Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Միջազգային Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Վերլուծական Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Ինչո՞ւ չի արգելվում վտանգավոր հայտարարված և Ռուսաստանից հետ ուղարկված հայկական մթերքի վաճառքը Հայաստանում

Blog Image

Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը պատրաստվում է հուլիսի 1-2-ն այցելել Հայաստան և Ադրբեջան, որտեղ մտադիր է զբաղվել տարածաշրջանում «Եվրամիության դիրքերի ամրապնդմամբ» և «հակազդել Ռուսաստանի ազդեցությանը»։

Այս մասին տեղեկացրել էր Politico-ն՝ հղում կատարելով եվրոպացի պաշտոնյաներին։ Ըստ պարբերականի՝ «Այցը նվիրված կլինի առևտրի և այլ կապերի ամրապնդմանը, ինչպես նաև նախկին խորհրդային հանրապետությունների նկատմամբ ազդեցությունը պահպանելու Մոսկվայի ջանքերին հակազդեցության աջակցմանը»։ Բրյուսելում նույնիսկ ստեղծվել է ԵՄ հատուկ քաղաքացիական խումբ, որը նպատակ ունի «օգնել Երևանին դիվերսիֆիկացնել Եվրոպայի հետ առևտրային կապերը և նվազեցնել կախվածությունը Ռուսաստանից»։ Ակնկալվում է, որ այցի ընթացքում ֆոն դեր Լայենը կհայտարարի տարածաշրջանում ԵՄ որոշ նոր նախաձեռնությունների մասին, սակայն դրանց բովանդակությունն առայժմ պաշտոնապես չի բացահայտվում։

Ի՞նչ կարող է առաջարկել Եվրամիությանը Հայաստանին առևտրային կապերի դիվերսիֆիկացման համար՝ հաշվի առնելով վերջին ժամանակաշրջանում մեզ համար կարևոր ու առանցքային ԵԱՏՄ շուկայի կորուստը և հայ գյուղատնտեսների առջև մթերքի իրացման հետ կապված լուրջ մարտահրավերները։ Այս թեմայի շուրջ MediaHub-ը զրուցել է «Ֆերմերային շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Սարգիս Սեդրակյանի հետ, որը մեզ հավաստիացրեց՝ եթե անգամ այլ խնդիրներն անտեսենք, ապա հայկական գյուղմթերքի ԵՄ երկրներ արտահանման ճանապարհածախսը գերազանցելու է ապրանքի ինքնարժեքը և այդպիսի գնով այդ մթերքը մրցունակ չի լինելու այդ երկրներում ու պահանջարկ չի ունենալու։

ՀԿ նախագահը ծիրանի օրինակով է հաշվարկում, թե Հայաստանից ԵՄ անդամ որևէ երկիր արտահանելու դեպքում այն որքան կարժենա։ «ԵՄ երկիր Ֆրանսիայում, որտեղ հայաստանյան ծիրանի իրացման մասին Գյուլնազ տատի հեքիաթներն են պատմում, 1 կգ ֆրանսիական ծիրանի միջին գինը սուպերմարկետներում կամ շուկաներում 3.70-ից 4 եվրո է, օրգանական ծիրանինը՝ 6.90-ից 9.70 եվրո (ի դեպ՝ Հայաստանը չունի օրգանիկ ծիրան)։ Մեծածախ շուկաներում մեկ կգ ծիրանի միջին գինը 3-ից 3.10 եվրո է, մինչդեռ Ռունգիսում ծիրանի մեծածախ գինը մոտ 2.80 եվրո է մեկ կգ-ի համար։ Իսկ Երևանից Փարիզ ծիրանի տեղափոխման ծախսը ինքնաթիռով 3-ից 8 եվրո է 1 կգ-ի համար։ Եթե դրան ավելացնենք ֆիտոսանիտարական և այլ պահանջվող փաստաթղթերը, ապա հայկական ծիրանը Ֆրանսիա տեղափոխելը և վաճառելը բացարձակ նպատակահարմար չէ»։

Նույնը վերաբերում է եվրոպական մյուս զարգացած երկրներին, որտեղ շուկան անհամեմատ մեծ է և գյուղմթերքի իրացման հնարավորություններն ավելի շատ են։ Սարգիս Սեդրակյանը չի բացառում, որ հայկական գյուղմթերքը, մասնավորապես ծիրանը կարող է սփյուռքահայերի շրջանում որոշակի հետաքրքրություն առաջացնել որպես ազգային պարծանք, որ հայրենիքի ծիրանն է, որը ժամանակին շատ լավ համբավ ուներ։ Բայց այդ համբավի շնորհիվ ընդամենը մի քանի կիլոգրամ մթերք կարող է սպառվել հայերի շրջանում, որով շուկան չես դիվեսիֆիկացնի։ Իսկ եթե հաշվի առնենք այսօրվա հայկական գյուղմթերքի որակը՝ անօրգանական պարարտանյութերի, թույների անխնա քանակությունը, որով դրանք մշակվում են և առկա են մթերքի մեջ, ապա Եվրամիության որևէ զարգացած երկիր թույլ չի տա, որ նման մթերքը հայտնվի իր շուկայում։ Այս դեպքում մանավանդ հայկական գյուղմթերքը նաև որակի ու գնի ահռելի անհամապատասխանություն է ունենալու՝ ցածր որակ, բարձր գին։

