Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն MediaHub TV ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ Վերլուծական

Եթե Նիկոլ Փաշինյանը հպարտ է Արցախը հանձնելով, կուրանա նաև հանուն հայրենիքի կյանքը զոհածներին

Blog Image

Երբ 1988 թվականին սկսվեց Արցախյան շարժումն ու ինչի արդյունքում Ադրբեջանը պատերազմ սանձազերծեց Արցախի ու Հայաստանի դեմ, Թուրքիայի քաղաքական բարձրագույն շրջանակներից հնչում էին տեսակետներ, որ հիմարություն է Ադրբեջանի կողմից հայերի դեմ պատերազմելը. «Եթե չլիներ պատերազմը, մենք առանց կրակոցի կվերցնեինք ոչ միայն Ղարաբաղը, այլև Հայաստանը»։

Այդ նույն մոտեցումը 44-օրա պատերազմից հետո հնչեց նաև Ադրբեջանի կողմից, որ «Արցախը վերցրեցինք տանկերով, իսկ Հայաստանը կվերցնենք մեքենաներով»։ Այլ խոսքով՝ 1988 թվականին մեկնարկած Արցախյան շարժումը ադրբեջականացումից փրկեց ոչ միայն Արցախը, այլև Հայաստանը։ Ու դրանում ամենևին չափազանցություն չկա։ Եթե հիշենք թե Խորհրդային ժամանակներում ինչ մեծ քանակի ադրբեջանցիներ էին ապրում Հայաստանում ու եթե հաշվի առնենք նրանց բազմացման տեմպերը, ապա դժվար չէ պատկերացնելը, որ այսօր Հայաստանում հայերը կարող էին լինել ազգային փոքրամասնություն։

Սակայն այդպես չի կարծում Նիկոլ Փաշինյանը։ Այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ նա հերթական անգամ հայտարարեց, որ Ղարաբաղի շարժումը չի ծառայել Հայաստանին ու ինքը հպարտ է, որ երկիրը դուրս է բերել այդ «թակարդից»։

Սա թերևս առաջին անգամն է, որ նրա մոտեցումը արտաքնապես տարբերվում է թուրք-ադրբեջանական մոտեցումից։ Արցախյան շարժումը, հակառակը, ծառայել է հենց Հայաստանին ու միակ տուժողներն այդ հարցում թուրքերն ու ադրբեջանցիներն էին։ Սակայն դա միայն արտաքնապես, իսկ իրականում այն քողարկված աջակցություն է թուրք-ադրբեջանական հակահայ քաղաքականությանը։ Գեներացնելով այն միտքը, որ Արցախյան շարժումը միայն վնասել է հայ ժողովրդին, նա ցանկանում է Արցախը ներկայացնել մեր բոլոր «դժբախտությունների» պատճառ, որը պետք է օր առաջ հանենք մեր ազգային օրակարգից ու այլևս երբեք չխոսենք ո՛չ Արցախից, ո՛չ արցախցիների վերադարձի իրավունքից, ո՛չ Արցախում ոչնչացվող հայկական Եկեղեցիներից ու մշակույթից և լռենք Արցախում հայկականության հետքը վերացնելու Ադրբեջանի քաղաքականության հանդեպ։

Իսկ ինչ վերաբերում է նրա հայտարարության երկրորդ հատվածին, որ հպարտ է երկիրն այս «թակարդից» դուրս բերելու համար, ապա դա բարոյազրկության սահմաններ չի ճանաչում։ Եթե Նիկոլ Փաշինյանը հպարտ է Արցախը հանձնելով, ինքնաբերաբար կուրանա նաև բոլոր զոհերին, քանի որ այդ մարդիկ իրենց կյանքը զոհել են հանուն Արցախի, հանուն Հայաստանի, հանուն հայ ազգի միասնականության, հանուն ազգային արժեքների ու արժանապատվության, հանուն պատմական հիշողության պահպանման ու հանուն արդարության վերականգնման։

Կարեն Կարապետյան

Send