Լրատվամիջոցները մանրամասներ են հայտնել Flydubai ընկերության չվերթի ժամանակ երկրորդ օդաչուին դանակահարած օմանցի օդաչուի մասին։
CNN-ը գրել է, որ տղամարդը Օմանի քաղաքացի Համամ ալ-Համամին է։ Նրա հայրը օմանցի է, իսկ մայրը՝ սիրիացի։ Իսրայելցի մի պաշտոնյա հաստատել է օսմանցու ինքնությունը։
Ըստ առցանց պրոֆիլի տվյալների՝ նա 7 տարի աշխատել է «Oman Air» ավիաընկերությունում։ 2025-ի հունիսին անցել է աշխատանքի «Royal Air Maroc»-ում, սակայն 2026-ի հունվարին լքել է ընկերությունը։ Էջում Flydubai-ի մասին հիշատակում չկա, թեև իսրայելցի պաշտոնյան ասել է, որ ալ-Համամին այդ ավիաընկերությունում աշխատել է ընդամենը 8 ամիս։
Բրիտանական «The Wall Street Journal» թերթը գրել է, որ օդաչուին Օմանում հեռացրել էին թռիչքներից նրա արմատական հայացքների վերաբերյալ մտահոգությունների պատճառով։ Չնայած դրան՝ Flydubai-ն հետագայում աշխատանքի է ընդունել ու թույլատրել իրականացնել թռիչքներ ԱՄԷ-ի և Իսրայելի միջև։
ԱՄԷ-ի իշխանությունները շարունակում են հետաքննել Դուբայ - Թել Ավիվ չվերթի ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որի հետևանքով ինքնաթիռը ստիպված է եղել արտակարգ վայրէջք կատարել Սաուդյան Արաբիայում։
CNN-ը, հղում անելով ալ-Համամիի՝ ջնջված X հաշվի վերլուծությանը, նշել է, նա կրոնապաշտ է և կանանց նկատմամբ թշնամական վերաբերմունք է ունեցել։
ԱՄԷ-ի գլխավոր դատախազը հայտնել էր, որ Flydubai-ի չվերթի ժամանակ տեղի ունեցած միջադեպը ահաբեկչական հարձակման փորձ է եղել։
Նրա խոսքով՝ երկրորդ օդաչուն վթարային կացնով հարվածել է օդանավի հրամանատարին և փորձել է իր ձեռքը վերցնել ղեկավարումը։
Համամ ալ-Համամին խոստովանել է, որ մտադիր է եղել ինքնաթիռը կործանել Իսրայելում. այս մասին հայտնել է «ABC News»-ը՝ վկայակոչելով հետաքննությանը ծանոթ աղբյուրներ։
Քննիչները դեռ փորձում են պարզել, թե ինչպես է օդաչուն թույլտվություն ստացել թռիչքներ իրականացնել Flydubai-ի կազմում, մասնավորապես՝ դեպի Իսրայել ուղղություններով։ Ալ-Համամին Սաուդյան Արաբիայից տեղափոխվել է ԱՄԷ. ակնկալվում է, որ իսրայելցի պաշտոնյաներ կժամանեն Արաբական Միացյալ Էմիրություններ՝ կասկածյալի հետագա հարցաքննություններին մասնակցելու համար։

Русский