Բիշքեկում Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովից հետո կազմակերպված ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, անդրադարձավ Գյումրիում տեղակայված ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերմանը և հայտարարեց, որ դա կախված կլինի միայն հայ ժողովրդի ցանկությունից, իսկ Ռուսաստանը բնավ նման մտադրություն չունի։
«Եթե հայերը կարծում են, որ Հայաստանում ռուսական ռազմաբազան պետք չէ, մենք կհեռանանք թեկուզ վաղը։ Բայց Հայաստանը պատրա՞ստ է դրան։ Խնդրեմ։ Մենք ոչ մեկին ոչինչ չենք պարտադրելու։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ իր կողքին լինի ռուսական որևէ ռազմական թև, մենք կմնանք, կաշխատենք, կհամագործակցենք»,- լրագրողի հարցին այսպես է պատասխանել Ռուսաստանի նախագահը։
Ռուսական ռազմաբազան Հայաստանից հանելու կամ թողնելու թեմային երեկ անդրադարձել է նաև Հայաստանի վարչապետը՝ կառավարության նիստից հետո պատասխանելով լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցերին։ Նա բառացիորեն նույն ձևակերպմամբ ռազմաբազայի ճակատագիրը թողեց Ռուսաստանի կամքին՝ հայտարարելով, որ Հայաստանը չի առարկի, եթե Ռուսաստանը որոշի իր ռազմաբազան դուրս բերել Հայաստանից, բայց Հայաստանը նման պահանջ չի ներկայացնի՝ թեկուզ, ըստ Փաշինյանի, դրա գործունեությունը մեզ համար կենսական նշանակություն չունի․ «Մենք այս ընթացքում ոչ մի անգամ Ռուսաստանի ռազմական բազայի հարցը չենք բարձրացրել, և այնպես էլ չէ, որ համարում ենք, թե ռուսական 102-րդ ռազմաբազայի ներկայությունը Հայաստանի տարածքում կենսական անհրաժեշտություն է։ Եթե Ռուսաստանը որոշի դուրս բերել ռազմաբազան Հայաստանից, մենք չենք առարկի, բայց եթե ցանկություն արտահայտեն մնալու, մենք պատրաստ ենք նաև դա քննարկել։ Բայց մենք այս ընթացքում այդ հարցերը երբեք չենք բարձրացրել»։
Ընթացիկ տարվա փետրվարին ևս Փաշինյանը հայտարարել էր, որ Հայաստանը մտահոգություն չի զգում ռուսական ռազմաբազայի առկայության կապակցությամբ։ Բայց հատկապես Հայաստանից ռուս սահմանապահներին դուրս բերելուց հետո 102-րդ ռազմաբազայի հնարավոր փակման թեման չի իջնում քաղաքական և լրատվական օրակարգից։
Հայաստանի իշխանությունների խոսքերի վրա, ինչպես ժողովուրդն է ասում, լվացք չես փռի․ նրանց ծրագրերն ու մտադրությունները փոփոխական են ու այսրոպեական։ Կառավարության ղեկավարը ցանկացած թեմայի առնչությամբ կարող է մի բան հայտարարել, բայց հաջորդ վայրկյանին հակասել ինքն իրեն՝ փոխելով վերաբերմունքը տվյալ խնդրի նկատմամբ և 180 աստիճանով հակառակ կարծիք հայտնել։ Այնպես որ, նրա հավաստիացումները, թե միմիայն Ռուսաստանի կամքից է կախված՝ արդյո՞ք Գյումրիից և ընդհանրապես Հայաստանից դուրս կբերվի ռուսական ռազմաբազան, թե ոչ, վստահելի չեն, մանավանդ, որ Փաշինյանը հստակ հասկացնել տվեց, թե դրա գործունեությունը կենսական որևէ նշանակություն չունի և զուտ խորհրդանշական բնույթ է կրում։ Մոտ ապագայում հենց այդ պնդումով էլ նա կարող է հայտարարել, որ ռուսական ռազմական ներկայությունն անիմաստ է Հայաստանում, անգամ խանգարում է, օրինակ, հայ-թուրքական հարաբերությունների բարելավմանը։
