Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Քաղաքականություն Տնտեսություն Սոցիալական ոլորտ MediaHub TV ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ԻՐԱՎԱԿԱՆ Վերլուծական ԿԱՐԵՎՈՐ ԼՈւՐԵՐ

Մեկ ժամկետանց սննդի դիմաց խանութը գնորդին պետք է նույն սննդից մի քանի հատ տա՝ ժամկետի մեջ

Blog Image

Հուլիս ամսին մայրաքաղաքի սուպերմարկետներում Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայության իրականացրած ուսումնասիրությունների և հսկողության արդյունքում մի շարք խախտումներ են հայտնաբերվել ու արձանագրվել, այդ թվում՝ ժամկետանց սնունդ, որը չի հանվել վաճառքից:

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում հասարակական կարգի պահպանության ծառայության պետի ժամանակավոր պաշտոնակատար Ավետ Բաբայանը հայտարարել է, որ ստուգումների ընթացքում ժամկետանց սնունդ է հայտնաբերվել ինչպես «88» սուպերմարկետում, ինչի մասին առանձին տեղեկացվել էր, այնպես էլ մայրաքաղաքում գործող մնացած բոլոր սուպերմարկետներում:

«Չի եղել մի սուպերմարկետ, որտեղ ժամկետանց սնունդ չլիներ: Մնացած խնդիրները դեռ չեմ ասում: Չի կարելի, մեր բնակիչներն ու քաղաքացիներն են այդ սնունդը գնում»,- ասել է Բաբայանը՝ հավելելով, որ նմանատիպ հսկողություն ու ստուգումներ իրականացնելու են նաև դեղատներում:

Դեպի Եվրոպա ու եվրոպական արժեքներ ձգտող պետության համար նմանատիպ դրսևորումների բացահայտումը մեծ բիծ է, որը կարող է լուրջ խոչընդոտ դառնալ եվրոպական ճանապարհին: Դժվար թե եվրոպական որևէ երկրում տնտեսվարողը համարձակվեր ժամկետանց սնունդ թողնել վաճառքի դարակներում՝ վախենալով պետական վերահսկող մարմիններից ու սահմանված պատասխանատվությունից: Բայց մեզանում պետական պատշաճ վերահսկողության և ոլորտն սկզբունքորեն պետական քաղաքականության առաջնահերթություն դարձնելու կամքի բացակայության պայմաններում անհրաժեշտ միջոցներ չեն ձեռնարկվում սննդի վերահսկողության ոլորտում առկա խնդիրները իսպառ լուծելու համար, այնինչ ոլորտն անմիջականորեն առնչվում է քաղաքացիների կյանքին ու առողջությանը: Եվ նման վերաբերմունքը ցույց է տալիս նաև, թե իշխանություններն ինչպիսի վերաբերմունք ունեն սեփական քաղաքացիների նկատմամբ:

«Իրազեկ և պաշտպանված սպառող» հասարակական կազմակերպության նախագահ Բաբկեն Պիպոյանը դրական է գնահատում քաղաքային իշխանությունների հասարակական կարգի պահպանության ծառայության իրականացրած ստուգումները, սակայն նշում է, որ հանրային սննդի անվտանգության համար պատասխանատու կառույցը՝ Սննդի անվտանգության տեսչական մարմինը (ՍԱՏՄ), նույն փութաջանությամբ հետևողական չէ խնդրին: Ըստ նրա՝ եթե փորձենք ուսումնասիրել ՍԱՏՄ-ի կայքը, կտեսնենք, որ սուպերմարկետներում նման խախտումների վերաբերյալ հայտարարությունները շատ քիչ են: Ակնկալվում է, որ երկու կառույցներն էլ համարժեք հայտարարություններ անեն՝ հանրությանը ցույց տալով, որ ջանք են գործադրում ոլորտը կարգավորելու համար:

