Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Տարածաշրջան ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Հայաստանն ընկալվում է որպես ազդեցության ենթակա օբյեկտ. Ղալաչյանը՝ Ֆիդանի հայտարարության մասին

Blog Image

Թուրքիայի ԱԳ նախարար Հաքան Ֆիդանը, անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, մասնավորապես «TRIPP»-ին՝ իր խոսքով՝ «Զանգեզուրի միջանցքին», հայտարարել է. «Մենք տեսնում ենք, որ վարչապետ Փաշինյանը ներկայում սոցհարցումներում առաջատար է։ Նա այս գործընթացում իրականում կառուցողական դեր է խաղում, և մենք աջակցում ենք այդ դերակատարությանը։ Այս ուղղության, այս կամքի շարունակությունը կարևոր է»։

Այս հայտարարությունը ոչ միանշանակ ընդունվեց հայկական կողմում. շատերն այն դիտարկեցին որպես միջամտություն Հայաստանի ներքաղաքական կյանքին և որպես Թուրքիայի կողմից հստակ ազդակ՝ ՀՀ-ում կայանալիք խորհրդարանական ընտրություններին ընդառաջ։ 

Իսկ իրականում ինչի՞ մասին է այս հայտարարությունը, արդյո՞ք այն կարող ենք դիտարկել՝ որպես ՀՀ ներքին կյանքին միջամտություն և ինչո՞ւ հենց այս փուլում Թուրքիան ԱԳ մակարդակով նման հայտարարությամբ հանդես եկավ. այս և այլ հարցերի շուրջ MediaHub-ը զրուցել է «Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, նախկին փոխարտգործնախարար Գագիկ Ղալաչյանի հետ։

Նրա խոսքով՝ այս հայտարարությունը նախևառաջ ցույց է տալիս Թուրքիայի հետաքրքրվածությունը Հայաստանի ներքաղաքական գործընթացների նկատմամբ և քաղաքական ուղերձ է, ոչ թե պարզապես դիտարկում։

«Անկախ իրավական նրբություններից՝ Հայաստանի համար վտանգավոր է արդեն այն փաստը, որ արտաքին պետության բարձրաստիճան պաշտոնյան իրեն թույլ է տալիս խոսել ՀՀ ընտրությունների մասին։ Սա նշանակում է, որ Հայաստանն ընկալվում է որպես ազդեցության ենթակա օբյեկտ»,- նկատեց Գագիկ Ղալաչյանը։

Այսպիսով, ըստ նրա, մեր ներքին գործընթացները դիտարկվում են որպես արտաքին օրակարգի գործիք։ 

«Հայ-ադրբեջանական և հայ-թուրքական հարաբերությունների ներկա զարգացումների ֆոնին սա կարելի է միանշանակ դիտարկվել որպես ՀՀ ներքին գործերին միջամտության տարր և հիբրիդային քաղաքական ճնշման դրսևորում»,- շեշտեց Գագիկ Ղալաչյանը։

Դիտարկմանը, որ ՀՀ գործող իշխանությունն ամենուր հայտարարում է, որ դատապարտում է ցանկացած միջամտություն ՀՀ ներքաղաքական կյանքին, և դա հատկապես ցցուն երևում է, երբ խոսքը ՌԴ-ի մասին է, ապա ինչո՞ւ այս դեպքում սա որպես միջամտություն չի որակում այդ նույն իշխանությունը, Գագիկ Ղալեչյանն արձագանքեց՝ այստեղ ակնհայտ է երկակի ստանդարտների կիրառումը։ 

«Սա ներկայիս իշխանությունների քաղաքական ընտրության հարցն է»,- ամփոփեց խոսքը Գագիկ Ղալաչյանը։

Նարե Գնունի

Send