Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ինչո՞ւ իշխանությունները թույլ չեն տալիս Էդուարդո Էռնեկյանին բարեգործությամբ զբաղվել

Blog Image

Հայաստանի տարբեր բնակավայրերում դպրոցներ, մանկապարտեզներ կառուցելով այդքան հպարտացող և նախկին իշխանություններին այդ շենքերն իբրև բարձիթողի անելու համար պախարակող իշխանությունները թույլ չեն տալիս, որ Էջմիածնում ի վերջո կյանքի կոչվի «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի կառուցման նախագիծը, որի նախաձեռնողն ու իրականացնողը Մայր Աթոռն է և անձամբ Վեհափառ հայրապետը։

Այդ մասին օրերս ահազանգել է հենց Մայր Աթոռը՝ նշելով, որ քաղաքի համար կարևոր այս նախաձեռնությունը կանգ է առել ոչ թե գաղափարի կամ միջոցների բացակայության պատճառով, այլ վարչական և իրավական խոչընդոտների հետևանքով։

2022 թվականին դեռ կրթական համալիրի կառուցման համար անհրաժեշտ հողատարածքի խնդիր էր առաջացել․ միայն եկեղեցապատկան հողը բավարար չէր նախագիծը լիարժեք իրականացնելու համար։ Ըստ նախագծի՝ շենքի համար 4500 քմ հողատարածք է հարկավոր, այնինչ շենքի կառուցման համար ընտրված վայրում մոտ 700 քմ տարածք համայնքին է պատկանում։

Ինչպես MediaHub-ի հետ զրույցում հստակեցրեց Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրեն տեր Եսայի ավագ քահանա Արթենյանը՝ լրացուցիչ 736 քմ-ի մասին է խոսքը, որի մի մասը չօգտագործվող ճանապարհ է, մյուս մասն էլ՝ համայնքին պատկանող հողատարածք, որը ևս այս պահին չի օգտագործվում։ Այդքան տարածքն է դարձել վիճարկման առարկա։ 2025 թվականին, թվում էր, սառույցը վերջապես տեղից շարժվեց։ 2022  թվականին Վաղարշապատի համայնքի  ավագանուն Մայր Աթոռի դիմում էր ներկայացրել, որին Վաղարշապատի ավագանին մի քանի տարի անց՝ 2025-ին էր արձագանքել և հողատարածքը նվիրատվությամբ փոխանցել Մայր Աթոռին, սական արդեն անշարժ գույքի նկատմամբ պետական իրավունքի գրանցման փուլում կադաստրի պետական կոմիտեն Վաղարշապատի համայնքապետի դիմումի հիման վրա կասեցրել է գործընթացը, և ծրագիրը սառեցվել է։

Բարեգործական այդ նախաձեռնությունը այդպես արհեստականորեն ձգձգելուց հետո ի վերջո իշխանություններն այնպիսի օրենք ընդունեցին, որի պատճառով նախագծի իրականացումն իր նախնական ձևով անհնարին դարձավ։
 
Հիշեցնենք, որ մարտի 25-ին Ազգային ժողովը 67 կողմ, 26 դեմ, 3 ձեռնպահ ձայնով 2–րդ ընթեցմամբ և ամբողջությամբ ընդունեց ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ներկայացրած ՀՀ «Հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի փոփոխությունների նախագիծը, որով արգելվում է Մայր աթոռ Սուրբ Էջմիածնին անհատույց սեփականության իրավունքով հողատարածքներ տրամադրել։ Մինչև հողային օրենսգրքի համապատասխան դրույթի փոփոխությունը՝ պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողամասերը կարող էին անհատույց սեփականության իրավունքով տրամադրվել Հայաստանյայց առաքելական եկեղեցուն եկեղեցիների և եկեղեցապատկան կառույցների շինարարության ու դրանց սպասարկման նպատակով։ Օրենքի նոր նախագիծն առաջարկում է հողերը ՀԱԵ–ին տրամադրել միայն օգտագործման իրավունքով։ 