Եվ իրոք, եթե այս վարչախումբը գնում է Թուրքիայի հետ հարաբերությունների վերանայման և երբեմնի նյարդը այդ հարաբերություններում թուլացնելու ու վերացնելու ուղղությամբ, ապա ռուսական ռազմական ներկայությունը, որի նպատակը հենց թուրքական գործոնի դեմ անվտանգության երաշխիք ստեղծելն է, անիմաստ կդառնա։ Սա շատ լավ են գիտակցում պաշտոնական Մոսկվայում, ինչպես նաև այն, որ Եվրոպան ամեն ինչ անում է Փաշինյանի ձեռքով Ռուսաստանին այս տարածաշրջանից հեռացնելու համար և այդ նպատակին հասնելու հարցում ոչնչի առաջ կանգ չի առնի, անգամ Հայաստանի տնտեսության անկումը նրա համար կարմիր գիծ չի լինի։ Բայց ինչպես հաստատեց ՌԴ նախագահը, նա չի պատրաստվում ջանքեր գործադրել Երևանին համոզելու, որ չգնա իր համար ցավոտ լուծումների, քանի որ ռուսական ներկայությունը՝ ռազմաբազայի, հայկական երկաթուղիները շահագործող ու կառավարող ընկերության տեսքով մեր երկրից դուրս հրավիրելու քայլը հղի է Ռուսաստանի կողմից հակադարձ քայլերով՝ ԵԱՏՄ ընտանիքի մի շարք շահավետ արտոնություններից զրկվելու ձևով։ Իսկ մենք գիտենք, որ այդ արտոնություններից մեկն էլ ռուսական էներգակիրների արտոնյալ գինն է Հայաստանի համար։ ԵԱՏՄ անդամությունից զրկվելուց հետո այն կարող է բազում անգամներ վերանայվել։
Ինչ վերաբերում է ռուսական ռազմաբազայի՝ Հայաստանի համար կենսական նշանակություն չունենալու մասին Փաշինյանի գնահատականին, ապա տնտեսագիտական տեսանկյունից դա այդքան էլ այդպես չէ։ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Հայկ Ֆարմանյանի համոզմամբ՝ հատկապես Շիրակի մարզում, որտեղ տեղակայված է ռազմաբազան, և որը համարվում է Հայաստանի ամենաաղքատ հատվածը՝ 40 տոկոս աղքատության ցուցանիշով, ռազմաբազայի առկայությունը սոցիալ-տնտեսական որոշակի դրական ազդեցություն է ունեցել՝ ապահովելով լրացուցիչ աշխատատեղեր և սպառողական ծառայություններ։
Ըստ նրա՝ տարբեր գնահատականներով՝ մեկ զինծառայողի հաշվով տնտեսությունում ձևավորվում է 2-3 աշխատատեղ։ 102-րդ ռազմաբազայում մոտ 5000 զինծառայող կա, և այդ հաշվարկով՝ ռազմաբազան փակվելու դեպքում մինչև 15 000 աշխատատեղի կորուստ կամ տնտեսական ազդեցության կրճատում կունենանք Շիրակի մարզում, ինչը չի կարող բացասաբար չազդել Գյումրու բնակչության կենսամակարդակի վրա։ Տվյալ դեպքում կառավարությունը պետք է փոխհատուցող ծրագրեր նախատեսի, որպեսզի ռազմաբազան փակելու վերաբերյալ «անսպասելի» որոշում կայացնելուց հետո կարողանա դրա տնտեսական ազդեցությունը փոխարինել այլ ծառայություններով կամ ծրագրերով։
Թագուհի Ասլանյան

Русский