Դրամի փոխարժեքը՝ այսօր
Եղանակը՝ այսօր
Տարածաշրջան Միջազգային

ԱՄՆ հետախուզությունն ասել է, որ Իրանի կառավարությունը փլուզման վտանգի տակ չէ․ Reuters

Blog Image

ԱՄՆ հետախուզությունը ցույց է տալիս, որ Իրանի ղեկավարությունը դեռևս մեծ մասամբ անփոփոխ է, ԱՄՆ-ի և Իսրայելի՝  մոտ երկու շաբաթ տևած անդադար ռմբակոծություններից հետո շուտով փլուզման վտանգի տակ չէ, գրել է Reuters-ը՝ հղում անելով թեմային ծանոթ երեք աղբյուրների։

Հետախուզական «բազմաթիվ» զեկույցներ «հետևողական վերլուծություն են տալիս այն մասին, որ ռեժիմը փլուզման վտանգի տակ չէ» և «պահպանում է իրանական հանրության վերահսկողությունը, ասել է աղբյուրներից մեկը։

Աղբյուրը նշել է, որ վերջին զեկույցը պատրաստվել է վերջին մի քանի օրերի ընթացքում։

Հետախուզական զեկույցը ընդգծում է Իրանի հոգևոր ղեկավարության համախմբվածությունը՝ չնայած Գերագույն առաջնորդ այաթոլլահ Ալի Խամենեիի սպանությանը փետրվարի 28-ին՝ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածների առաջին օրը։

Իսրայելցի բարձրաստիճան պաշտոնյան Reuters-ին ասել է, որ փակ քննարկումների ժամանակ իսրայելցի պաշտոնյաները նույնպես ընդունել են, որ չկա որևէ վստահություն, որ պատերազմը կհանգեցնի հոգևոր կառավարության փլուզմանը։

Աղբյուրները շեշտել են, որ իրավիճակը տեղում փոփոխական է, և Իրանի ներսում դինամիկան կարող է փոխվել։ Ազգային հետախուզության տնօրենի գրասենյակն ու Կենտրոնական հետախուզական գործակալությունը հրաժարվել են մեկնաբանություն տալ։ Սպիտակ տունը անմիջապես չի արձագանքել մեկնաբանության խնդրանքին։

Send