Արդեն ակնհայտ է, որ առաջիկա խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Եվրամիությունը հիբրիդային արագ արձագանքման թիմ կտեղակայի Հայաստանում՝ ընտրություններին ընդառաջ հնարավոր սպառնալիքներին հակազդելու հարցում ՀՀ-ին օգնելու պատրվակով։ Ինչպես հաղորդում է Եվրամիության դիվանագիտական ծառայության պաշտոնական կայքը՝ այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը, որն էլ տեղեկացրել է, որ Հայաստանի իշխանություններն են իրենց նման խնդրանքով դիմել։
«Մեր հարևանությամբ ժողովրդավարության դիմադրողականությանն աջակցելը շարունակում է չափազանց կարևոր մնալ։ Մենք Հայաստանին մենակ չենք թողնի արտաքին միջամտության դեմ։ Ճնշման տակ գտնվող ժողովրդավարությունները կարող են հույս դնել Եվրոպայի վրա»,- ասել է Կալասը։
Ավելի վաղ թե՛ նույն Կալասը, թե՛ ԵՄ ընդլայնման հարցերով բարձր ներկայացուցիչ Մարթա Կոսը հայտարարել էին, որ ԵՄ-ը պատրաստ է 12-15 միլիոն եվրո տրամադրել Հայաստանին՝ ընտրություններին հնարավոր հիբրիդային սպառնալիքներին հակազդելու նպատակով։
Եվրապաշտոնյաները նաև չեն զլացել բացելու փակագծերը, թե ո՞ւմ միջամտությունից են իրենք այդքան սարսափած, որ ֆինանսական օգնությունից բացի նաև առանձին բանակ են ուղարկելու ընտրություններին իշխանությունների թիկունքը պահելու համար։ Ըստ նախնական տեղեկությունների՝ արագ արձագանքման թիմը 20 հոգուց է բաղկացած լինելու։
MediaHub-ն ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ուժերի ներկայացուցիչներից, թե իրենք ինչպես են վերաբերվում ընտրությունների ժամանակ այդ խմբի տեղակայմանը Հայաստանում, և ընդհանրապես, եվրաչինովնիկների հայտարարություններին։
«Հայաստան» դաշինքի պատգամավոր Լիլիթ Գալստյանի կարծիքով՝ այդ նախաձեռնությունը Հայաստանի ներքին գործերին ուղիղ միջամտություն և ընտրությունների արդյունքների վրա ազդելու փորձ է։
«Կայա Կալասի խոսքերը և մինչև այդ էլ իբրև թե հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու համար Հայաստանին միջոցներ տրամադրելու մասին նրանց հայտարարությունները ուղիղ միջամտություն են մեր երկրի ներքին գործերին, աջակցություն գործող վարչախմբին, ինչպես նաև ընտրությունների հնարավոր արդյունքների վրա ուղղակի ազդեցություն»,- ասաց պատգամավորը։
Հարցին, թե ընտրություններին մասնակցելու հայտ ներկայացրած ընդդիմությունն այդպիսի միջամտությանը հակազդելու ի՞նչ գործիքակազմ ունի, Լիլիթ Գալստյանը պատասխանեց՝ հակազդման լավագույն միջոցը հայ ժողովուրդն է, որն ունի իր ճակատագրին տնօրինելու միակ ձևը՝ իր ձայնը․ «Կալասները, ֆիդանները կուզեն իրենց դրածոյին տեսնել Հայաստանի իշխանության գլխին։ Հայ մարդուն պետք է ներշնչել, որ նա իր ձայնով կարող է որոշել իր ճակատագիրը, այլ հակազդման մեխանիզմ չկա»։
