Մեր հասարակությունում մանդատների հետ կապված կան չափազանցված պատկերացումներ։ Շատերի ընկալմամբ, մանդատներ չվերցնելն ինքնին կարող է հանգեցնել իշխանափոխության։ Սակայն իրականում իշխանափոխություն իրականացնում են քաղաքական հստակ օրակարգով, իրատեսական քայլերի հաջորդականությամբ ու հանրային լայն կոնսոլիդացիայով։ Եթե կա այդ ամբողջը, ապա իշխանափոխություն կլինի անկախ նրանից՝ քաղաքական ուժերը վերցնում են մանդատ, թե՝ ոչ։ Իսկ եթե չկա, ապա Նիկոլ Փաշինյանին հեռացնելու հայտ ներկայացրած ուժերը, անցնելով խորհրդարան, պարզապես կփոշիացնեն այն վստահությունը, որն ունեին հասարակության մի ստվար զանգվածի կողմից, այսինքն՝ կկորցնեն իրենց ընտրողներին։
Կարծում եմ՝ քաղաքականապես շատ ավելի արդյունավետ կլինի քննարկելը, թե արդյո՞ք խորհրդարան անցած ուժերն ունեն հստակ օրակարգ, թե՞ ոչ, քան զուտ մանդատներ վերցնելու փաստը թիրախավորելը, որովհետև հայտարարությունները, թե իբր հնարավոր է ժամանակի ընթացքում մոտ մեկ տասնյակ ՔՊ-ականներ միանան Փաշինյանին հեռացնելու պահանջին, ոչ թե օրակարգ են, այլ բարի ցանկություն։ Որպեսզի անհրաժեշտ քանակով ՔՊ-ականներ միանան այդ պահանջին, կրկին առաջ է գալիս իրատեսական օրակարգ ունենալու ու քայլեր ձեռնարկելու հարցը, քանի որ ոչ մի ՔՊ-ական առանց Փաշինյանին հեռացնելու տեսանելի հեռանկարի չի միանա ընդդիմությանը, որքան էլ իրենց տան խոհանոցում հայհոյի կամ քննադատի իր ղեկավարին։
Իսկ ունի՞ խորհրդարանական ընդդիմությունը նման օրակարգ ու քայլերի ծրագիր, այս պահին կարծես՝ ոչ։ Երբեմն նույնիսկ տպավորություն է ստեղծվում, որ ոչ միայն նման ծրագիր, այլև ցանկություն էլ չկա։ Իհարկե, հռետորաբանության տեսանկյունից ամեն ինչ նորմալ է, սական ոչ միշտ է, որ հռետորաբանությունը, նույնիսկ ամենակոշտ, արտացոլում իրականությունը։
Առաջին հայացքից կարծես ձևավորվում է մի ստատուս քվո, որի միջոցով փորձ է արվելու գոհացնել բոլորին, որպեսզի «և՛ գայլերը կուշտ լինեն, և՛ ոչխարները՝ ապահով»։ Իշխանությունը նվազագույնը ևս 5 տարի կգտնվի երկրի կառավարման ղեկին, ընդդիմությունը 5 տարի խորհրդարանում կքննադատի իշխանությանը, սակայն՝ նկատելի փոխված օրակարգով։ Այս խորհրդարանում այլևս նախկին ակտուալությունը չեն ունենա այնպիսի թեմաները, ինչպիսիք են Արցախը, արցախցիների վերադարձը, Հայոց ցեղասպանությունը, Արարատ լեռը, Ադրբեջանի կողմից օկուպացված ՀՀ տարածքներն ու մեր ազգային արժեքները։ Գուցե սխալվում եմ, բայց, համենայնդեպս, այս պահին, դեպքերի ընթացքը դա է հուշում։
Գուցե սխալվում եմ նաև ստատուս քվոյի ու Փաշինյանին հեռացնելու օրակարգի հարցով, սակայն մենք սահուն մոտենում ենք այն օրվան, երբ նորընտիր խորհրդարանը կսկսի իր աշխատանքները, բայց մենք այդպես էլ ոչ միայն չտեսանք հետընտրական որևէ թեկուզ փոքր շարժ, այլ չլսեցինք մի այնպիսի հուսադրող նախադասություն, որն ընտրողներին կհիշեցներ, որ այնուամենայնիվ հունիսի 8-ին Նիկոլ Փաշինյանը չպետք է լիներ վարչապետ։ Իսկ եթե հետընտրական զարգացումներ էլ եղան, ապա դրա թելադրողն ու դեպքերի կառավարողը նորից Նիկոլ Փաշինյանն էր։
