Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Սոցիալական ոլորտ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Վիրահատությունը դեռ չէր սկսվել․ 69-ամյա կնոջ կյանքից հեռանալու դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել

Blog Image

Մասիսում 69-ամյա կնոջ մահը լուրջ հարցեր է առաջացրել։ Իրինան «Էդեմ» բժշկական կենտրոն էր դիմել գինեկոլոգիական խնդրով և պատրաստվում էր վիրահատության։ Սակայն վիրահատությունն այդպես էլ չի սկսվել․ կինը մահացել է վիրահատական սեղանին՝ ընդհանուր անզգայացում ստանալուց հետո։
 
Մասիսի Դպրոցականների 9 հասցեի բնակիչ Իրինայի հարևանուհին MediaHub-ին պատմել է, որ կինը պատրաստվում էր օգտվել համընդհանուր առողջապահական ապահովագրության շրջանակում անվճար վիրահատության հնարավորությունից։
 
«Մահանալուց մեկ օր առաջ եմ տեսել, խոսել ենք, իրար որպիսություն ենք հարցրել։ Իրինան նաև սրտանոթային հիվանդություն ուներ։ «Նարկոզի» ժամանակ մահացել է։ Երևի բժիշկները հաշվի չեն առել, որ նաև սրտի առիթմիա ունի։ Չեմ ուզում բոլորին ասել, բայց Մասիսում առողջապահության համակարգը շատ թույլ է, նորմալ բժիշկ չունենք»,- ասել է հարևանուհին։
 
Դեպքից հետո հիվանդանոցի տնօրենն ու ևս հինգ բուժաշխատող 72 ժամով ձերբակալվել են։ «Էդեմ» բժշկական կենտրոնի վիրահատարանի և տնօրենի աշխատասենյակի դռները կնքված են։
 
Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ բուժաշխատողի մասնագիտական պարտականությունները չկատարելու կամ ոչ պատշաճ կատարելու, որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ, հատկանիշներով։
 
Մեզ չհաջողվեց կապ հաստատել «Էդեմ» բժշկական կենտրոնի տնօրենի հետ։ Բուժկենտրոնից, սակայն, փոխանցեցին, որ բուժաշխատողների կողմից հնարավոր թերացումների հարցը կպարզվի քննության ընթացքում։ «Կնոջ կյանքը փրկելու համար բժիշկները մեկ ժամ պայքարել են։ Ցավոք, արդյունք չի տվել։ Ամեն ինչ կպարզվի քննությամբ»,- նշել են բժշկական կենտրոնից։
 
Հունան Թադևոսյան

Send