Ինչո՞ւ է հենց Ռուսաստանը թիրախավորվել ԵՄ-ի կողմից որպես հիբրիդային պատերազմ սանձազերծողի, այն դեպքում, երբ իշխանություններին ակնհայտորեն աջակցող հայտարարություններ և անգամ նրանց չընտրվելու դեպքում սպառնալիքներ են հնչում Թուրքիայից, Ադրբեջանից, անգամ ԱՄՆ-ից։ Լիլիթ Գալստյանի կարծիքով՝ մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական վերաբաժանում է տեղի ունենում, Հայաստանի իշխանություններն էլ քաղաքական վեկտորի կարծր ընտրություն են կատարել՝ ընտրելով պրոարևմտյան ուղղությունը, ինչին Ռուսաստանը հակոտնյա է։ Ռուսաստանը հայտարարված է թշնամի և ամեն ինչ արվում է Ռուսաստանը հրեշացնելու և հատկապես հայ ընտրողին, որի ձայնը վճռորոշ է լինելու ընտրություններում, ներշնչելու հանրավոր թշնամու կերպար։
ԱԺ պատգամավոր և ՄԱՍԿ կուսակցության նախագահ Հովիկ Աղազարյանը Եվրոպական վախերը կեղծ օրակարգ է համարում․ «1990-ական թվականներից դեռ քաղաքական դաշտում եղել են ուժեր, որոնք Հայաստանի ապագան, զարգացումը կապել են Ռուսաստանի հետ՝ նպատակահարմար համարելով ՌԴ-ի հետ ընդլայնված համագործակցությունը։ Սրանում որևէ դավադրություն չկա։ Եվ Ռուսաստանի հետ Հայաստանի հարաբերությունները ռազմավարական դաշինքային պարտավորությունների շրջանակում է։ Այդ ուժերին համարում են ռուսամետ։ Նույն տրամաբանությամբ կան նաև քաղաքական ուժեր, որոնք Արևմուտքի հետ կապված իրենց սպասելիքների ու իղձերի համար եվրոպամետ ուժեր են համարվում։ Եվ Կայա Կալասի՝ արտաքին միջամտությունների մասին հայտարարությունները, Ռուսաստանի ուղղությամբ որևէ հիմք չունեն»։
Փոխարենը պատգամավորը համոզված է, որ խորհրդարանական ընտրություններին միջամտելու լուրջ սպառնալիքներ կան, բայց բոլորովին այլ աշխարհագրական տարածքներից․ «Մենք ունենք արտաքին ուղղակի միջամտությունների լուրջ սպառնալիքներ Թուրքիայից և Ադրբեջանից։ Եթե կուզեք՝ նաև այդ նույն Եվրամիությունից ու ԱՄՆ-ից։ ԱՄՆ-ն էլ, Թուրքիան էլ, Ադրբեջանն էլ հայտնել են իրենց ցանկությունը Նիկոլ Փաշինյանի և նրա թիմի վերարտադրության մասին։ Սա ինչու միջամտություն չի ընկալվում։ Փաշինյանի թիկունքին կանգնած են Ամերիկան և Եվրոպան, աջ թևում՝ Թուրքիան, ձախում՝ Ադրբեջանը, դա հզոր ուժ է և Փաշինյանին վերարտադարվելու լուրջ հնարավորություններ է տալիս»։
Այդ դեպքում ընդդիմությունն ընտրություններին հաղթելու ինչ շանսեր ունի։ Հետաքրքրվեցինք Հովիկ Աղազարյանից, ինչին ի պատասխան նա ասաց, որ հավաքական հաղթանակի հասնելու ճանապարհային քարզետ են ներկայացրել իր ղեկավարած կուսակցության անունից՝ հաշվի առնելով անցյալի ընտրական փորձառությունը։
«Այդ քարտեզի իրականացման դեպքում «Մեր ձևով» շարժումը կկարողանա իշխանության գալ՝ անկախ նրանից՝ իրենց համակրում ենք, թե ոչ։ Այսօր ընդդիմադիր դաշտում ամենաշատ ներուժն այդ շարժումն ունի։ Եվ առաջին երկու ամենամեծ ներուժն ունեցող ուժերի համախմբման դեպքում «Գյումրի 2»-ը հնարավոր կլինի, ինչից այդքան սարսափում է այսօրվա իշխանությունը»։
Ըստ Հովիկ Աղազարյանի՝ «Գյումրի 2»-ի իրագործմանը կփորձեն իշխանությունները խոչընդոտել՝ Կայա Կալասի օգնությամբ, սակայն ճիշտ հաշվարկների ու քայլերի դեպքում դրանից կարելի է խուսափել։
Թագուհի Ասլանյան

Русский