Ինչ վերաբերում է խախտումների բնույթին, ապա Բաբկեն Պիպոյանի դիտարկմամբ՝ դրանք հայտնաբերելուց հետո պետք է պատշաճ վերլուծություններ իրականացվեն, որպեսզի պարզ դառնան դրանք կանխելու մեխանիզմները: Այնինչ, քաղաքային իշխանությունները չունեն դրա գործիքակազմը, մասնագիտական ներուժը և ոչ էլ գործառույթը. դա միայն լիազոր մարմնի տիրույթում է: ՀԿ նախագահը շատ երկար ժամանակ է ուսումնասիրում խնդիրը և եկել է այն համոզման, որ խանութներում ժամկետանց սննդի առկայության պատճառ են դառնում աշխատակիցների անփութությունը, աշխատակազմի ոչ պատշաճ պատրաստվածությունը և անպատասխանատու վերաբերմունքը: Եվ դա ոչ թե օջախային բնույթի է, այլ համատարած, հետևաբար՝ համակարգային լուծում է պահանջում:

Բաբկեն Պիպոյանի համոզմամբ՝ պետությունը պետք է ինստիտուցիոնալ մեխանիզմներ մշակի ժամկետանց ապրանքի իրացման դեմ պայքարելու համար: Ժամանակին նա սուպերմարկետներից մեկի սեփականատիրոջը նման մի մեխանիզմ է խորհուրդ տվել, որը բավականին արդյունավետ է կիրառվել: Առաջարկվել էր սուպերմարկետի սեփականատիրոջը՝ խանութում սպառողի կողմից ժամկետանց ապրանք հայտնաբերելու դեպքում նրան նույն ապրանքից մի քանի հատ տրամադրել, ինչպես även այլ ապրանքներ (օրինակ՝ հինգ հազար դրամի սահմանում), բայց արդեն գործող ժամկետներով:

«Եթե սուպերմարկետի սեփականատերն իմանա, որ նման կարգավորում կա, որը նա պարտավոր է կատարել, արդեն ավելի զգոն կլինի և թույլ չի տա, որ աշխատակիցներն անփութություն ցուցաբերեն: Բայց դա պետք է համակարգային բնույթ կրի։ Եթե նման մեխանիզմներ չեն կիրառվում, և միայն ժամանակ առ ժամանակ ստուգումներ իրականացնելու մեթոդով են փորձում խնդիրը կանխել, ապա միշտ էլ կոտրած տաշտակի առաջ են կանգնելու։ Ամեն նման ստուգումից հետո տնտեսվարողը նորից ազատ է զգալու իրեն: Մենք բազմիցս ասել ենք, որ սննդամթերքի անվտանգությունն ապահովելը պարզապես ստուգաթղթերով խանութ մտնելով չի լինում աշխարհի ոչ մի երկրում։ Մենք դեպի Եվրոպա գնալու մասին բազմաթիվ կենացներ ենք լսում, բայց արժեքների հետ կապված առարկայական փոփոխություններ չենք տեսնում»,- MediaHub-ի հետ զրույցում ասաց Բաբկեն Պիպոյանը։

Նա հիշեցրեց, որ բարձր չափորոշիչներից ու բարձր որակից խոսող կառավարությունը վերջերս ներկայացրեց իր առաջիկա հնգամյա ծրագիրը՝ նոր կառուցվածքով, որի համաձայն որոշ նախարարությունների անվանումներում փոփոխություններ են արել։ Նա հարցադրում է անում՝ այդ ծրագրում ստանդարտների, սննդամթերքի անվտանգության և ոչ պարենային ապրանքների որակի հետ կապված ի՞նչ կառուցվածքային ու ռազմավարական փոփոխություններ են առաջարկվում: Եվ ինքն էլ պատասխանում է իր հարցին՝ ոչ մի բան չի առաջարկվում։ Ուստի, որևէ փոփոխություն չանելով, ինչպե՞ս են ցանկանում ոլորտը բարեփոխել:

«Կարո՞ղ էին, չէ՞, գոնե ձևական փոփոխություն անել, ինչպես անվանափոխեցին արտգործնախարարությունը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը։ Կարող էին չէ՞ էկոնոմիկայի նախարարությունը վերանվանել էկոնոմիկայի և որակի ապահովման, ստանդարտներին համապատասխանեցման նախարարության։ Բայց իրենց մոտ կենացների մակարդակով է ամեն ինչ։ Սա նման է նրան, որ մարդը՝ սիգարետը ձեռքին, մյուս ձեռքն էլ՝ կողքինի ուսին, ծուխը փչում է նրա վրա ու նրա առողջության կենացը խմում»։

Թագուհի Ասլանյան

Send