անվտանգության խորհրդի գիտափորձագիտական խորհրդի նախագահության նիստում։
«Արևմտյան ուժերը բացահայտ և լկտիաբար փորձում են միջամտել քաղաքական իրավիճակին։ Հարավային Կովկասում մենք դա տեսնում ենք ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի դեպքում»,- նշել է նա։
Անվտանգության խորհրդի քարտուղարը վստահություն է հայտնել, որ «պետությունների միջև չկան անլուծելի հակասություններ, և երբ տարաձայնություններ են ծագում, պետք է անմիջապես գնահատել, թե ում է ձեռնտու սեպ խրել հարևան ժողովուրդների և ազգերի միջև»։ «Որպես կանոն՝ դրա հետևում կանգնած են արևմտյան ուժերը՝ կողմեր, որոնք շահագրգռված են պահպանել վերահսկողությունը եկամտաբեր տնտեսական ոլորտների, տրանսպորտային-լոգիստիկ միջանցքների և ռեսուրսների նկատմամբ»,- ընդգծել է նա։
Այս համատեքստում Շոյգուն մեջբերել է Վրաստանի խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլիի վերջին հայտարարությունը, ով «հստակ և ողջամտորեն» նշել է, որ «թեև Ռուսաստանի հետ լարվածության սրումը կարող է բխել Գերմանիայի կամ Լիտվայի շահերից, այն չի բխում Վրաստանի շահերից»։

Русский