Կառավարությունը նոր նախագիծ է ներկայացրել «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին, որը ՀՀ քաղաքացի ուսանողներին միջազգային հեղինակավոր 50 բուհերում սովորելու դեպքում զինվորական ծառայությունից ազատելու հնարավորության է տալիս: Երեկ նախագիծը երկրորդ ընթերցմամբ քննարկման էր դրվել ԱԺ-ում, և այդ առնչությամբ MediaHub-ն արդեն զրուցել է Ռազմարդյունաբերական կոմիտեի նախկին նախագահ Ավետիք Քերոբյանի հետ, որն օրենքի հետ կապված իր մտահոգություններ է հայտնել:
Օրենքի նախագծի վերաբերյալ զրուցեցինք նաև կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ, որը ևս որոշ առումներով խնդրահարույց որակեց: Մասնավորապես, հեղինակավոր բուհերում սովորելուց հետո ուսանողների հետ վերադառնալու և իրենց գիտելիքը Հայաստանի Հանրապետությանը ծառայեցնելու երաշխիքների հետ կապված:
Այս թեման պարբերաբար քննարկվում է, դեռևս «Լույս» հիմնադրամի գոյության ժամանակ ավելի խիստ պայմաններով գոյություն ուներ այդպիսի հնարավորություն, բայց այն ժամանակ օրենքից օգտվում էին արտասահմանյան 10 լավագույն բուհերում ուսանածները, նրանց ուսման վարձի կեսը վճարում էր հիմնադրամը, տղա ուսանողները տարկետում էին ստանում, բայց Հայաստան վերադարձի որևէ պայման ուսանողի առաջ դրված չէր, քանի որ դա կառավարելն անհնար էր: Արդյունքում՝ հիմնադրամի կրթաթոշակառուների մի մասն այդպես էլ չվերադարձավ Հայաստան, մնաց արտասահմանում: Հետագայում լավագույն համալսարանների թիվն ընդլայնվեց մինչև 50-ի:
««Իմ քայլը» հիմնադրամը 2-3 տարի մասնակի ֆինանսավորեց այդ նախաձեռնությունը, ապա այն դադարեցվեց: Այդ բուհերում ուսանելու դեպքում ուսանողները միայն կարող էին տարկետման հնարավորությունից օգտվել: Բուհերի թիվը համալրվելուց հետո ծրագրից օգտվողների թիվը զգալի ավելացավ, բայց կրթաթոշակ ստանալու հնարավորությունը մնաց չլուծված: Սակայն ծրագրի հետ կապված լուրջ խնդիրն այն է, որ այսօր ևս ուսանողների մեծ մասը չի վերադառնում: Ճիշտ է՝ պետությունը որևէ ֆինանսական ներդրում չի անում այդ ուսանողների համար, բայց մարդկային կապիտալի առումով մենք կորուստներ ենք ունենում, շատ հայտնի համալսարաններում սովորած երիտասարդների գիտական պոտենցիալից մենք չենք օգտվում, մանավանդ այդ երեխաների մեջ կան օլիմպիական մեդալակիրներ, որոշակի ոլորտներում բացառիկ ձեռքբերումներ ունեցած առաջամարտիկներ: Հայաստանի նման երկրի համար դա մեծ շռայլություն է. երկրի ամենաշնորհալի, լավ սովորած երեխաներին մենք տալիս ենք այլ պետություններին»,- նշեց Խաչատրյանը:
Ըստ փորձագետի՝ նոր նախագծով փորձ է արվում խրախուսել ուսանողներին, որպեսզի նրանք սովորելուց հետո վերադառնան Հայաստան: Այդ դեպքում կազատվեն զինվորական ծառայություն իրականացնելու պարտավորությունից: Փոխարենը, առնվազն երեք տարի կաշխատեն կառավարության սահմանած կարգով և ոլորտներում, և դա կհամարվի պայմանական զինծառայություն:
Բայց, Խաչատրյանի կարծիքով, դա էլ հարցի հիմնավոր լուծում չէ, քանի որ արտասահմանում ավարտած երիտասարդների զգալի մասն այնտեղ այնպիսի աշխատանք է գտնում, որպես մասնագետ այնպիսի պահանջարկ է ունենում, որ իր համար Հայաստան վերադառնալը գրավիչ ու շահավետ չէ: Մանավանդ, Հայաստան վերադառնալուց հետո երեք տարի որոշակի ոլորտներում աշխատելու դեպքում տվյալ մասնագետը կարող է այլևս պահանջված չլինել դրսի աշխատանքային շուկայում, քանի որ գիտելիքների, հմտությունների առումով կարող է լճացած լինել:
