Եգիպտոսի Կարմիր ծով նահանգում Հուրգադա-Ռաս Ղարեբ մայրուղու վրա ուղևորատար ավտոբուսը բախվել է բեռնատարի, ինչի հետևանքով առնվազն 3 մարդ զոհվել է, իսկ 25-ը՝ վիրավորվել։ Այս մասին հայտնում է «Ալ-Մասրի ալ-Յում» (Al-Masry Al-Youm) թերթը։ Տուժածների թվում կան երեք ռուսաստանցիներ, ինչպես նաև Ֆրանսիայի և Իտալիայի մեկական քաղաքացի։
Վթարը տեղի է ունեցել մայրուղու 95-րդ կիլոմետրում՝ Ջեբել էլ-Զեյթ (Jebel el-Zeit) տարածքի մոտակայքում։ Նախնական տվյալներով՝ ավտոբուսը բախվել է ավազ տեղափոխող ծանր բեռնատարի։ Զոհերի թվում է նաև ավտոբուսի վարորդը։
Ուղևորները ստացել են կոտրվածքներ և սալջարդեր։ Դեպքի վայր են ուղարկվել շտապօգնության մի քանի մեքենաներ, ինչպես նաև անվտանգության ծառայության աշխատակիցներ և տեղական իշխանությունների ներկայացուցիչներ։ Մայրուղու վրա երթևեկությունն արդեն վերականգնվել է։ Ոստիկանությունը արձանագրություն է կազմել և տեղեկացրել դատախազությանը, որը հետաքննություն է սկսել վթարի հանգամանքները պարզելու ուղղությամբ։
Ռուսաստանի տուրիստական արդյունաբերության միությունը ՌԲԿ-ին հայտնել է, որ ճշտում է տուժած ռուսաստանցիների վերաբերյալ տեղեկությունները։
«Ըստ հրապարակված տվյալների՝ վթարի մեջ հայտնվել է «Go Bus» ընկերության տրանսպորտային միջոցը, որն ընթանում էր Հուրգադա-Կահիրե երթուղով։ Մենք ներկայումս կապ ենք հաստատում տուրօպերատորների և ապահովագրական ընկերությունների հետ՝ պարզելու համար, թե արդյոք ուղևորների թվում կան զբոսաշրջիկներ, ովքեր ճամփորդում էին ռուսական ընկերությունների կազմակերպած տուրերով։ Մենք նաև ճշտում ենք տեղեկությունները տուժած ՌԴ քաղաքացիների մասին։ Մանրամասները հաստատելուց հետո կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն»,- նշել է կազմակերպությունը։
ՌԲԿ-ն մեկնաբանություն ստանալու համար դիմել է Ռուսաստանի տուրօպերատորների ասոցիացիային, նաև հարցում է ուղարկել Եգիպտոսում Ռուսաստանի դեսպանատուն։

Русский