Օրեր առաջ Վայոց ձորի մարզի Մալիշկա բնակավայրում հայտնված դիմակավորված անձն ամեն օր հայտնվում է մի նոր գյուղում, վախեցնում մարդկանց։
Մարզի բնակիչներն անհանգստության մեջ են, իրավապահներին չի հաջողվում բռնել նրան, իսկ նա նույն գործողություններով ահաբեկում է մարդկանց։ «Տարիներ առաջ այդպիսի խնդիր ունեցող մի երիտասարդ հայտնվել էր Կարբի գյուղում։ Անունը դրել էին «Կարբիի ուրվական»։ Մենք սկզբից մտածում էինք հոգեկան շեղված մարդա, երևի չի հասկանում, թե ինչ է անում։ Բայց գնալով անհանգստությունն ավելի ու ավելի է մեծանում, որովհետեւ նրան չի հաջողվում հայտնաբերել»,- MediaHub-ին ասաց Վայոց Ձորի բնակիչը։
Երեկ լուրեր տարածվեցին, որ դիմակավարված անհայտ անձը նախորդ գիշեր հայտնվել է Վայքում, ահաբեկել տեղի բնակիչներին։ Այսօր առավոտյան հայտնի դարձավ, որ գիշերը 23։30֊-ի սահմաններում նրան նկատել են Վայոց ձորի մարզի Եղեգնաձորի շրջանի Արտաբույնք գյուղում։
«Մինչ այս պահը նա ոչ մեկին դեռ մարմնական կամ նյութական վնաս չի տվել, բայց գիտի որ մեծ խմբերով իրեն են փնտրում։ Երբ նկատում է, որ մարդիկ մոտենում են իր ուղղությամբ, նա քարեր է նետում բնակիչների ուղղությամբ ու կորում տեսադաշտից։ Մի քանի անգամ փորձել ենք բռնել, բայց չի հաջողվել, շատ արագաշարժ ու պատրաստված մարդա»,-ասաց մեր զրուցակիցը։
Դիմակավորված անձը մարդկանց չի վնասում, բայց ահաբեկում է, քարերով հարվածելով բնակելի տների պատուհաններին, դռներին ու տանիքներին։
«Որպեսզի պատկերացնեք, Արտաբույնք գյուղը Վայքից գտնվում է մոտավորապես 30 կմ հեռավորության վրա։ Մեքենայով Վայքից Արտաբույնք հասնելը մոտավորապես 35–40 րոպե կարող է տևել։ Թե ինչպես է նա Վայքից հասել Արտաբույնք, ոչ ոք չգիտի։ Ոստիկանությունը տեղյակ է, բոլորը տեղյակ են, մարդիկ զգոն են, գիշերը հերթապահում ենք, բայց սայլը տեղից չի շարժվում, նրան հայտնաբերել չի հաջողվում»,- ասաց Վայոց ձորի բնակիչը։

Русский