«Թերևս վերադարձողները կլինեն այն երիտասարդները, որոք իրենց ստացած մասնագիտացմամբ չեն կարողանա հեշտությամբ աշխատանք գտնել: Օրինակ՝ հումանիտար գիտությունների ոլորտում: Բայց ՏՏ, արհեստական բանականության, բարձր տեխնոլոգիաների ոլորտներում մասնագիտացած շրջանավարտները աշխատանքի շատ լավ առաջարկներ են ստանում՝ բարձր աշխատավարձերով և առաջխաղացման հնարավորությամբ, ուստի Հայաստան վերադառնալն իրենց համար շահեկան չէ: Արտասահմանյան հեղինակավոր, առաջատար բուհերում սովորելով՝ ուսանողները հայտնվում են մասնագիտական մեծ ցանցի մեջ, որտեղ տաղանդավոր, շնորհալի կադրերին նախապես աչքի տակ առնելով՝ հետագայում ձգտում են ներքաշել իրենց պետության աշխատաշուկայի մեջ, պահել տվյալ պետության մեջ և նրանց գիտելիքներն իրենց համար օգտագործել»,- նկատում է Խաչատրյանը։
Անդրադառնալով այդ ուսանողների՝ մինչև 10 մլն դրամ ուսման վարձի 70-80%-ը կառավարության կողմից վճարելու ծրագրին՝ Սերոբ Խաչատրյանն ասաց, որ դա էլ պետք է լավ հաշվարկել, այլապես շրջանավարտների չվերադառնալու դեպքում պետական միջոցները պարզապես կփոշիացվեն. «Նրանց պետք է այնպիսի պայմաններ առաջարկել, որ նպատակահարմար լինի վերադառնալ: Երեք տարի կառավարության ուղղորդմամբ ու պայմաններով աշխատելն արդյոք հակառակ ազդեցությունը չի ունենա, քանի որ հայտնի չէ՝ ինչ աշխատանք է լինելու: Արդյոք նա համարժեք բարձր վարձատրություն կստանա, որը կարող էր դրսում աշխատելիս ստանալ: Գուցե ասեն՝ այդ աշխատանքը համարժեք է զինվորական ծառայությանը և պայմանական 100 000 դրամ թոշակ տան: Պետք է հասկանալ, թե վերադառնալուց հետո տվյալ մասնագետն ինչ չափի աշխատավարձի ակնկալիք կարող է ունենալ, ինչպիսի պայմանների, որտեղ է պարտավորված լինելու աշխատել»:
Սերոբ Խատարյանը խնդրահարույց է համարում նաև հեղինակավոր բուհերում ժամանակակաից չափորոշիչներին ու տեխնոլոգիական զարգացմանը համահունչ կրթություն ստացած ուսանողների համար Հայաստանում համապատասխան աշխատատեղեր ստեղծելը. «Ես ճանաչում եմ այնպիսի ուսանողների, որոնք բուհն ավարտելուց հետո վերադարձել են, բայց իրենց մասնագիտությամբ համարժեք աշխատանք չեն կարողանում գտնել, որոշ դեպքերում ասում են, որ իրենց կազմակերպության, հիմնարկի համար նրանք բավականին թանկ վարձատրվող մասնագետներ են, ինչի հնարավորությունը հիմնարկը չունի: Նման դեպքերը շատ են: Այդ հարցը քիչ թե շատ կարգավորված է ՏՏ ոլորտում, Հայաստանում միջազգային մեծ կազմակերպություններում»:
Փորձագետն ասում է, որ պետության նախաձեռնությունն ամբողջական կլիներ, եթե դրսում ուսանող երիտասարդների հետ կապ պահպանվեր, հետևեին, թե նրանք ինչ ձեռքբերումներ ունեն, ինչպիսի առաջադիմություն, Հայաստանի որ ընկերության, որ կառույցի, ինչ խնդրի լուծման համար կարելի է նրանց ներգրավվել, հայաստանյան աշխատաշուկայի քարտեզագրում արվեր և այդ ներուժն արդյունավետ օգտագործվեր: «Այդ իմաստով մենք անփույթ ենք մեր տաղանդների հանդեպ»,- վստահ է Սերոբ Խաչատրյանը։
Թագուհի Ասլանյան

Русский