Բացի այդ, մենք սովորաբար ամեն ինչը, այդ թվում մանդատներ վերցնել-չվերցնելու հարցը դիտարկում ենք բացառապես քաղաքական պրիզմայով՝ անտեսելով մարդկային գործոնը, այնինչ երբեմն երևույթներում հաճախ ավելի շատ մարդկային սովորական մոտիվացիաներն են, քան քաղաքական հաշվարկները։
Եկեք մի պահ երևույթներին նայենք այլ տեսանկյունից, որի մասին շատ քիչ է խոսվում, կարծես ինքնախաբեությունն ու իրականությանը բաց աչքերով նայելը կարող է հանգեցնել խնդիրների լուծմանը։
Երեկ ԿԸՀ-ն հրապարակեց խորհրդարան անցած պատգամավորների ամբողջական ցուցակը։
Եվ ահա, երբ կարդում ես մարդկանց անուններ, որոնք օրեր անց բազմելու են պատգամավորական աթոռներին, ապա առաջանում է մի շատ պարզունակ հարց․ ինչո՞ւ նրանք պետք է հրաժարվեին այդ մանդատներից։ Հայաստանում ցավալիորեն մոռացել են մի պարզ հանգամանք, այն է, որ Ազգային ժողովը երկրի թիվ մեկ քաղաքական մարմինն է, ու մարդիկ պատգամավոր են դառնում քաղաքական գործունեության արդյունքում, այլ ոչ թե մանդատն է դառնում գործունություն ծավալելու մեկնարկը։ Միտքս ավելի պարզ բացատրեմ, մարդը սկզբում զբաղվում է քաղաքականությամբ, հետո նոր հայտվում կամ չի հայտնվում խորհրդարանում, այլ ոչ սկզբում դառնում է պատգամավոր, հետո նոր սկսում քաղաքականությամբ զբաղվել։ Այլ խոսքով, խորհրդարանն արդյունք է, այլ ոչ քաղաքական դպրոցի տարրական դասարան։
Սակայն կարդալով նորընտիր պատգամավորների անունները, հասկանալի է դառնում, որ նրանց մեծամասնությունը քաղաքականության հետ առնչվել է լուրեր կարդալիս, նրանց մեծամասնությունը երբևէ չի եղել Ազգային ժողովի շենքում, նրանց մեծամասնությունը նույնիսկ չի համարձակվել երազել, որ երբևէ կարող է դառնալ օրենսդիր մարմնի անդամ (ի դեպ, ինչպես գրեթե բոլոր ՔՊ-ականները 2018-ից առաջ)։ Եվ ահա, հիմա այդ մարդիկ ստանում են մանդատ, անցնում են խորհրդարան՝ իր բոլոր առավելություններով՝ սկսած ֆինանսական, վերջացրած կարգավիճակով, ըստ այդմ, ինչո՞ւ պետք է նրանք հրաժարվեն մանդատներից՝ հանուն անորոշ ապագայի։ Մանդատը նրանց համար այն երկնային մանանան է, որը թափվել է իրենց գլխին անկախ իրենցից ու այժմ մնում է միայն վայելել դրա պտուղները, իսկ թե ինչո՞ւ չեն հրաժարվում մանդատներից, դրա համար իրենք կբերեն 1000 պատճառ, որոնց մի մասը արտաքնապես համոզիչ կթվա, մի մասը՝ ոչ, սակայն ժամանակի ընթացքում այդ մանտադներից հրաժարվելու հարցն ինքնաբերաբար կփակվի այնպես, ինչպես փակվեց 2021 թվականին։
