Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Չեղարկել լրագրողներ Սոնա Գրիգորյանին և Քնար Մանուկյանին ԱԺ հավատարմագրումից զրկելու որոշումը․ ԴՄ հայտարարություն

Blog Image

«Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագիր Քնարիկ Մանուկյանին եւ ArmLur.am լրատվական կայքի խմբագիր-պատասխանատու Սոնա Գրիգորյանին ԱԺ հավատարմագրումից զրկելու մասին

 

Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը, ուսումնասիրելով «Ժողովուրդ» օրաթերթի գլխավոր խմբագրի եւ Armlur.am կայքի խմբագիր-պատասխանատուի դիմումը, Ազգային ժողովի աշխատակազմի ընդունած վարչական ակտերը, ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման կարգին վերաբերող փաստաթուղթը, ԱԺ աշխատակազմի ղեկավար – գլխավոր քարտուղարի 2025թ․ դեկտեմբերի 19-ի  1/5278 գրությունը եւ խոսքի ազատությանը վերաբերող միջազգային փաստաթղթերը, արձանագրում է հետեւյալը․

• Խոսքի եւ տեղեկատվության ազատությունը երաշխավորված է ՀՀ Սահմանադրությամբ, «Զանգվածային լրատվության մասին» օրենքով, ՄԻԵԿ 10-րդ հոդվածով, ՔՔԻԴ 19-րդ հոդվածով, ԵԱՀԿ մեդիայի ազատությանը վերաբերող փաստաթղթերում ձեւակերպված սկզբունքներով։

• Այս նորմերի համակցված մեկնաբանությունը պարտադրում է, որ լրագրողների գործունեության որեւէ սահմանափակում
ա) լինի օրինական,
բ) ծառայի լեգիտիմ նպատակի,
գ) լինի անհրաժեշտ եւ համաչափ՝ ժողովրդավարական հասարակությունում,
դ) չկրի զսպիչ (chilling effect) բնույթ։
Դիտորդ մարմինն արձանագրում է, որ

• Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգում կիրառվող ընդհանուր եւ չկոնկրետացված ձեւակերպումները («խոչընդոտում», «խախտում», «անթույլատրելի վարքագիծ») չեն ապահովում լրագրողի համար կանխատեսելիություն, թույլ չեն տալիս ողջամտորեն հասկանալ, թե հատկապես ո՛ր գործողությունը կարող է դիտարկվել որպես խախտում։ Նման կարգավորումները հակասում են իրավական որոշակիության սկզբունքին եւ չեն համապատասխանում ՄԻԵԴ նախադեպային իրավունքում ձեւավորված պահանջներին, ըստ որոնց՝ խոսքի ազատության սահմանափակումները պետք է լինեն կանխատեսելի եւ կամայականությունից պաշտպանված։ Այս հանգամանքը հակասում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի իմաստով «օրենքով սահմանված» լինելու պահանջին, ինչպես այն մեկնաբանվել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքում (Sunday Times v. the United Kingdom, Şener v. Turkey)։• Լրագրողների նկատմամբ կիրառված առավել խիստ պատժամիջոցի՝ մեկ տարի ժամկետով հավատարմագրումից զրկելու մասին ԱԺ աշխատակազմի ղեկավարի՝ 2025թ․ դեկտեմբերին ուղարկված 1/5278-2025 գրության մեջ չի հիմնավորվել լրագրողների վարքագծի իրական վտանգավորությունը, չի կատարվել Ազգային ժողովի բնականոն գործունեությանը պատճառված վնասի կամ անվտանգության ռիսկի գնահատում։ Փաստաթղթում չեն ներկայացվել չափելի եւ օբյեկտիվ չափանիշներ, որոնց հիման վրա հնարավոր կլիներ եզրակացնել, որ տվյալ միջամտությունը եղել է անհրաժեշտ եւ համաչափ՝ ժողովրդավարական հասարակությունում։ Սա հակասում է ՄԻԵԴ-ի ձեւավորված դիրքորոշմանը լրագրողների դեմ պատժամիջոցների կիրառման վերաբերյալ (Cumpănă and Mazăre v. Romania, Stoll v. Switzerland)։

