Հայաստանում ակտիվորեն քննարկվում է Գյումրիում տեղակայված ռուսական 102-րդ ռազմաբազայի հնարավոր դուրսբերման հարցը։ Թեման, սակայն, միայն հայ-ռուսական հարաբերությունների կամ արտաքին քաղաքականության մասին չէ․ այն անմիջականորեն առնչվում է Հայաստանի ազգային և ռազմական անվտանգությանը։
Ի՞նչ կտա Հայաստանին ռուսական ռազմաբազայի դուրսբերումը՝ ազգային անվտանգության տեսանկյունից։ Հարցը հատկապես կարևոր է այսօր, երբ Հայաստանի անվտանգային համակարգն աստիճանաբար վերափոխվում է, իսկ ռուսական ռազմական ներկայությունն արդեն զգալիորեն կրճատվել է։ Թեմայի շուրջ խոսել ենք քաղաքական գործիչ Արամայիս Աղաբեկյանի հետ։
«Ռուսական կողմը Պուտինի բերանով երեկ կրկնեց, որ ՀԱՊԿ-ը չի խառնվել Հայաստանի դեմ ագրեսիային այն պատճառով, որ սահմանները դելիմիտացված ու դեմարկացված չեն։ Փաստացի, եթե թուրքերը մտնեին Երևան, կարող էր լինել նույն պատճառաբանությունը։ Այսօր, Ռուսաստանի իշխանությունների հակահայկական դիրքավորման պայմաններում, բազայի գոյությունը ազգային անվտանգության հարց է։ Հավանականությունը մեծ է, որ բազան ոչ թե պաշտպանող, այլ հակառակը՝ հակառակորդին օգնող դերակատարում կարող է ունենալ։ Մենք Արցախում տեսել ենք, թե ինչպես է գործում ռուսական խաղաղապահ զորախումբը։ Եթե անգամ թուրքերը օրինակ հարձակվեն Հայաստանի վրա, ռուսական կողմը առաջինն է բացելու դռներն ու նրանց ներս հրավիրելու։ Պատմության դասեր տալու կարիք չկա․ Արցախում արել են, ՀՀ-ում ինչո՞ւ պիտի չանեն»,- ասաց Աղաբեկյանը։
Ռուսական ռազմաբազայի հնարավոր դուրսբերման թեմայով կարծիքները Հայաստանում տարբեր են։ Մի մասը կարծում է, որ ռուսական ռազմական ներկայությունից հրաժարվելը Հայաստանի ինքնիշխանության և սեփական անվտանգային համակարգի ամրապնդման քայլ է, մյուսները, սակայն, զգուշացնում են, որ առանց հստակ այլընտրանքի դա կարող է թուլացնել երկրի անվտանգությունը։ Կան նաև տեսակետներ, որ ռազմաբազայի դուրսբերմամբ Հայաստանը կարող է հայտնվել «վիլայեթացման» ճանապարհին։ Այս հակասական գնահատականների պայմաններում հարցը մեկն է՝ ի՞նչ կտա Հայաստանին ռուսական ռազմաբազայի դուրսբերումը և ինչպիսի՞ անվտանգության համակարգ է այն փոխարինելու։
Հունան Թադևոսյան

Русский