Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Աննա Հակոբյանը ճիշտ է՝ բռնությունը բռնություն է ծնում, հետևաբար ընտանեկան մոդելը փոխելու փոխարեն թող փոխի իր ամուսնու վարքագիծը

Blog Image

Նիկոլ Փաշինյանի տիկինը՝ Աննա Հակոբյանը, սոցիալական իր ցանցում անդրադարձել է բանակում տեղի ունեցած սպանությունների, ինքնասպանությունների ու բռնությունների դեպքերին՝ դրանց արմատները փորձելով գտնել ընտանիքներում։ Վերլուծության արդյունքում Աննա Հակոբյանը կասկածի տակ է դրել մեր ընտանեկան մոդելը՝ եզրահագնելով, որ բռնություններն են ծնում բռնություններ, այլ ոչ սիրո ու համերաշխության մթնոլորտը։ Այնուհետև հնչեցրել է հռետորական հարց, թե արդյո՞ք մեր հասարակությունը չի համակրում բռնակալներին։

Իհարկե, մասամբ կարելի է համաձայնել Աննա Հակոբյանի հետ, բայց ոչ հայկական ընտանեկան մոդելի կտրվածքով, այլ այն, որ այո՝ իրականում բռնությունը բռնություն է ծնում։ Իզուր չէ Աստվածաշնչում ասվում. «Եթե մեկը քո աջ ծնոտին ապտակ տա, նրան մյո՛ւսն էլ դարձրու»։ Շատերը սա բնութագրում են որպես թուլության քարոզ, սակայն նման մոտեցումը մակերեսային է ու խորությունից զուրկ, որը ցույց է տալիս, որ նման եզրահանգման եկողն ամեն ինչ ընկալում է տառացիորեն։

Ինչ վերաբերում է բանակին, ապա տիկին Հակոբյանը փորձում է մատնանշել բռնության արմատները, սակայն շրջանցում է պատասխանատուներին։ Բանակը փակ համակարգ է, որտեղ հավաքվում են տարբեր ընտանիքներից եկած, տարբեր դաստիարակություն ստացած (երբեմն ընդհանրապես դաստիարակություն չստացած), տարբեր աշխարհայացք կրող, որոշ դեպքերում քրեական հակումներ ունեցող (այո, դրանց մեծ մասի ուղիղ պատասխանատուն ծնողներն են) երիտասարդներ։ Ու այո, ես, խոշոր հաշվով համաձայն եմ այն մտքի հետ, որ կյանքում մարդու աշխարհայացքի ձևավորման առաջնային պատասխանատուն ընտանիքն է։ Ընդ որում, ոչ այնքան կարևոր է թե ինչ կրթություն ունեն ծնողները, որքան թե ինչպես են դաստիարակում իրենց զավակին, ու կյանքում թե ինչ ուղղությամբ է գնում մարդը ու ինչ ճակատագիր է ունենում, դրա արմատները պետք է փնտրել ընտանիքում։ Սակայն դա չի արդարացնում պատասխանատուների երբեմն հանցավոր անգործությունը։

Բանակում ոչ կանոնադրային հարաբերությունների շարունակական բնույթը ցույց է տալիս, որ ղեկավարությունը տեղում չէ։ Իհարկե անհնար է ընդհանրապես արմատախիլ անել բռնությունը (դա իտոպիա է), սակայն երբ տենդենցը պահպանվում է, նշանակում է բանակում պետք է արմատական փոփոխություններ արվեն ու հենց ղեկավակ կազմում։ Առհասարակ որևէ համակարգի գործունեությունը կախված է ղեկավար կազմի կոմպետենտությունից։ Չի կարելի ընդմիշտ միջին օղակներում մեղավորներ փնտրելով «ձկան գլուխը պահել պահածոյացված վիճակում»։ Եթե միջին օղակներում ժամանակ առ ժամանակ որոշ պաշտոնյաների ախատանքից հեռացնելը չի փոխում իրավիճակը, ապա պետք է փոխվի ղեկավար կազմը ու հենց «ձկան գլուխը»։

Ի դեպ, ռազմական շքերթի ժամանակ խրոխտ հայացքով զինվորներին ու սպաներին նայելը դեռևս ցուցիչ չէ, որ տվյալ նախարարը տիրապետում է իրավիճակին։ Եռաբլուրում կամ ԱԺ ճեպազրույցների ժամանակ լրագրողների հետ Ալեքսանդր Մակեդոնացու տոնով խոսացող ԳՇ պետի բառերը ապացույց չեն, որ նա իր գործի գիտակն է։ Կյանքը ցույց է տալիս հակառակը։ Արտաքին պերճանքի տակ թաքնված է թշվառությունը։ Բանակի ղեկավարությունը ոչ միայն անկարող է կասեցնել ադրբեջանցիների առաջխաղացումը (ապացույցը՝ Ջերմուկի տարածքներում դիրքավորված ադրբեջանցիները), այլև չի կարողանում բանակում զինվորների մեջ հաստատել կանոնադրային հարաբերություններ։

Սակայն միայն ընտանիքը չէ, որ արմատն է բռնությունների։ Աննա Հակոբյանը ճիշտ է մատնանշում՝ բռնությունը բռնություն է ծնում, հետևաբար բռնությունների աճը պայմանավորված է նաև երկրում տիրող բարոյահոգեբակական ընդհանուր վիճակով։

Այսօր Հայաստանի Հանրապետության ողջ տարածքով իշխում է բռնությունների ալիքը, ընդ որում, ամենաբարձր մակարդակով։ Երբ պետության ղեկավարը իր քաղաքական ընդդիմախոսներին սպառնում է «կզցնելով», դա բռնության վառ օրինակ է։ Երբ ընտրություններից հետո քաղաքական ընդդիմախոսներին բանտարկում են ու ունեզրկում, դա բռնության վառ օրինակ է։ Երբ երկրում առկա են աննախադեպ թվով քաղբանտարկյալներ, մի մասը բանտերում, մի մասը տնային կալանքի տակ, մի մասը հսկողության ներքո, մի մասը հարկադրաբար լռեցված, մի մասը տարբեր քրեական գործերով անցնող ու մեղադրանքների տակ, դա արդեն բռնության վառ օրինակ է։ Երբ իշխող ուժը իր ընդդիմախոսներին սպառնում է ոչնչացնել, այնուհետև ձևի համար օգտագործում է «քաղաքականապես» բառը, դա արդեն բռնության վառ օրինակ է։ Երբ քաղաքական դրդապատճառներով ձերբակալվողներին «փռում են» ասֆալտին ու արժանապատվությունրը ոտնահարելով բերման են ենթարկում, դա արդեն բռնության վառ օրինակ է։ Երբ այդ ամենը տեսանկարահանում են ու ցուցադրում ողջ հանրությանը, դա արդեն բռնության վառ օրինակ է։

Կարելի է երկար թվարկել, բայց այսքանն էլ բավարար է, ու հերթական անգամ նշեմ, որ ճիշտ է Աննա Հակոբյանը՝ բռնությունը բռնություն է ծնում, հետևաբար ընտանեկան մոդելը կասկածի տակ դնելու փոխարեն, թող փոխի իր ամուսնու վարքագիծը։

Ի դեպ, Աննա Հակոբյանը չի սխալվում նաև երբ բարձրացնում է հռետորական հարց, թե արդյո՞ք մեր հասարակությունը չի համակրում բռնակալներին։ Այդպես էլ կա, հակառակ դեպքում Նիկոլ Փաշինյանին որևէ կերպ չէր հաջողվի վերարտադրվել։

Կարեն Կարապետյան

Send