Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Փաշինյանը հասավ հաջորդ «լեվլ», կամ աջակից չունենալու «խերը»

Blog Image

Այսօր վաղ առավոտյան Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում հայտարարեց, որ յուրաքանչյուր կիրակի մասնակցելու է պատարագի, սակայն, այլևս չի հայտարարելու, թե որ եկեղեցում։ 

«Կարծում եմ, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու բարեկարգման կողմնակիցները պետք է պատարագի մասնակցեն բոլոր եկեղեցիներում, և քրիստոնեական սիրով խոսեն քահանաների հետ, որպեսզի նրանք պատարագի ընթացքում չհիշատակեն Կտրիճ Ներսիսյանի (Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ, խմբ.) անունը։ Սա պետք է լինի մեր առաջիկա ամենակարևոր անելիքը»,- նշել է Փաշինյանը։

Ինչո՞ւ այս փուլում Փաշինյանը որոշեց իր արշավի ֆորմատը փոխել։ Գուցե այն պատճառով, որ նոյեմբեր ամսից սկսած իր՝ եկեղեցու դեմ արված բոլոր քայլերը պսակվեցին անհաջողջությամբ։ Յուրաքանչյուր կիրակի հանրությունն ականատես եղավ, որ Փաշինյանի հետ պատարագի են գնում նույն մարդիկ՝ հիմնականում ՔՊ-ական պաշտոնյաներ ու ուժային կառույցներից բերված համազգեստով մարդիկ։

Եվ անգամ այս դեպքում, երբ իշխանությունն իր ձեռքում է, բոլոր վարչական լծակները գործի են դրված, Փաշինյանը տապալվեց, գոնե այս լեվլում։ Նրան չհաջողվեց անգամ յուրաքանչյուր պատարագի մեկ մարդու ներկայություն ապահովել, որը կբոյկոտեր, երբ պատարագում կհնչեր Վեհափառ Հայրապետի անունը։

Հիշեցնենք, որ շաբաթներ առաջ էր երկրի ղեկավարի աթոռը զբաղեցնող անձը հորդորել քաղաքացիներին մասնակցել պատարագների ու բոյկոտել իր խոսքով Կտրիճ Ներսիսյանի անունը լսելիս։ Սակայն այս հայտարարությունը ստացավ զրո արձագանք։ 

Եվ հիմա Փաշինյանը նոր «լեվլի» է անցել՝ հույս ունենալով ժամանակ շահել ու հասկանալ, թե հետագա քայլերն ինչպես պետք է իրականացվեն։ Այս ընթացքում, ամենայն հավանականությամբ, իրավապահներն էլ ակտիվորեն կաշխատեն՝ փորձելով ինչ-որ գործ «կարել» Վեհափառի դեմ, որպեսզի ամենավերջին տարբերակով նրան Վեհարանից հեռացնեն՝ ԱԱԾ մեկուսարան տանելով։

Չնայած, սա, ըստ էության, Փաշինյանի համար հարցի լուծման ամենավերջին տարբերակն է, հակառակ դեպքում արդեն իսկ այդ քայլին գնացած կլիներ։

Իսկ մինչ այդ, այս «լեվլում» մի քանի կարկառուն ՔՊ-ականներ տարբեր եկեղեցիներից նկարներ կհրապարակեն՝ ցույց տալու, որ որպես իրական հավատավորներ մասնակցում են պատարագի ու հաղորդություն են ստանում։ Իսկ Փաշինյանի այցերի մասին հանրությունը կտեղեկանա իշխանական ԶԼՄ-ներից, որոնք իմիտացիա կստեղծեն, թե երկրի ղեկավարը՝ որպես մեզնից մեկը, գնում է եկեղեցի՝ մաքրվելու և մեղքերի թողություն խնդրելու։

Նարե Գնունի

Send