• Դիտորդ մարմինը մտահոգիչ է համարում այն փաստը, որ հավատարմագրման կարգի կիրառումը տվյալ դեպքում ԱԺ աշխատակազմին հնարավորություն է տվել, առանց հստակ սահմանված ընթացակարգերի եւ վերահսկողական երաշխիքների, նախ կիրառել նախազգուշացում, իսկ անմիջապես հաջորդ օրը՝ առավել խիստ պատժամիջոց՝ հավատարմագրումից զրկում։ Նման լայն հայեցողությունը, որն օգտագործվել է լրագրողներ Սոնա Գրիգորյանի եւ Քնարիկ Մանուկյանի նկատմամբ, չի համատեղվում Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքի այն պահանջների հետ, ըստ որոնց խոսքի ազատության ոլորտում պետական մարմինների հայեցողությունը պետք է լինի սահմանափակ եւ կամայականությունից պաշտպանված։

• Դիտորդ մարմինը կարեւորում է նաեւ այն հանգամանքը, որ պատժամիջոցների կիրառումը հաջորդել է լրագրողների կողմից Ազգային ժողովում պատգամավորներին ուղղված քաղաքականապես սուր եւ քննադատական հարցադրումներին, որոնք բխում են լրագրողների կողմից հանրային վերահսկողության իրենց օրինական գործառույթի իրականացումից։ Այս համատեքստում հավատարմագրումից զրկելը չի կարող դիտարկվել որպես բովանդակային չեզոք միջոց եւ կրում է զսպիչ բնույթ, ինչը հակասում է ՄԻԵԿ-ի 10-րդ հոդվածի պաշտպանական նպատակին։ Դիտորդ մարմինը սա գնահատում է ոչ համաչափ վարչական միջամտություն լրագրողների մասնագիտական գործունեությանը։

• Հատկապես կարեւոր է, որ լրագրող Քնարիկ Մանուկյանի նկատմամբ նույն սցենարով հավատարմագրումից զրկում արդեն կիրառվել է 2023 թվականին, եւ դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել այդ որոշումը։ Նման պայմաններում նույն մեխանիզմը կրկին կիրառելը չի կարող դիտարկվել որպես պատահական կամ տեխնիկական սխալ եւ վկայում է համակարգային, կանխամտածված վարքագծի մասին։
Դիտորդ մարմինն արձանագրում է, որ ԱԺ ղեկավարության կողմից հավատարմագրման կարգի նման կիրառումը՝

 

• կարող է ստեղծել անտեղի զգուշավորության եւ ինքնագրաքննության մթնոլորտ լրագրողների շրջանում,

• ազդակ է, որ սուր հարցադրումները կարող են հանգեցնել մասնագիտական գործունեության սահմանափակման,

