ԱՄՆ-ի և Իրանի միջև զինված հակամարտությունը կարող է տևել ևս վեց ամիս։ Այս կարծիքը հայտնել է Պենտագոնի նախկին ղեկավար և Կենտրոնական հետախուզական վարչության նախկին տնօրեն Լեոն Պանետան բրիտանական «The Guardian» թերթին տված հարցազրույցում։
«Կարծում եմ՝ կա հնարավորություն, որ այս պատերազմը կարող է շարունակվել ևս վեց ամիս՝ առանց հանգուցալուծման»,- ասել է նա՝ հավելելով՝ գաղտնիք չէ, որ Միացյալ Նահանգները և Իրանը գտնվում են սարսափելի փակուղու մեջ և այս պատերազմը դադարեցնելու շատ քիչ կենսունակ տարբերակներ կան։
Հորմուզի նեղուցի շուրջ ևս կրքերը չեն հանդարտվում։ Իրանի Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար, գեներալ-մայոր Մոհսեն Ռեզային հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը մնում է ամբողջությամբ փակ այն նավերի համար, որոնք չեն ստացել Թեհրանի թույլտվությունը։ Ըստ նրա՝ Իրանը մտադիր չէ նեղուցը բացել նավագնացության համար, քանի դեռ ԱՄՆ-ն սպառնում է իրեն կամ հարվածներ հասցնում։
Յոթ ամսվա ընթացքում Թրամփի «փոքր կարտոֆիլների» պատերազմը Իրանի հետ վերածվել է ճգնաժամի, որը հարվածել է էներգակիրների գներին, ռազմական բյուջեներին և սեփական վարկանիշին իր երկրում։
«Դոնալդ Թրամփը Իրանի դեմ պատերազմի համար օգտագործել է մի արտահայտություն, որը ավելի շատ է արտացոլում նրա ջանքերը՝ նվազեցնելու օրեցօր ավելի մեծ չափերի հասնող հակամարտությունը՝ «փոքր կարտոֆիլներ»։ Սա անգլերեն քաղաքական և առօրյա լեզվով օգտագործվող տերմին է անկարևոր հարցերի համար։ Բայց եթե Իրանի հետ պատերազմը իսկապես «փոքր կարտոֆիլներ» է, ինչո՞ւ Միացյալ Նահանգները, յոթ ամիս անց, դեռևս չի կարողացել այդ հարցը լուծել։
Այս հակասությունը Սպիտակ տան քաղաքական պատմության և պատերազմի ռազմավարական իրականության միջև եղած անհամապատասխանության ամենակարևոր նշաններից մեկն է։ Պատերազմը, որը Վաշինգտոնի սկզբնական հաշվարկներով պետք է լիներ կարճ, սահմանափակ և վճռորոշ, այժմ վերածվել է բազմաշերտ ճգնաժամի, որի հետևանքները տարածվել են մարտադաշտից այն կողմ՝ էներգետիկայի, տնտեսության, տարածաշրջանային անվտանգության և նույնիսկ ԱՄՆ ներքին քաղաքականության վրա։
MediaHub-ը զրուցել է Թեհրանի Allameh Tabataba’i (ATU) համալսարանի դասախոս, միջազգայնագետ Էհսան Մովահեդիանի հետ՝ հասկանալու՝ ի՞նչ իրավիճակ է Իրան-ԱՄՆ հակամարտության դաշտում, արդյո՞ք ռազմական գործողությունները կարող են շարունակվել առաջիկա վեց ամսվա ընթացքում։
«Իմ տեղեկությունների համաձայն՝ Պարսից ծոցում առաջիկա շաբաթների ամենահավանական սցենարը Իրանի և Միացյալ Նահանգների միջև լիարժեք դասական պատերազմը չէ, այլ «ցածր ինտենսիվությամբ հյուծման պատերազմի» շարունակությունն ու սրացումը՝ կենտրոնացած նավթատարների, անօդաչու թռչող սարքերի և Իրանի հրթիռային զսպման միջոցների վրա։ Այս փուլում նախաձեռնությունը, կարծես, ավելի շատ Իրանի ձեռքում է, մինչդեռ Միացյալ Նահանգները գտնվում է պասիվության և աստիճանական նահանջի դիրքում»,- ասաց Մովահեդիանին։
