2026թ.-ի փետրվարի 1-ից ՀՀ զինված ուժերում դադարեցվում է Հոգևոր ծառայության գործունեությունը։ Պաշտպանության նախարարի հրամանով ուժը կորցրած է ճանաչվում 2000 թվականից գործող կարգավորումը, և Հայ Առաքելական Եկեղեցու կողմից նշանակված գնդերեցները դուրս են բերվում Զինված ուժերի համակարգից։ Ավելի քան երկու տասնամյակ բանակում ձևավորված ինստիտուտը, որն ուղեկցել է զինվորին թե՛ խաղաղության, թե՛ պատերազմի պայմաններում, փաստորեն դադարեցնում է իր պաշտոնական գործունեությունը։ Սա պարզապես կառուցվածքային փոփոխություն չէ։ Հարցը վերաբերվում է բանակի ինքնությանը, արժեհամակարգին և այն պատկերացմանը, թե ինչ է նշանակում հայկական բանակը ազգային-հոգևոր համատեքստում։
Աստվածաբան Վարդան Խաչատրյանը MediaHub-ի հետ զրույցում հայտնեց, որ իր տեսակետից այս որոշումը անթույլատրելի է։
«Իմ տեսակետից կամայական զորամիավորումը դա հոգևոր տարրն է։ Տարբեր է եղել տարբեր ժամանակներում, բայց այնուամենայնիվ մեզանում պետք ա լինի հայոց առաքելական եկեղեցու հոգևոր գնդերեցը»,- ասաց Աստվածաբան Վարդան Խաչատրյանը։
2000 թվականից գործող հոգևոր ծառայությունը միայն պատգամների կամ օրհնության մասին չէր։ Այն ներառում էր զինվորների հետ հոգևոր-խորհրդատվական աշխատանք, բարոյահոգեբանական աջակցություն, հատկապես պատերազմական և հետպատերազմական ծանր փուլերում։ Հետևաբար հարցը նաև այն է՝ արդյո՞ք ստեղծվել է այլընտրանքային համակարգ, որը կփոխարինի այդ գործառույթը, թե՞ մենք ականատես ենք միայն մեկ բաղադրիչի դուրսբերմանը։
Ինչ վերաբերում է եկեղեցու հնարավոր քայլերին, Խաչատրյանը չի կարծում, որ ներկայիս իշխանական շրջանակներում եկեղեցին ունի բավարար լծակներ որոշումը վերանայելու համար։
«Չեմ կարծում, որ եկեղեցին, իշխանությունների շրջանակներում իվիճակի է այսօր քայլեր անել։ Բայց դա այնուամենայնիվ ճիշտ կլիներ, որ մեծ հասարակական դիսկուրսի արդյունք լիներ, որովհետև այսպիսի ճաքերով մենք վերջին հաշվով կարող ենք աղճատել գոյություն ունեցող միասնական հայ քրիստոնյա կոչված զանգվածը մեծ առանցքային խարիսխը պատմության բոլոր փոթորիկների ժամանակ»,- նշեց աստվածաբանը։
Իրականում հարցը դուրս է գալիս պետություն–եկեղեցի սահմաններից։ Հայաստանի պարագայում եկեղեցին պատմականորեն եղել է պետականության, ինքնության և դիմակայունության կարևոր հենարան։ Հետևաբար ցանկացած «ճաք» այդ հարաբերություններում ընկալվում է ոչ միայն ինստուցիոնալ, այլ նաև արժեքային հարթության վրա։ Այս փուլում ակնհայտ է մեկ բան, Հոգևոր ծառայության դադարեցումը դարձել է ոչ միայն կառավարման, այլ նաև ինքնության հարց։ Իսկ նման հարցերը պահանջում են ոչ թե լուռ որոշումները, այլ բաց, պատասխանատու և խորքային քննարկում, որովհետև բանակը միայն զինված կառույց չէ, այլ նաև հասարակության հայելին է՝ իր հավատքով, արժեքներով և պատմական հիշողությամբ։
Ալիտա Եղիազարյան

Русский