Մարտի 16-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Արարատի մարզում։ «Կլինիկական մահ» ախտորոշմամբ Երևանի «Արաբկիր» բժշկական կենտրոն է տեղափոխվել տղա երեխա։
Բժիշկները մոտ 1 ժամ անհրաժեշտ բուժօգնություն ցուցաբերելուց հետո կարողացել են երեխայի սրտի աշխատանքը վերականգնել, սակայն երեխան դեռ գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։
Արաբկիրի ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը 1 տարեկան 2 ամսական Ալեքսան Մ.-ն է, և ըստ օպերատիվ տեղեկությունների՝ երեխային ծեծի է ենթարկել ծնողներից մեկը։
MediaHub-ի տեղեկություններով՝ ձերբակալվել է մեկ անձ և ներկայացվել նախաքննական մարմին։
Մեր տեղեկություններով՝ երեխային դաժան ծեծի է ենթարկել երեխայի խորթ մայրը, ով ձերբակալվել է։
Իսկ ինչպե՞ս է երեխայի առողջական վիճակը. MediaHub-ին «Արաբկիր» բժշկական կենտրոնից հայտնեցին, որ երեխան դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։
«Նախօրեին «Արաբկիր» բժշկական համալիր ընդունված մեկ տարեկան, երկու ամսական երեխան շարունակում է մնալ վերակենդանացման բաժանմունքում: Բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար»,- ասացին ԲԿ-ից։
MediaHub-ի տեղեկություններով՝ խորթ մորը դեռ չեն կալանավորել։
Մարիաննա Արամյան

Русский