Ըստ միջազգայնագետի՝ Պարսից ծոցում ԱՄՆ ռազմածովային ներկայության կրճատում և դոկտրինի փոփոխություն կլինի․ Պարսից ծոցից ավիակիրների դուրսբերումը կամ կրճատումը ազդարարում է ոչ թե «մեծ պատերազմի նախապատրաստման», այլ Իրանի ճշգրիտ հրթիռների նկատմամբ խոցելիության վախի մասին։
«ԱՄՆ-ն գիտի, որ Պարսից ծոցում և նույնիսկ Հորմուզի նեղուցում իր ավիակիրներն այլևս չեն վայելում այն անվտանգությունը, որն ունեին նախկինում. հետևաբար, իր հնարավորությունները պահպանելու համար այն հետ է քաշվում կամ ուժերը տեղափոխում է ավելի հեռավոր բազաներ և Իսրայել։
«Հեզբոլլահի» դեմ Իսրայելի խոշոր հարձակման սկիզբը, որը համընկնում է տարածաշրջանում ԱՄՆ հարձակողական և պաշտպանական կարողությունների թուլացման հետ, ամերիկյան լոգիստիկ և հետախուզական միջոցների մեծ մասը ուղղում է դեպի Հորդանան և Իսրայել: Այս պայմաններում Պարսից ծոցում նոր ճակատ բացելը չափազանց թանկ և ռիսկային կլինի ԱՄՆ-ի համար: Մինչդեռ Իրանն օգտագործում է այս իրավիճակը՝ իր մեկուսացման գոտին ընդլայնելու համար:
Ե՛վ Միացյալ Նահանգներում, և՛ Իսրայելում ընտրությունների մոտենալը կառավարություններին զգուշավոր է դարձնում: Երկու գործող ղեկավարություններից ոչ մեկը չի ցանկանում ընտրություններից առաջ երկարատև և անվերահսկելի պատերազմի մեջ մտնել Իրանի հետ, հատկապես, եթե նավթի գները բարձրանան, և համաշխարհային տնտեսությունը ճնշման տակ հայտնվի: Հետևաբար, լարվածությունը կմնա կառավարելի, բայց կարող է սրվել ընտրական նպատակներով: Ընտրություններից հետո ամեն ինչ այլ է, և պատերազմի սրացումը հնարավոր է: ԱՄՆ-ի և Իրանի միջև ուղղակի ծովային բախում ցածրից մինչև միջին հավանականության է, միայն սխալ հաշվարկի կամ ԱՄՆ-ի կողմից իրանական օբյեկտների վրա ուղղակի հարձակման դեպքում կարող է լինել»,- ասաց միջազգայնագետը։
Ըստ նրա՝ նավթի գները կաճեն, հատկապես ձմռան սկսվելուն և պահանջարկի աճին զուգընթաց: Վերջնական արդյունքը հավանաբար կլինի բանավոր համաձայնություն կամ «փխրուն հրադադար», որի դեպքում Իրանը փաստացի կպարտադրի իր պայմանները, բայց ԱՄՆ-ն պաշտոնապես չի կարող ընդունել դրանք: Սա կարտահայտվի որպես հարաբերական դեէսկալացիա՝ առանց ստորագրված պաշտոնական փաստաթղթի։
«Առաջիկա շաբաթներին Իրանի և Միացյալ Նահանգների միջև Պարսից ծոցում լայնածավալ պատերազմը խիստ անհավանական է: Այնուամենայնիվ, սահմանափակ լարվածությունը, նավթատարների վրա հարձակումները և Իրանի զսպման ուժի ուժեղացումը կշարունակվեն: Միացյալ Նահանգները, ավիակիրների խոցելիության, օդային պաշտպանության պաշարների սպառման, ընտրությունների և Իսրայելի՝ «Հեզբոլլահ»-ի հետ հակամարտության պատճառով, կխուսափի ուղղակի բախումից: Իրանը, ընդլայնելով իր բացառման գոտին և ցուցադրելով իր հրթիռային հնարավորությունները, փոխում է ուժերի հավասարակշռությունը իր օգտին՝ առանց պաշտոնական պատերազմի մեջ մտնելու: Սակայն ԱՄՆ-ն և Իսրայելը կարող են սրել պատերազմը աշնանը կայանալիք ընտրություններից հետո»,- ամփոփեց խոսքը Մովահեդիանին։

Русский