Լիտվայի Սեյմի անդամները կրկնակի քվեարկությամբ հաստատել են սահմանադրական փոփոխություն, որը վերացնում է երկրի տարածքում զանգվածային ոչնչացման զենքեր և օտարերկրյա ռազմակայաններ տեղակայելու արգելքը. սահմանվել է նաև վերջնական քվեարկության օրը, երեքշաբթի օրը հայտնել է Լիտվայի ազգային պաշտպանության նախարարությունը։
«Սահմանադրական փոփոխությունը պայմանավորված է Լիտվայի կողմից ՆԱՏՕ-ի զսպման ամբողջական ներուժն օգտագործելու անհրաժեշտությամբ։ ՆԱՏՕ-ի միջուկային զենքը զսպման ամենաարդյունավետ միջոցն է, իսկ ՆԱՏՕ-ի միջուկային վահանը կազմում է այդ զսպման հիմքը։ Լիտվան ՆԱՏՕ-ի միակ երկիրն է, որի Սահմանադրության մեջ նման արգելք է ամրագրված»,- ասված է հայտարարության մեջ։
Սեյմը սահմանադրական փոփոխության վերջնական քվեարկության համար կհավաքվի հաջորդ տարվա հունվարի 12-ին՝ եռամսյա ընդմիջումից հետո։
Լիտվայի Սահմանադրության մեջ փոփոխություններ կատարելու համար պահանջվում է, որ խորհրդարանի առնվազն 94 անդամ կողմ քվեարկի երեք առանձին դեպքերում։ Առաջին և երկրորդ քվեարկությունների ժամանակ կողմ քվեարկածների թիվը կազմել է համապատասխանաբար 99 և 106։
Ներկայում Լիտվայի Սահմանադրության 137-րդ հոդվածը սահմանում է, որ երկրի տարածքում չեն կարող տեղակայվել զանգվածային ոչնչացման զենքեր կամ օտարերկրյա ռազմակայաններ։

Русский