Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԽՄԲԱԳՐԱԿԱՆ

Պոպուլիզմի գինը՝ հայ տնտեսավարողի ու շարքային քաղաքացու հաշվին

Blog Image

Ռուս-ուկրաինական պատերազմը շարունակում է մնալ կոշտ ու արյունալի, իսկ Վոլոդիմիր Զելենսկին Երևանում հնչեցնում է ուղերձներ, որոնք լիովին հասկանալի են իր երկրի, բայց չափազանց բարդ՝ հայ մարդու տեսանկյունից։ Խոսքը պատժամիջոցների խստացման, Ռուսաստանի տնտեսական մեկուսացման և ճնշումը շարունակելու մասին է. մի երկրում, որի տնտեսությունը շարունակում է մեծապես կապված լինել Ռուսաստանի հետ։

Այստեղ հենց սկսվում է գլխավոր հակասությունը։ Հայաստանը մի կողմից փորձում է դիրքավորվել որպես միջազգային գործընկերների համար բաց և համագործակցող հարթակ, մյուս կողմից՝ շարունակում  ապրել մի տնտեսական համակարգում, որտեղ Ռուսաստանի դերը ոչ թե մեծ է, այլ՝ համակարգային։

Հայաստանի արտահանման զգալի մասը ուղղվում է ռուսական շուկա։ Սննդամթերք, ալկոհոլային խմիչքներ, գյուղմթերք, վերամշակված արտադրանք. հազարավոր աշխատատեղեր ուղղակիորեն կամ անուղղակիորեն կախված են այդ շուկայից։ Եվ այստեղ խոսքը միայն խոշոր բիզնեսի մասին չէ․ միջին և փոքր արտադրողներն են առաջինը, որ հարված են ստանում ցանկացած քաղաքական լարվածության դեպքում։

Վերջին ամիսներին արդեն տեսանելի են այդ ռիսկերի կոնկրետ դրսևորումները։ Հայկական կոնյակի արտահանման խոչընդոտները, «Ջերմուկ» հանքային ջրի շուրջ առաջացած խնդիրները պարզապես առանձին դեպքեր չեն։ Դրանք ազդանշան են՝ ցույց տալու, թե որքան արագ տնտեսական լծակները կարող են վերածվել քաղաքական ճնշման գործիքի։

Եվ այստեղ կարևոր է հասկանալ, որ Ռուսաստանը նման իրավիճակներում հուզական դաշտում չի գործում։ Վլադիմիր Պուտինի ղեկավարած համակարգը տնտեսական գործիքները դիտարկում է որպես արտաքին քաղաքականության շարունակություն։ Այսինքն, եթե Հայաստանը թույլ է տալիս իր տարածքը դարձնել հարթակ հակառուսական կոշտ հայտարարությունների համար, ապա պետք է նաև պատրաստ լինի, որ պատասխանն էլ է կոշտ լինելու, բայց ոչ թե հայտարարությունների, այլ կոնկրետ տնտեսական քայլերի տեսքով։

Խնդիրը խորանում է նաև այն պատճառով, որ Հայաստանի տնտեսությունը դեռևս բավարար չափով դիվերսիֆիկացված չէ։ Այո, վերջին տարիներին փորձ է արվում ընդլայնել կապերը Եվրոպայի, Մերձավոր Արևելքի և այլ շուկաների հետ, բայց այդ գործընթացը երկարաժամկետ է։ Այս պահին ռուսական շուկային համարժեք փոխարինող պարզապես չկա։

Սա նշանակում է, որ ցանկացած կտրուկ քաղաքական քայլ, որը Մոսկվակն կարող է ընկալել որպես իրեն ուղղված մարտահրավեր, անմիջապես վերածվում է տնտեսական ռիսկի։ Եվ այդ ռիսկը առաջինը կրում է ոչ թե քաղաքական էլիտան, այլ հասարակ քաղաքացին՝ գյուղացին, արտադրողը, արտահանողը։

Այս ֆոնին հարց է առաջանում՝ արդյոք Հայաստանի իշխանությունները հաշվարկո՞ւմ են նման հայտարարությունների գինը։ Որովհետև արտաքին քաղաքականությունը միայն արժեքային հայտարարությունների շարք չէ։ Այն առաջին հերթին սառը հաշվարկ է, որտեղ յուրաքանչյուր քայլ ունի կոնկրետ տնտեսական հետևանք։

Եթե Հայաստանը ցանկանում է փոխել իր արտաքին տնտեսական ուղղությունները, ապա դա պետք է անի համակարգված, աստիճանաբար և ապահովագրող մեխանիզմներով։ Այլապես ստացվում է վտանգավոր իրավիճակ․ մենք դեռ կախված ենք մեկ կենտրոնից, բայց արդեն հրապարակային կերպով աջակցում ենք այդ կենտրոնի դեմ ուղղված քաղաքականությանը։

Սա ոչ թե բազմավեկտոր քաղաքականություն է, այլ ռիսկային բալանսավորում՝ առանց բավարար ռեսուրսների։

Ի վերջո, ամենակարևոր հարցը մնում է նույնը․ ո՞րն է Հայաստանի շահը։ Լինել հարթակ գլոբալ քաղաքական ուղերձների համար, թե՞ պաշտպանել սեփական տնտեսական կայունությունը։ Պարզ է, չէ՞, որ եթե պետական քաղաքականության մեջ բացակայում է այս պարզ հաշվարկը, ապա ցանկացած բարձրաձայն հայտարարություն, անգամ եթե այն արժեքային տեսանկյունից ճիշտ է, կարող է վերածվել տնտեսական ծանր հետևանքի։ Սա մեր իշխանությունը չի՞ գիտակցում, դժվար թե... եվ գլխավոր խնդիրն էլ դա է, որ գիտակցելով են մեզ տանում տնտեսական «կառափնարան»։ 

Նարե Գնունի

Send