Ութ տարվա շարունակական անկումից հետո աշխարհում ժողովրդավարության վիճակը որոշակի կայունացման նշաններ է ցույց տալիս։ Բրիտանական Economist Intelligence Unit-ի վերջին զեկույցի համաձայն՝ այս տարի երկրների շուրջ 75%-ը կա՛մ բարելավել է իր ժողովրդավարության ցուցանիշը, կա՛մ պահպանել այն նույն մակարդակի վրա։ Սակայն Հայաստանի դեպքում պատկերը մնում է անփոփոխ։ Հայաստանը շարունակում է մնալ 82-րդ հորիզոնականում՝ 5.35 ընդհանուր գնահատականով, որը նախորդ տարվա համեմատ չի աճել։ Ըստ նույն զեկույցի՝ մեր երկիրը չի դասվում ո՛չ լիարժեք ժողովրդավար, ո՛չ էլ թերի ժողովրդավար երկրների շարքին։ Այն ընդգրկված է հիբրիդային ռեժիմների խմբում, որոնք ավելի շատ պարունակում են ավտորիտար կառավարման տարրեր։ Հատկապես, ցածր են գնահատվել քաղաքացիական ազատությունների և կառավարության գործունեության արդյունավետության ցուցանիշները։
Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված այս ցուցանիշը MediaHub-ը փորձեց պարզել՝ զրուցելով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանի հետ, ով էլ նշեց, որ խոսքը միայն մեկ ինդեքսի մասին չէ։ Ըստ նրա՝ վերջին շրջանում մի շարք միջազգային հեղինակավոր կազմակերպություններ ևս արձանագրել են ժողովրդավարության վիճակի վատթարացում Հայաստանում։
«Խոսքը միայն մեկ վարկանիշի մասին չէ։ Կան 4-5 տարբեր միջազգային գնահատականներ, որոնց ճնշող մեծամասնությունում արձանագրվել է հետընթաց, իսկ մեկում՝ լավագույն դեպքում՝ նույն վիճակի պահպանում»,- նշեց Մամիջանյանը։
Նա նաև ընդգծեց, որ որոշ միջազգային կառույցներ, որոնք ավանդաբար հանդես են գալիս ժողովրդավարության պաշտպանությամբ, երկար ժամանակ աչք են փակել Հայաստանում տեղի ունեցող գործընթացների վրա, սակայն այժմ արդեն ստիպված են արձանագրել խնդիրները։
«Չնայած որոշ միջազգային կազմակերպություններ, որոնք ավանդաբար հանդես են գալիս ժողովրդավարության արժեքների պաշտպանությամբ, նախընտրում են աչք փակել Փաշինյանի հակաժողովրդական գործընթացների վրա, բայց դրանք այնքան են ահագնացել, որ թե՛ ԵՄ-ն, թե՛ ԵԽԽՎ-ն և թե՛ հիմնադրամները չեն կարող որևէ կերպ, որևէ բառով, որևէ ակնարկով գոնե իրենց դեմքը փրկելու, իրենց ապահովագրելու համար չհիշատակել ՀՀ-ում հակաժողովրդավարական գործընթացները»,- հայտնեց խմբակցության ղեկավարը։
Մամիջանյանի գնահատմամբ՝ Հայաստանում ժողովրդավարության ցուցանիշների վատթարացումը պայմանավորված է մի շարք գործոններով, այդ թվում՝ քաղբանտարկյալների առկայությամբ, ազատ մամուլի նկատմամբ ճնշումներով, խոսքի ազատության սահմանափակումներով, մտքի, խղճի և դավանանքի ազատությամբ, որը ոտնահարվում է եկեղեցու դեմ Փաշինյանի նախաձեռնած արշավով։
Ըստ ընդդիմադիր պատգամավորի՝ իրավիճակի բարելավում հնարավոր է, սակայն միայն իշխանափոխությունից հետո։
Ալիտա Եղիազարյան

Русский