Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ ԿՐԹՈՒԹՅՈՒՆ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

«ՆԶՊ» առարկան կփոխարինվի՞ «Անվտանգ կենսագործունեությամբ». ի՞նչ է նախատեսում նախագիծը

Blog Image

ԿԳՄՍ նախարարությունը շրջանառության մեջ է դրել մի նախագիծ, որոնք առաջարկվում է վերանայել 8-րդ դասարանում դասավանդվող «Նախնական զինվորական պատրաստվածություն» առարկան՝ այն ներդնելով արդեն 5-րդ դասարանից։

Նախագծի հիմնավորման համաձայն՝ գործող «Նախնական զինվորական պատրաստվածություն» դասընթացը հիմնականում ուղղված է ռազմամարզական պատրաստությանը և սահմանափակ չափով է ձևավորում սովորողների կարողությունները բնական, տեխնածին, համաճարակային, տեղեկատվական և այլ արտակարգ իրավիճակներում գործելու համար։ 

Ուստի, ըստ ԿԳՄՍՆ-ի, առաջարկվում է վերանայել և արդիականացնել առարկայական չափորոշիչներն ու ծրագրերը՝ ապահովելով դրանց համապատասխանությունը վերանայված հանրակրթության պետական չափորոշչին և կարողունակահեն կրթության սկզբունքներին, իրականացնել ուսումնական բովանդակության օպտիմալացում՝ նվազեցնելով կրկնվող և երկրորդական նյութի ծավալը և կենտրոնանալով առանցքային գիտելիքների ու կարողությունների ձևավորման վրա, ուժեղացնել միջառարկայական կապերը՝ ապահովելով գիտելիքների կիրառական և ինտեգրված բնույթը, վերակառուցել անվտանգության կրթության բաղադրիչը՝ այն համապատասխանեցնելով ժամանակակից ռիսկերի և մարտահրավերների պահանջներին, ներդնել «Անվտանգ կենսագործունեություն» առարկան՝ ապահովելով անվտանգության գիտելիքների և կարողությունների փուլային ձևավորում՝ սկսած հիմնական դպրոցից և դրանց գործնական ամրապնդում ավագ դպրոցում՝ ուսումնական ճամբարների միջոցով։ Սակայն նախաձեռնությունն արդեն իսկ տարբեր արձագանքների առիթ է դարձել կրթության ոլորտում։

MediaHub-ը թեմայի շուրջ զրուցել է կրթության ոլորտի փորձագետ Ատոմ Մխիթարյանի հետ, ով կարծում է, որ փոփոխությունն էապես փոխելու է առարկայի գաղափարական ուղղվածությունը։ «Ենթադրում եմ, որ առարկան այլևս չի լինելու այն, ինչ նախկինում էր՝ ռազմահայրենասիրական դաստիարակության բաղադրիչով։ Այն ավելի շատ կենտրոնանալու է քաղաքացիական անվտանգության թեմաների վրա, իսկ ազգային բաղադրիչը, ամենայն հավանականությամբ, էապես կթուլանա կամ ամբողջությամբ դուրս կմնա»,- ասաց Մխիթարյանը։

Փորձագետի խոսքով՝ տարբեր դպրոցներից ստացված տեղեկությունները վկայում են, որ արդեն որոշակի անհանգստություն կա այդ առարկան դասավանդող ուսուցիչների շրջանում։ «Շատ ուսուցիչներ մտավախություն ունեն, որ չեն կարողանա դասավանդել նոր առարկան և դուրս կմնան դպրոցներից»,- նշեց նա։

Հարցին՝ արդյոք կպատրաստվե՞ն նոր մասնագետներ, Մխիթարյանը պատասխանեց, որ իր գնահատմամբ՝ նոր առարկայի համար կձևավորվի մասնագետների նոր շրջանակ, որոնք կդասավանդեն արդեն վերափոխված ծրագրով։ Նրա կարծիքով՝ փոփոխությունը բացասաբար կազդի նաև երիտասարդների նախազորակոչային պատրաստվածության վրա։ «Մեր երեխաները դպրոցներում այլևս չեն ստանա այն հմտությունները, որոնք հետագայում անհրաժեշտ են լինելու բանակում ծառայելիս»,- ընդգծեց փորձագետը։

Ինչ վերաբերում է գնահատման համակարգին, ապա Մխիթարյանի համոզմամբ՝ շեշտը, հավանաբար, դրվելու է տեսական գիտելիքների վրա, իսկ գործնական բաղադրիչը, եթե լինի, կունենա ընդհանուր անվտանգության, այլ ոչ թե ռազմական պատրաստության բնույթ։ «Գնահատվելու են ավելի շատ տեսական գիտելիքները, և հնարավոր է՝ գործնական որևէ բան չլինի։ Եթե կլինի, ապա շատ ընդհանուր, ոչ թե բնութագրական, որը կվերաբերի ազգային պետությանը»,- նշեց Մխիթարյանը։

Փորձագետը նաև անդրադարձավ փոփոխության քաղաքական ենթատեքստին՝ նշելով, որ, իր գնահատմամբ, որոշումը պայմանավորված է Հայաստանի անվտանգության քաղաքականության փոփոխությամբ։ Նրա խոսքով՝ իշխանությունները շարժվում են այլ ռազմավարությամբ, ինչն անդրադառնում է նաև կրթական ծրագրերի վրա։

«Խոսակցությունները վաղուց կային առարկան վերափոխելու մասին, իսկ հիմա է ընդունվում, որովհետև ՀՀ-ի քաղաքականությունը հատկապես այս առումով ամբողջությամբ փոխվել է՝ կարելի է ասել 180 աստիճանով։ ՀՀ-ի իշխանություններն ընդունում են այն պարտադրանքը, որ ՀՀ-ին պետք չէ բանակ ունենալ որոշակի թվից ավելի։ Ինչի՞ է պետք բանակ, եթե գնում է, այսպես ասած, խաղաղության ճանապարհով, և պաշտպանությունն էլ պետք չի լինի, քանի որ ՀՀ-ի անվտանգության երաշխավորը Ադրբեջանն է»,- նշեց Մխիթարյանը։

Իսկ թե ինչ թեմաներ կարող են ընդգրկվել «Անվտանգ կենսագործունեություն» առարկայում, Մխիթարյանը նշում է, որ դրանք հիմնականում վերաբերելու են արտակարգ իրավիճակներում վարքագծին՝ երկրաշարժերի, հրդեհների, բնական աղետների և այլ ռիսկային իրավիճակների ժամանակ ճիշտ գործելուն։

Ալիտա Եղիազարյան 

Send