• խաթարում է Ազգային ժողովի՝ հանրային վերահսկողության ենթակա ինստիտուտի թափանցիկությունը։
Սա ունի ոչ միայն անհատական, այլեւ լայն հանրային վտանգ, քանի որ սահմանափակում է հասարակության` տեղեկացված լինելու իրավունքը։
Տեղեկավական վեճերի խորհուդը, հաշվի առնելով այս եւ նմանատիպ փաստերը՝ սեփական նախաձեռնությամբ ուսումնասիրել է  Ազգային ժողովում լրագրողների հավատարմագրման կարգը եւ դրա խնդրահարույց դրույթների վերաբերյալ հրապարակել է կարծիք, որում, մասնավորապես, նշում է․ «Կարգում սահմանված կարեւոր սկզբունքներից մեկն այն է, որ հավատարմագրումը ոչ թե հանրային մարմնի պահանջ է, այլ՝ լրատվամիջոցի իրավունք։  Դա նշանակում է, որ այդ մարմիններին վերապահված է միայն դիմումի գրանցման իրավասություն, ինչը չի կարող մեկնաբանվել ու կիրառվել որպես թույլտվություն։ Այս մոտեցումը բխում է «Զանգվածային լրատվության մասին» օրենքի 6-րդ հոդվածից, որն էլ ներկրվել է միջազգային իրավունքից: Հետեւաբար, կանխավարկածը գործում է հավատարմագրման օգտին, այսինքն՝ հավատարմագրման դիմումի մերժում կամ հավատարմագրման դադարեցում կարող է կատարվել միայն որոշակի խիստ անհրաժեշտության դեպքում՝ պայմանավորված հանրային շահով»։Հայաստանի ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմինը հիշեցնում է, որ լրագրողական կազմակերպությունները սույն թվականի հունվարի 16-ին Հայտարարություն են տարածել լրագրողներ Քնարիկ Մանուկյանի եւ Սոնա Գրիգորյանի մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու վերաբերյալ եւ ընդգծել են, որ ԱԺ-ում լրագրողների հավատարմագրման գործընթացները հակասում են ՀՀ սահմանադրությամբ, «Զանգվածային լրատվության մասին» օրենքով, Հայաստանի ստորագրած միջազգային փաստաթղթերով ամրագրված՝ խոսքի ազատության եւ ԶԼՄ-ների գործունեության երաշխիքներին։
Դիտորդ մարմինը կրկին արձանագրում է, որ Ազգային ժողովում պատգամավորների եւ լրագրողների միջեւ ձեւավորվել է անառողջ, լարված եւ կոնֆլիկտային մթնոլորտ։ Այս միջավայրում հավատարմագրման կարգը գործնականում կիրառվում է ոչ թե որպես կազմակերպական գործիք, այլ որպես որոշ լրատվամիջոցների գործունեությունը սահմանափակելու լծակ։

 

Դիտորդ մարմինն անհրաժեշտ է համարում՝

• Քնարիկ Մանուկյանին եւ Սոնա Գրիգորյանին ԱԺ հավատարմագրումից զրկելու որոշումների չեղարկումը,

• լրագրողների հավատարմագրման կարգի վերանայումը եւ համապատասխանեցումը խոսքի ազատության միջազգային չափանիշներին,

• ԱԺ-ում լրագրողների ու պատգամավորների միջեւ մասնագիտական շփումների առողջ միջավայր ձեւավորելու ուղղությամբ իրական միջոցների ձեռնարկումը։

Ընդունվել է 2026թ. մարտի 23-ին,
ԶԼՄ-ների էթիկայի Դիտորդ մարմնի հետեւյալ կազմով

Գնել ՆԱԼԲԱՆԴՅԱՆ
«Նյումեգ» հրատարակչության գլխավոր խմբագիր
Բորիս ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ
Երեւանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ
Դավիթ ԱԼԱՎԵՐԴՅԱՆ
«Մեդիամաքս» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր
Վիգեն ՍԱՐԳՍՅԱՆ
ԵՄԱ մասնագիտական էթիկայի հանձնաժողովի նախագահ
Արա ՂԱԶԱՐՅԱՆ
Իրավաբան
Նունե ՍԱՐԳՍՅԱՆ
Մեդիա նախաձեռնությունների կենտրոնի գործադիր տնօրեն
Սուրեն ԴԵՀԵՐՅԱՆ
Ampop.am-ի հիմնադիր խմբագիր
Աշոտ ՄԵԼԻՔՅԱՆ
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի նախագահ
Մարգարիտա ՄԻՆԱՍՅԱՆ
«Ցայգ» հեռուստաընկերության տնօրեն
Արսեն ԽԱՌԱՏՅԱՆ
«Ալիք Մեդիա» լրատվական-վերլուծական կայքի հիմնադիր
Արեւիկ ՍԱՀԱԿՅԱՆ
Factor TV-ի գործադիր տնօրեն
Նարինե ԱՎԵՏԻՍՅԱՆ
Վանաձորի «Լոռի» ՀԸ գործադիր տնօրեն
Անժելա ՍՏԵՓԱՆՅԱՆ
Արմավիրի «ԱԼՏ» հեռուստաընկերության խմբագիր

Send