Այսօր հայտնի դարձավ, որ Հալեպում հրադադար է հաստատվել, որն ուժի մեջ է մտել տեղական ժամանակով ժամը 3:00-ից, այս մասին հայտնել են Սիրիայի ՊՆ-ից։
Նշենք, որ ավելի վաղ Հալեպում կառավարական ուժերի և քրդերի միջև բախումներ են տեղի ունեցել: Հարձակումներից վերջին ամիսներին զոհվել է 25 զինվոր և ավելի քան 20 քաղաքացիական անձ:
Այս մի քանի օրվա ընթացքում MediaHub-ն ահազանգեր էր ստանում Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչներից, որ իրավիճակն անկառավարելի է Հալեպում, նրանք նշում էին, որ հազարավոր մարդիկ լքել են իրենց բնակավայրերը, ապաստանել ավելի ապահով գյուղերում, իսկ իրավիճակը շատ տխուր է քաղաքում։
MediaHub-ը կապ հաստատեց Հալեպի հայ համայնքի ներկայացուցիչ Գևորգ Ճոսլակեանի հետ հասկանալու՝ ի՞նչ իրավիճակ է հրադադարից հետո։
«Ժամանակավոր զինադադար է, սակայն, գիշերը բավականին ակտիվ կրակոցներ կային, չնայած, որ ժամը 3:00-ից հրադադար է, սակայն, բոլորը գիտեն, որ դա ժամանակավոր է։ Ամանորը սկսվեց բախումներով»,- նշեց Ճոսլակեանը։
MediaHub-ի զրուցակիցը հավելեց, որ օդանավակայանը փակ էր, իսկ հայ համայնքի ներակացուցիչները, արդեն մի քանի օր է, ցանկանում են գալ Երևան, սակայն, թռիչքները հետաձգվել են։
«Չնայած հրդադար է հայտարարվել, սակայն, Հալեպ-Երևան չվերթը չեղարկվել է, չվերթները հետաձգվել են։ Մենք բոլորս սպասում ենք, որ օդանավակայանը լիարժեք սկսի գործել, և մենք րոպե առաջ փախնենք այս դժոխքից։ Հալեպում վստահ են, որ քրդական ուժերը կրկին վերսկսելու են գործողությունները»,- ասաց Ճոսլակեանը։
Մարիաննա Արամյան

Русский