Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Եթե Փաշինյանին այս մաղձը ներվի, ապա ձեզ, հարգելի ՔՊ-ականներ, չի ներվելու այն

Blog Image

Առաջիկա խորհրդարանական ընտրությունների քարոզարշավը օրեցօր հատում է նոր ու վտանգավոր սահմաններ։ Ատելության խոսքը դարձել է ոչ թե բացառություն, այլ քաղաքական գործիք, իսկ ամեն հերթական կարմիր գիծը՝ նախորդից ավելի աներևակայելի։

Բոլորին սիրելու մասին պատմող Նիկոլ Փաշինյանն այլևս չի կարողանում թաքցնել իր ներսում կուտակված թույնն ու մաղձը։ Սրտիկներով ու առավոտյան սովորական դարձած տեսանյութերով այլևս հնարավոր չէ քողարկել այն լեզուն ու վերաբերմունքը, որն ինքն իրապես ունի հայի նկատմամբ։
 
«Ինչի՞ ես կենդանի, ինչո՞ւ չես զոհվել…, բոլորիդ արմատախիլ եմ անելու…, կզացնելու եմ…, համբալ…, տականք…, ռադդ քաշի, կապ չունի՝ կին է, թե տղամարդ…»․ սրանք այս քարոզարշավի ընթացքում հնչած արտահայտություններից միայն մի քանիսն են։ Դրանց զգալի մասը ուղղված է արցախցիներին՝ մարդկանց, որոնք, ըստ Փաշինյանի ենթատեքստի, մեղավոր են, որովհետև չեն մնացել իր կողմից հանձնված Արցախում ու մինչև վերջին մարդը չեն զոհվել։

Փաշինյանի տրամաբանությամբ՝ Արցախի մասին խոսելու իրավունք ունեն միայն զոհվածները։ Եթե ողջ ես մնացել, ուրեմն բավականաչափ չես սիրել Արցախը՝ այն հայրենիքը, որի ամեն թիզ հողը հայ մարդու արյամբ էր պաշտպանվել։

Այո՛, ի՞նչ իրավունք ունեին մարդիկ փրկվելու, երբ իրենց իսկ տներում ենթարկվում էին գոյաբանական սպառնալիքի։ Ի՞նչ իրավունք ունեին իննամսյա շրջափակումից հետո թողնել տունը, հարազատի գերեզմանը ու հասնել մայր հայրենիք։ Պետք է մնային ու զոհվեին, որպեսզի արժանանային Փաշինյանի՝ «հերոսի» չափանիշին։ Իսկ քանի որ ողջ են մնացել, այսօր արդեն դառնում են թիրախ, որոնց նկատմամբ երկրի ղեկավարը հրապարակային թույն է շնչում՝ այդ թույնը փոխանցելով նաև հասարակությանը։

Սակայն խնդիրը միայն Փաշինյանի խոսույթը չէ։ Ավելի ծանրն այն է, որ նրա նետած ատելության առաջին սպառողները հենց ՔՊ-ականներն են։ Նրանք, ուզեն թե չուզեն, ստիպված են արդարացնել իրենց առաջնորդի ամեն նոր թեզը, հարմարեցնել սեփական խոսքը նրա հերթական հայտարարությանը և հրապարակային ստորագրել նրա յուրաքանչյուր արտահայտության տակ։

Տպավորություն է, թե իշխանական թիմում շատերը ոչ թե քաղաքական օրակարգ ունեն, այլ սպասման ռեժիմի մեջ են՝ հասկանալու համար, թե ուղիղ եթերում Փաշինյանն ինչ է ասելու, որպեսզի անմիջապես սկսեն դրա մասին ռիլեր նկարել, բացատրել ու արդարացնել հերթական միտքը։ Այդ կախվածությունը վաղուց արդեն քաղաքական համախոհություն չէ․ այն վերածվել է անվերապահ ենթարկման։

Մենք չգիտենք՝ Փաշինյանի հաջորդ հայտարարությունն ինչ կլինի։ Բայց մեկ բան արդեն պարզ է՝ նա կանգ առնելու քաղաքական կամք չի ցուցաբերում։ Եվ առաջին հարվածն ի վերջո ստանալու են հենց իր կողքին կանգնած մարդիկ։

Քանի որ եթե երկրի ղեկավարին շատերը պատրաստ են ներել այս ամենը՝ թեկուզ մտքով, որ աֆֆեկտի տակ է, կամ հոգեկան խնդիրներ ունի, կամ նմանատիպ այլ արդարացումներ, ապա նույն ներողամտությունը չի տարածվելու նրա թիմակիցների վրա։ Նրանք ստիպված են լինելու պատասխանել ոչ միայն իրենց ասածների, այլ նաև այն լռության համար, որով տարիներ շարունակ լեգիտիմացրել են այդ լեզուն ու այդ վարքագիծը։

Վաղը, գուցե, կասեն՝ ստիպված էին, չէին ուզում, չէին պատկերացնում, սխալվել են կամ ուշ են հասկացել։ Բայց քաղաքական պատմությունը նման արդարացումները սովորաբար չի ընդունում։ Որովհետև ուշացած զղջումը պատասխանատվությունից չի ազատում։

Եվ եթե Փաշինյանին այս մաղձը մի օր ներվի, ապա ձեզ, հարգելի ՔՊ-ականներ, չի ներվելու այն, քանի որ որ ոչ միայն չկանգնեցրիք այդ թույնը, այլ հաճախ դարձաք դրա տարածողը։

Նարե Գնունի

Send