Այդ առումով, ըստ մեր զրուցակցի, ռուսաստանյան շուկան ամենահարմարն է մեզ համար։ Պատահական չէ, որ այնտեղ մինչև վերջերս իրացվում էր արտահանվող հայկական գյուղմթերքի 90-95 տոկոսը։ Եվ հայ տնտեսվարողները տասնամյակներով կապեր էին հաստատել այդ շուկաներում, իրենց գնորդներն ունեին։ Ռուսաստանում հայկական արտադրանքը համեմատաբար ցածր գներով է իրացվում և հասանելի է ցածր գնողունակություն ունեցող սպառողի համար։ Այդ առումով մեր արտադրանքը ռուսական շուկայում միշտ պահանջարկ է ունեցել։ Իսկ դիվերսիֆիկացումը, նոր շուկաներ և գնորդներ գտնելը, նոր երկրների միջազգային չափորոշիչներին բավարարելը հեշտ գործ չէ՝ երկար տարիներ ու մեծ ջանքեր է պահանջում, ինչպես նաև խոշոր ներդրումներ մանավանդ Հայաստանում, որտեղ գյուղատնտեսությունը խղճուկ, թերզարգացած վիճակում է, մասնավորապես՝ երկրի վարելահողերի կեսից ավելին՝ 60-65 տոկոսը դեգրադացվել և չի մշակվում, ջրամատակարարման համակարգը գտնվում է անմխիթար վիճակում, առկա գյուղտեխնիկան հնամաշ է, օգտագործվող պարարտանյութերի ծագումն անհասկանալի է՝ որակյալ են, անորակ են։ Հիմնականում էժանագին նյութերով է մթերքը մշակվում, որպեսզի ապրանքի գինն էլ չաճի։ Փաստացի ոլորտը պատշաճորեն չի վերահսկվում, գյուղացին մենակ է մնացել իր խնդիրների հետ։

Իր մտահոգությունը մեզ հետ կիսեց «Ֆերմերային շարժում» ՀԿ-ի նախագահը՝ ասելով, որ գալով իշխանության՝ Փաշինյանը խոստացել էր հեղափոխություն իրականացնել նաև գյուղատնտեսության ոլորտում։ Եվ նրա առաջին «բարեփոխումն» այն եղավ, որ փակեց գյուղատնտեսության նախարարությունը։ Արդյունքում ոլորտն էլ ավելի անտերության մատնվեց, ավիրվեց։

«2026 թ.-ին ԵՄ-ն 12 միլիոն եվրո հատկացրեց Ուկրաինային գյուղատնտեսության և գյուղական վայրերի զարգացման նպատակով, ինչպես նաև սննդի անվտանգության ոլորտում բարեփոխումներ իրականացնելու, ոլորտը ԵՄ չափորոշիչներին համապատասխանեցնելու և ֆերմերների ԵՄ շուկային ակտիվորեն ինտեգրելու համար»,- տեղեկացնում է Սարգիս Սեդրակյանը։ 

«Իսկ Մոլդովային նույն նպատակներով ԵՄ-ն 60 միլիոն եվրո ֆինանսական աջակցություն ցուցաբերեց։ Նախորդ տարիներին Վրաստանի գյուղատնտեսության ոլորտում ԵՄ-ն մեծ ֆինանսական ներդրումներ է իրականացրել: Ներկայումս էլ այն ակտիվորեն արդիականացնում է ENPARD ծրագրի միջոցով՝ աջակցելով կոոպերատիվների ստեղծմանը և եվրոպական որակի չափորոշիչների ներդրմանը: Վրաստանն ունի ԵՄ թեկնածուի կարգավիճակ, և DCFTA համաձայնագիրը նրան հնարավորություն է տալիս մուտք գործել եվրոպական շուկա, չնայած քաղաքական գործընթացներն ազդում են ինտեգրման տեմպի վրա: ԵՄ-ն ակտիվորեն աջակցում է նաև Ադրբեջանի գյուղատնտեսական ոլորտին՝ ֆինանսավորելով փոքր ֆերմերների համար նախատեսված նախագծեր: Այնուամենայնիվ, ԵՄ խիստ սանիտարական կանոնակարգերը հաճախակի խոչընդոտում են որոշակի ապրանքների ներմուծմանը»,- ասաց նա։

