Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Միջազգային ՄՇԱԿՈՒՅԹ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Փախլավան ո՞ւմը կլինի․ Թուրքիան և Ադրբեջանը փորձում են գրանցել այն՝ առանց Հայաստանի

Blog Image

Թուրքիան և Ադրբեջանը միավորվել են և պայքարում են փախլավայի յուրացման համար, որը Հունաստանը համառորեն փորձում է պնդել, թե իրենն է։

Թուրքիան պատրաստվում է հատուկ ռազմավարության միջոցով ՅՈՒՆԵՍԿՕ-ում գրանցել փախլավան՝ մի աղանդեր, որը վաղուց Հունաստանի հետ վեճերի առարկա է եղել։

Ստեղծված իրավիճակում, բնականաբար, առաջանում է հարց՝ ինչո՞ւ այդ գործընթացում չի հիշատակվում Հայաստանը, որտեղ փախլավան նույնպես դարեր շարունակ պատրաստվել է։ Ի՞նչ կլինի, եթե փախլավան գրանցվի Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ հայտով։

Պատմաբան, ազգագրագետ Համլետ Պետրոսյանը MediaHub-ի հետ զրույցում ասաց․ «Եթե Թուրքիայում և Ադրբեջանում փախլավա պատրաստում և ուտում են, մերժելի չէ, բայց մենք էլ ենք պատրաստում և ուտում, ինչո՞ւ մեր անունը չկա։ Ոչ նյութական մշակութային ժառանգության կոնվենցիան, որն այսօր շատ տարածված է և որին Հայաստանն էլ է հետևում, մի շատ կարևոր կետ ունի․ նման նոմինացիաները ներկայացնելիս անպայման պետք է նկատի ունենալ բոլոր այն խմբերին ու անհատներին, որոնց մշակութային պրակտիկայում դա նույնպես կա։ ՅՈՒՆԵՍԿՕ-ն պետք է հստակեցնի՝ եթե փախլավան հայերն էլ են պատրաստում և օգտագործում, ուրեմն այդ հայտը պետք է ներկայացվի ոչ թե միայն Ադրբեջանի և Թուրքիայի անունից, այլ նաև Հայաստանը ներգրավելով։ Այդ նոմինացիաների նպատակը մշակութային համագործակցությունը զարգացնելն է, ոչ թե տարանջատելը։ Զարմանալիորեն, ոչ նյութական մշակութային ժառանգության ցանկը դարձել է զանազան ժողովուրդների և, առաջին հերթին, հայ-ադրբեջանական ու հայ-թուրքական մրցակցության ասպարեզ, որը բացարձակապես ընդունելի չէ»։

Մասնագետի գնահատմամբ՝ խնդիրը միայն մշակութային ճանաչման մասին չէ, այլ ունի նաև ակնհայտ քաղաքական ենթատեքստ։ Նրա համոզմամբ՝ Անկարան և Բաքուն տարիներ շարունակ հետևողական քաղաքականություն են իրականացնում հայկական մշակութային ժառանգության նկատմամբ։ «Ես կարծում եմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան ունեն շատ հստակ քաղաքականություն, և դա կոչվում է մշակույթի բռնազավթում։ Այսինքն՝ խնդիրը ոչ թե հայկականը մերժելն է, այլ այդ ամենը յուրացնելը՝ վերանվանելով այն։ Ամբողջ երաժշտական աշխարհում, ուտեստներում, գորգագործության մեջ՝ այդ բոլոր ասպարեզներում դուք կտեսնեք, որ խնդիրը ոչ թե ճանաչելն է, այլ բռնազավթելը, վերցնելն այնպես, որ դիմացինին ոչինչ չմնա։ Սա նրանց քաղաքականությունն է»,- նշեց ազգագրագետը։

Խոսելով այն մասին, թե ինչ դասեր կարող է քաղել Հայաստանը լավաշի, տոլմայի և այլ ավանդական արժեքների շուրջ նախկին քննարկումներից, և, ընդհանուր առմամբ, ինչպե՞ս պետք է փոքր պետությունները պաշտպանեն իրենց ոչ նյութական մշակութային ժառանգությունը միջազգային հարթակներում՝ Պետրոսյանը կարևորեց սկզբունքային և իրավական պայքարի անհրաժեշտությունը՝ միաժամանակ ընդգծելով, որ մշակութային ժառանգության պաշտպանության հարցում պետք է առաջնորդվել ոչ թե զգացմունքային, այլ մասնագիտական մոտեցմամբ։

«Շատ բարդ է, երբ հայերը հանդես են գալիս զուտ հայկականության տեսանկյունից, որովհետև մենք էլ պետք է ընդունենք, որ մեր մշակույթում առկա բազմաթիվ դրսևորումներ կան նաև հարևան ժողովուրդների մոտ՝ անկախ նրանից, թե մենք ինչ վերաբերմունք ունենք նրանց նկատմամբ։ Հաջորդ կարևոր կետը սկզբունքային մոտեցումն է, այլ ոչ թե յոլա գնալը։ Հայաստանն ընտրել է և շարունակում է մի կերպ գոյատևելու քաղաքականությունը, այլ ոչ թե արդարությամբ ու սկզբունքներով միջազգային ասպարեզում ներկայանալը»,- եզրափակեց ազգագրագետը։

Թե ինչ որոշում կկայացվի, և ինչ ճակատագրի կարժանանա փախլավան, հայտնի կդառնա ՅՈՒՆԵՍԿՕ-ի ոչ նյութական մշակութային ժառանգության միջկառավարական կոմիտեի 21-րդ նիստում, որը կանցկացվի Չինաստանի Սյամեն քաղաքում՝ նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 5-ը։

Ալիտա Եղիազարյան

Send