«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հակակոռուպցիոն կոմիտեի երեկ հրապարակած տեսանյութն ու ձայնագրությունը ոչ միայն բացահայտում են Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետի Հայոց պատմության ամբիոնի նախկին վարիչի կողմից կաշառք պահանջելու և ստանալու վերաբերյալ քրեական վարույթի մանրամասները, այլև լուրջ հարցեր են առաջացնում բուհական ընդունելության նկատմամբ պետական վերահսկողության արդյունավետության վերաբերյալ։
Հակակոռուպցիոն կոմիտեի հրապարակած տվյալներով՝ Էդիկ Մինասյանը, որը 2023 թվականի սեպտեմբերի 3-ից զբաղեցրել է ամբիոնի վարիչի պաշտոնը, օգտագործելով իր պաշտոնեական դիրքն ու ընդունելության հանձնաժողովի վրա ունեցած ազդեցությունը, խոստացել է ապահովել դիմորդի՝ ԵՊՀ ընդունվելը։ Սկզբում պահանջված գումարը կազմել է 5000 ԱՄՆ դոլար, ապա բանակցությունների արդյունքում այն նվազել է մինչև 4000 դոլար։ Այսինքն՝ խոսքը պարզապես մեկ պաշտոնյայի հնարավոր կոռուպցիոն վարքագծի մասին չէ։
Գործը միանգամից հարց է առաջացնում՝ ինչպե՞ս է պետական վերահսկողության ներքո գտնվող ընդունելության համակարգում հնարավոր դարձել նման գործարքի առաջարկն ու քննարկումը, և ինչպես է դեկանն ունեցել այլ՝ ԲՈՒՀ-ից դուրս կառույցների վրա ազդեցություն։
«Ժողովուրդ» օրաթերթը ևս մեկ անգամ ուսումնասիրեց և պարզեց, որ բուհական ընդունելության գործընթացում առանցքային դերակատարում ունեն ԿԳՄՍ նախարարությունն ու Գնահատման և թեստավորման կենտրոնը։ Եվ երկու հաստատություններից էլ հասարակությանը տարիներ շարունակ ներկայացվել է այն մոտեցումը, որ քննությունների կազմակերպման և վերահսկողության մեխանիզմները պետք է հնարավորինս բացառեն կոռուպցիոն ռիսկերը։ ԿԳՄՍ նախարարությունից և ԳԹԿ-ից հասարակությունը պետք է ստանա հստակ պատասխաններ՝ ինչ վերահսկողություն է իրականացվել ընդունելության գործընթացի նկատմամբ, ինչպես կարող էր ԵՊՀ պաշտոնատար անձը դիմորդների ընդունելության վրա ազդեցություն ունենալ։
Հակակոռուպցիոն կոմիտեն շրջանցել է դարձյալ ԿԳՄՍՆ-ին՝ նախարար Ժաննա Անդրեասյանով, և ԳԹԿ-ին՝ տնօրեն Արմեն Փաշայանով։ Հիմա արդեն նրանք պետք է պատասխանեն շատ ավելի պարզ հարցի՝ եթե համակարգն իսկապես վերահսկվում էր, ապա ինչպե՞ս դրա ներսում հայտնվեց 4000 դոլարանոց «ընդունելության» գործարքը»։
«Հրապարակ» թերթը գրում է.
Օրեր առաջ Վարդենիսի սահմանամերձ Գեղամաբակ գյուղում խուճապային իրավիճակ է ստեղծվել․ գյուղի արոտավայրում բնակիչներից մեկն ականի կամ ռումբի նմանվող առարկա է նկատել, ինչը լրջորեն անհանգստացրել է գյուղացիներին։
Դեպքի վայրում նախ գյուղի բնակիչներն են հավաքվել, սակայն չեն կարողացել հասկանալ՝ ինչ առարկա է գտել իրենց համագյուղացին, կանչել են գյուղապետին, ապա ահազանգել են ոստիկանություն։ Ոստիկաններն էլ կապ են հաստատել պաշտպանության նախարարության հետ, որտեղից սակրավորներ են ժամանել գյուղ, պարզել, թե ինչ է։ Ռումբը հենց տեղում պայթեցրել են։ Բայց դրանից հետո էլ գյուղում խուճապը չի անցել։ Բնակիչների շրջանում տարբեր վարկածներ են շրջանառվել, այդ թվում՝ մտահոգություն, թե հնարավոր է՝ հակառակորդը սահմանային հատվածից ներթափանցել է իրենց գյուղի տարածք՝ ական տեղադրել եւ հեռացել։
Ներքին գործերի նախարարությունից հաստատեցին մեր տեղեկությունը՝ փոխանցելով. «Օգոստոսի 12-ին քաղաքացուց ահազանգ է ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գեղամաբակ-Շատվան ավտոճանապարհի աջակողմյան հատվածում պայթուցիկի նմանվող իր է գտել։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Վարդենիսի քննչական բաժին»։
Դիմեցինք նաեւ Քննչական կոմիտե։ Այնտեղ հայտնեցին, որ դեպքի առթիվ ՀՀ ՔԿ Գեղարքունիքի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 335-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի ու առարկաների ապօրինի շրջանառության վերաբերյալ։ Սա պրոցեսուալ պարտադիր քայլ է։
Գեղամաբակի վարչական ղեկավար Վարդան Սաղաթելյանը «Հրապարակի» հետ զրույցում ասաց, որ, իր կարծիքով, առարկան, ամենայն հավանականությամբ, իրենց տարածքում է հայտնվել 2020 թվականի պատերազմի ժամանակ։ Նա բացառեց գյուղում շրջանառվող այն վարկածը, թե ականը վերջերս է բերվել եւ տեղադրվել հակառակորդի կողմից։ Վարչական ղեկավարի խոսքով՝ ականանման առարկան հայտնաբերել են հնձվորները։

Русский