ՀԿ նախագահը հիշում է, թե ինչպես նախորդ տարի ադրբեջանական լոլիկով լի բեռնատարները Ռուսաստանից հետ ուղարկվելուց հետո ուղևորվեցին դեպի ԵՄ երկիր Բուլղարիա, սակայն ԵՄ-ն էլ այն չընդունեց՝ պատճառաբանելով, որ լոլիկը չի համապատասխանում ԵՄ ֆիտոսանիտարական նորմերին, և ողջ լոլիկը թափեցին։

Իսկ ռուս-ուկրաինական պատերազմից հետո ԵՄ-ն թույլատրեց ուկրաինական գյուղատնտեսական ապրանքներն անարգելք՝ առանց լաբորատոր ստուգումների և մաքսատուրքերի գանձման ներմուծել ԵՄ երկրների շուկաներ: Սարգիս Սեդրակյանի վստահեցմամբ՝ ԵՄ-ն նման երկրների արտադրանքը չի ուղղորդում որևէ եվրոպական լուրջ երկիր՝ Ֆրանսիա, Գերմանիա և այլն։ Դրանք հիմնականում ուղղորդվում են Լեհաստան, Չեխիա, Ռումինիա, Հունգարիա, Բուլղարիա։ Եվ այդ երկրների ֆերմերներն ընդվզեցին ուկրաինական գյուղմթերքի դեմ, բողոքի ակցիաներ կազմակերպեցին իրենց և ներմուծված ուկրաինական ապրանքի համար ստեղծված անհավասար պայմանների համար։ «Օրինակ, Լեհաստանում, ինչպես մյուս ԵՄ երկրներում, գյուղմթերքը ֆերմերները պարտավոր են համապատասխանեցնել ԵՄ չափորոշիչներին, որն ավելացնում է ապրանքի ինքնարժեքը։ Եվ այդ չափորոշիչներին չհամապատասխանող ուկրաինական գյուղմթերքը լուրջ մրցակցություն էր առաջացրել»,- հիշում է Սարգիս Սեդրակյանը։

Եվ փաստորեն հիմա նույն պատմությունը հայաստանյան գյուղմթերքի հետ կարող է կրկնվել, քանի որ ԵՄ պաշտոնյաները խոսում են հայկական արտադրանքի համար նման արտոնություններ սահմանելու մասին՝ մաքսատուրքերը վերացնելու, չափորոշիչները մեղմելու։ Այնինչ առաջնային պետք է մտածել մեր գյուղատնտեսական մթերքների որակը բարելավելու և անխոցելի դարձնելու մասին։

Հարցին, թե ինչպե՞ս է տարիներ շարունակ Ռուսաստանն ընդունել այդպիսի մթերքը, եթե այն խնդրահարույց է, Սարգիս Սեդրակյանն ասաց, որ մեծ մասամբ Ռուսաստանը աչք է փակել խնդիրների վրա՝ Հայաստանի հետ գործընկերային հարաբերությունները հաշվի առնելով։ «Ռուսաստանին էլ է դա ձեռնտու եղել, քանի որ հայկական արտադրանքը լայն սպառման պահանջարկ է ունեցել, շուկայում էժան արտադրանք է եղել, որը մատչելի է եղել սոցիալապես անապահով խավի համար։ Երկու երկրների հարաբերությունները սրվելուց հետո Ռուսաստանը վերանայեց իր այդ դիրքորոշումը, և ջրի երես հանեց մեր սննդի ոլորտում առկա լուրջ խնդիրները»։

Ստացվում է, որ Ռուսաստանի, առավել ևս Եվրոպայի կողմից մերժված և վտանգավոր համարվող հայկական մթերքները ստիպված ենք հայ սպառողներս իրացնել, քանի որ սննդի անվտանգության հարցերով զբաղվող կառույցները համապատասխան կամք չունեն դրանք խոտանելու և արգելելու, որ շուկա մուտք գործեն ու չհայտնվեն մեր սեղաններին։ Ի՞նչն է մեզ խանգարում որակյալ մթերք արտադրել։ Հարցին «Ֆերմերային շարժման» նախագահն ասաց, որ որակյալ մթերք, մասնավորապես գյուղմթերք ստանալու համար մի շարք պահանջներ պետք է իրականացվեն՝ հողը հատուկ ձևով մշակվի, որակյալ պարարտանյութ օգտագործվի, վնասատուների դեմ առաջադեմ մեթոդներով պայքար մղվի, և այլն, իսկ այդ դեպքում ապրանքի ինքնարժեքը զգալի կբարձրանա և անգամ մեր շուկայում պահանջարկ չի ունենա, քանի որ ժողովրդի մեծ մասը գնողունակ չէ։ Մյուս կողմից էլ ոլորտը բարձիթողի է արված, ոլորտով զբաղվող որևէ գերատեսչություն իր գործառույթներին չի տիրապետում, և այդ կառույցների պաշտոնյաները պետական բյուջեից անարժան գումարներ են ստանում։

Թագուհի Ասլանյան

Send