Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Միջազգային MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Թուրքիան շտապում է․ ինչո՞ւ է Անկարան հենց հիմա «խաղաղություն» ուզում

Blog Image

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը հայտարարել է, որ Երևանն ու Բաքուն «շատ մոտ են» խաղաղության պայմանագրի ստորագրմանը՝ ընդգծելով նաև «Զանգեզուրի միջանցքի» կարևորությունը Թուրքիայի համար և տարածաշրջանի դերը Միջին միջանցքի իրականացման մեջ։ Այս թեմայի շուրջ MediaHub-ը զրուցել է թուրքագետ Հակոբ Չաքրյանի հետ, ում գնահատմամբ՝ Ֆիդանի հայտարարությունը պետք է դիտարկել ոչ միայն որպես խաղաղության մասին հայտարարություն, այլ նաև որպես քաղաքական հաշվարկ։

«Զանգեզուրի միջանցքը Նախիջևանից ուղղակի ցամաքային կապ է հաստատում, դա 1920-ականներին Էնվեր փաշայի երազանքն էր։ Բայց այդ միջանցքը տարածաշրջանային նշանակության նախագիծ է և Թուրքիայի կամքով չի բացվելու», – նշեց թուրքագետը։

Խոսելով «շատ մոտ ենք» ձևակերպման մասին՝ թուրքագետը շեշտում է՝ Թուրքիայի խնդիրը հակամարտության լուծումը չէ։  «Խնդիրը նախաձեռնությունը ստանձնելն է, որ կարողանա ինքը վերահսկել գործընթացը»։

Չաքրյանի խոսքով՝ եթե խաղաղության պայմանագիրը ստորագրվի Թուրքիայի նախաձեռնությամբ, ապա գործընթացի վերահսկողությունը կարող է անցնել Անկարային։

«Եթե Թուրքիայի նախաձեռնությամբ հաշտությունը ստորագրվի, նախաձեռնությունը ամբողջությամբ Ռուսաստանից անցնում է Թուրքիային»,- նշեց թուրքագետը։

Թուրքիայի շահերը, ըստ մեր զրուցակցի, բազմաշերտ են՝ ազդեցության ընդլայնում, տարածաշրջանային գործընթացների վերահսկում և միջանցքային նախագծերի առաջ մղում։ «Ցանկանում են, որ արագ ստորագրվի իրենց նախաձեռնությամբ, քանի որ այդ դեպքում գործընթացը իրենք էլ կվերահսկեն», – ընդգծեց Չաքրյանը։

Միևնույն ժամանակ նա շեշտում է՝ խաղաղության պայմանագիրը անհրաժեշտ է, բայց ոչ ցանկացած ձևաչափով. «Պետք է կնքվի, բայց ոչ Թուրքիայի կամ Մոսկվայի նախաձեռնությամբ։ Ավելի ճիշտ կլիներ, որ դա արվեր Եվրամիության կամ ԱՄՆ-ի նախաձեռնությամբ»։

Չաքրյանը հիշեցնում է նաև Թուրքիայի քաղաքականության շարունակականությունը Հայաստանի նկատմամբ։ «1991 թվականին Թուրքիան ճանաչեց Հայաստանի անկախությունը, բայց հրաժարվեց դիվանագիտական հարաբերություններից՝ պատճառաբանելով Ղարաբաղի հարցը։ Այսօր Ղարաբաղում հայ չկա, բայց Թուրքիայի վերաբերմունքը չի փոխվել»,- ասաց նա։

Թուրքագետի գնահատմամբ՝ Թուրքիայի համար խնդիրը միայն Ղարաբաղը չէ։ «Գլխավոր նպատակը Նախիջևանից Մեղրիով միջանցք բացելն է, որպեսզի ցամաքային կապ հաստատվի Ադրբեջանի հետ»։

Այս ֆոնին Ֆիդանի «շատ մոտ ենք» հայտարարությունը, ըստ թուրքագետի, ավելի շատ քաղաքական ազդակ է, քան իրականում ավարտին մոտ գործընթացի արտացոլում։

Ալիտա Եղիազարյան

Send