Կանխազգալով հանրային քննադատությունները՝ նախագծի քննարկման ժամանակ  տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ–ական պատգամավոր Վահե Ղալումյանը վստահեցրել էր, թե օրենքի այս փոփոխությունները եկեղեցու դեմ չեն, այլ ընդամենը կարգավորելու են հողային սեփականության հարցերը։ Այդ դեպքում հարց է առաջանում՝ մինչև օրենքի փոփոխված տարբերակի ընդունումը ինչու է նախագծի իրականացման ծրագիրը սառեցվել, արդյո՞ք օրենսդրական նախաձեռնությունը հատուկ դիտավորություն չէ և իշխանությունների կողմից Հայ Առաքելական սուրբ եկեղեցուն հայտարարած խաչակրաց արշավանքի դրսևորում։ Համենայն դեպս, ինչպես վերահաստատում է տեր Եսայի ավագ քահանա Արթենյանը, գաղափարի կամ միջոցների խնդիր չի եղել ծրագրի կասեցման համար, խոչընդոտները վարչական և իրավական են եղել, ինչն էլ կապված է պետական մարմինների հետ։ 

Այդ առնչությամբ Մայր Աթոռը հայտնում է իր մտահոգությունն այն մասին, որ «նման որոշումն անընդունելի է և մեծապես խոչընդոտելու է մեր ժողովրդի հոգևոր կյանքի զորացմանն ուղղված եկեղեցու հոգեխնամ սոցիալական և կրթադաստիարակաչական առաքելությանը»։

Եթե «Թումո» կենտրոնը կառուցվեր, Վաղարշապատի և հարակից բնակավայրերի ավելի քան 2000 երեխա կունենար իր քաղաքում ժամանակակից կրթության, տեխնոլոգիական հմտությունների և ստեղծարար զարգացման միջավայր։ Մանկապատանեկան զարգացման և կրթական նորագույն «Թումո» կենտրոնը նախատեսված է գրեթե 2000 երեխայի ուսուցման համար։

Այսինքն՝ իշխանությունները իրականում ոչ թե Հայ եկեղեցու համար են խոչընդոտներ ստեղծում, այլ Վաղարշապատի և հարակից բնակավայրերի երեխաների, որոնք այս դեպքում զրկվում են մի  հնարավորությունից, որից օգտվում են այն քաղաքների ու բնակավայրերի երեխաները, որոցում գործում են «Թումո» կենտրոններ ու լաբորատորիաներ։ Ի դեպ, մեր աղբյուրի տեղեկացմամբ՝ Էջմիածնում «Թումո» կենտրոնի կառուցման համար ֆինանսական միջոցներ է տրամադրել արգենտինահայ գործարար Էդուարդո Էռնեկյանը՝ որպես բարերար։

Ստացվում է, որ Փաշինյանի իշխանությունը թույլ չի տալիս նաև Հայաստանում բարեգործական ներուժի իրացումը՝ մեզանում նաև այդ մշակույթը կասկածի տակ դնելով, ինչպես որ արտասահմանյան ներդրումները։

Ի վերջո ինչպե՞ս կհանգուցալուծվի այս խնդիրը։ Մայր աթոռի տեղեկատվական համակարգի տնօրենն այս պահին չգիտի, թե ինչ ճակատագրի կարժանանա բարեգործական նախագիծը։ Նրա տեղեկացմամբ՝ Մայր Աթոռի համապատասխան կառույցները Վաղարշապատ համայնքի ավագանու հետ քննարկումների մեջ են և, ինչպես ասում են, գնդակը նրանց դաշտում է։ Կհաղթի առողջ բանականությո՞ւնը, թե՞ պաշտոնը կորցնելու և չի բացառվում որևէ քրեական գործով կալանքի տակ հայտնվելու վախն ու սին ամբիցիաները, ցույց կտա ժամանակը։

Թագուհի Ասլանյան

Send