Սակայն իրականում ես այդ «մանդատակիրներին» չեմ մեղադրում, քանի որ դա մեր հասարակությանը բնորոշ մտածելակերպ է։ Եթե նկատել եք, մեր խոսակցականում շատ են ընդունված «կպցնել», «կպավ» բառերը։ Շատ-շատերը մտածում են ոչ թե գումար վաստակելու, այլ «կպցնելու» մասին, նույնն էլ այս պարագայում է, մանդատը «կպել է», հետևաբար ինչո՞ւ չօգտվել։
Բայց այդպես մսխվում ու մսխվելու է հանրային վստահությունը ոչ միայն ընդդիմադիր, այլև ողջ քաղաքական դաշտի հանդեպ, իսկ 5 տարի հետո...«էշ մի սատկի, գարուն կգա»։
Ցավալիորեն Հայաստանում բացակայում է քաղաքական պատասխանատվության գիտակցությունը։ Մասնավոր դեպքերում այն առկա է, հավաքական առումով՝ ոչ։
Սովորաբար մարդիկ հիմնականում խոսում են իշխանության լեգիտիմ կամ ոչ լեգիտիմ լինելու մասին, ընդ որում, լեգիտիմությունը չի չափվում միայն ընտրակեղծիքներով։ Երբ որևէ քաղաքական ուժ նախընտրական շրջանում հանդես է գալիս այլ ծրագրով, սակայն իշխանության գալուց հետո անում է դրա տրամագծորեն հակառակը, ապա կորցնում է քաղաքական լեգիտիմությունը, ինչպես Նիկոլ Փաշինյանը 2021 թվականի ընտրություններին։ Նույնն էլ կարող է վերաբերել ընդդիմությանը, երբ դու ողջ քարոզարշավի ընթացքում հանդես ես գալիս այնպիսի խոստմամբ, որը իրականություն չի դառնում, ապա այստեղ կարող է առաջանալ քաղաքական պատասխանատվության գիտակցում, որը եթե նույնիսկ չի էլ հանգեցնում գլխավոր հարցի լուծմանը, ապա, համենայնդեպս, խոսում է տվյալ ուժի կամ գործչի հասարակության հանդեպ ստանձնած պարտավորություններին հավատարիմ լինելու, պետական շահը անձնայինից վեր դասելու պատրաստակամության մասին։ Ինչպես ասացի, մասնավոր դեպքերում մենք ականատես ենք լինում քաղաքական նման մոտեցումների, բայց այդ քաղաքական պատասխանատվությունը չենք տեսնում որպես քաղաքական մշակույթ։
Մասնավոր դեպքերից էր ժամանակին Արթուր Վանեցյանի հրաժարումը մանդատից, ինչը քաղաքական պատասխանատվության դրսևորում էր։ «Հայրենիք» կուսակցության ղեկավարը հանդես եկավ քաղաքական հստակ գնահատականով ու հանրությանը տված խոստմանը հավատարիմ՝ այն է, որ իր համար մանդատ ունենալն ու խմբակցության ղեկավար լինելն ինքնանպատակ չէ, եթե այն չի հանգեցնում գլխավոր հարցի լուծմանը։
Մի՞թե Արթուր Վանեցյանը չէր կարող պահել մանդատն ու բերել հազար ու մի մեկնաբանություն, թե ինչու է անհրաժեշտ մնալ խորհրդարանում։ Մի՞թե Արթուր Վանեցյանը չէր կարող շարունակել պաշտոնավարելը որպես խմբակցության ղեկավար ու հանդես գալ հազար ու մի հիմնավորումներով։ Իհարկե կարող էր, սակայն հենց այստեղ է, որ ի հայտ են գալիս գործչի ոչ միայն քաղաքական, այլև անձնային հատկանիշները, հետևաբար հանրությունն էլ պետք է հետևություններ անի ոչ միայն լսելով մարդկանց խոստումները, այլև վերլուծելով նրանց քայլերն ու հայտարարությունները՝ համադրելով քաղաքական հետագծին։
Կարեն Կարապետյան

Русский